Լրահոս
Խղճի պարտք…
Օրվա լրահոսը

Միրզոյանը Վրաստանի խորհրդարանի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումները

Հուլիս 03,2024 19:40

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև խորհրդարանի առաջին փոխնախագահ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գեորգի Վոլսկին։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է.  «Հայ-վրացական բարեկամությունը դարերի պատմություն ունի, բայց այսօր, այս փուլում մենք ականատես ենք լինում երկու ինքնիշխան պետությունների միջև ռազմավարական գործընկերության զարգացմանը, և ես լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք նոր՝ շոշափելի արդյունքների՝ ի շահ մեր ժողովուրդների, ի շահ տարածաշրջանում բարեկեցության։»

Խորացող բարձր մակարդակի երկխոսությանը զուգահեռ Արարատ Միրզոյանը և Շալվա Պապուաշվիլին անդրադարձ են կատարել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի, մարդկանց միջև շփումների խթանման ուղղությամբ սերտ համագործակցության հետագա զարգացմանը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև խորհրդարանական դիվանագիտության, այդ թվում՝ միջխորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցության դերը:

Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ։

Անդրադառնալով տարածաշրջանային կայունության հարցերին՝ նախարար Միրզոյանը Վրաստանի խորհրդարանի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումները՝ սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները։

Արևելքի և արևմուտքի, հյուսիսի և հարավի միջև կամուրջ լինելու հնարավորության շեշտադրմամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման կարևորությունը, ինչը կարող է նաև մեծապես ավելացնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության կառուցման հեռանկարները։

Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031