ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանն ու Աննա Գրիգորյանը հուլիսի 3-ին հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
Ողջունելով պատվիրակության անդամներին Հայաստանի օրենսդիր մարմնում՝ Հայկ Մամիջանյանը շնորհավորել է հյուրերին ԱՄՆ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Հյուրերի խնդրանքով հայ պատգամավորներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին եւ իրավիճակին, Հայաստանի անվտանգային հարցերին, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին եւ դրանց կարգավորման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին, առկա մարտահրավերներին, մշակութային կոթողների՝ եկեղեցիների եւ վանքերի ոչնչացմանը կամ վերափոխմանը Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող սահմանազատման գործընթացին, օրենսդիր մարմնում քաղաքական ուժերի դասավորվածությանը, դատական համակարգի անկախության հետ կապված հարցերին:
Կարդացեք նաև
Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության պայմանագրի մասին՝ ընդդիմադիր պատգամավորներն անդրադարձել են Ադրբեջանի սաստկացող հռետորաբանությանն ու պահանջներին՝ մասնավորապես նշելով երկու երկրների միջեւ առկա խնդիրների կարգավորված չլինելը՝ ՀՀ օկուպացված տարածքներ ադրբեջանական զինված ուժերի կողմից, գերիների եւ ռազմագերիների առկայություն ադրբեջանական բանտերում, անվտանգության երաշխիքների եւ երաշխավորի բացակայություն:
Անդրադարձ է եղել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
ՀՀ Ազգային ժողով