ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 15-ին, ժամը 10:30-ին: Իսկ այսօրվա նիստի ավարտին գեներալի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Aravot.am-ին ասաց. «Ներկա պահին գտնվում ենք վկաների հարցաքննման փուլում, որի ընթացքում պարզ դարձավ, որ բոլոր վկաները ըստ էության կամ նշում են, որ Սուսաննա Գասպարյանը՝ պարոն Վլադիմիր Գասպարյանի կինը, թե ոստիկանության, թե ռազմական ոստիկանության համակարգում աշխատելու ժամանակահատվածում ոչ միայն գրանցված է եղել որպես աշխատող, այլեւ աշխատել եւ իրականացրել է համապատասխան գործառույթներ: Գրեթե բոլոր վկաները դրա մասին շատ հանգամանալից նշում են:
Ինչ վերաբերում է մյուս վկաներին, որոնք տիկին Գասպարյանին չեն ճանաչել եւ չեն տեսել, դա եւս բնավ չի նշանակում, որ տիկին Գասպարյանը չի աշխատել այդ համակարգում: Նա ոստիկանության համակարգում զբաղեցրել է ավագ ռեֆերենտի պաշտոնը, որի աշխատանքն առաջին հերթին եղել է չնորմատիվացված, ինչը նշանակում է, որ պարտադիր չէ, որ աշխատանքը կատարվեր բացառապես ֆիզիկապես ներկա գտնվելով աշխատանքի վայրում, ինչպես նաեւ ավագ ռեֆերենտը ունեցել է կոնկրետ գործառույթային պարտականություններ ոստիկանապետի բանավոր հանձնարարությամբ: Օրինակ, տվյալ պարագայում տիկին Գասպարյանը ոստիկանության համակարգում զբաղեցնելով ավագ ռեֆերենտի պաշտոնը՝ մշակույթի կենտրոնում իրականացրել է որոշակի գործառույթներ համերգների կազմակերպման հետ կապված, պատվիրակությունների ընդունելության եւ այլ միջոցառումներին բնորոշ կազմակերպչական գործառույթներ:
Նույնը՝ ռազմական ոստիկանությունում աշխատելու ժամանակահատվածում, թեեւ ֆորմալ գրանցված է եղել զորամասը ինքնակամ լքածների (ԶԻԼ) բաժնում, սակայն գործուղված է եղել այլ գործառույթային պարտականությունների կատարման՝ համապատասխան միջոցառումների կազմակերպման հետ կապված:
Ինչպես նկատվեց, որեւէ վկա որեւէ ձեւով չբացառեց, որ Սուսաննա Սարդարյանը, որն այն ժամանակ այդ ազգանունն է կրել, որ առհասարակ աշխատած չլինի: Կրկնում եմ, որեւէ վկա դա չբացառեց: Կան վկաներ, որոնք դրա մասին տեղեկություն չունեին եւ օբյեկտիվորեն կարող էին այդ տեղեկությունը չունենալ: Բայց այդ տեղեկությունը չունենալը չի նշանակում, որ տվյալ անձը տվյալ ժամանակահատվածում տվյալ գործառույթային պարտականությունները չի կատարել: Շատ հստակ է. բոլոր վկաները չեն տալիս ցուցմունքներ, որոնք կմերկացնեն հանցանքի կատարման մեջ: Հակառակը, տալիս են ցուցմունքներ, որոնք արդարացնող բնույթի են, կամ տալիս են այնպիսի տեղեկություններ, որոնք մտնում են արդեն չփարատված կասկածի դաշտ: Իսկ չփարատված կասկածի դեպքում, բոլորս շատ լավ գիտենք, որ ըստ օրենքի դա պետք է մեկնաբանվի հօգուտ մեղադրյալի»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ