Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը բավականին ագրեսիվ էր, վնասել է մատնեմատս. ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում

Հուլիս 03,2024 19:07

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ՝ հուլիսի 2-ին, հանցագործության մասին հաղորդում է տվել: Տիկին Փոստանջյանը պատմել է, որ նույն օրը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանի մուտքի մոտ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ, փաստաբան Արման Ներսիսյանը վնասվածքներ է իրեն պատճառել:

Տիկին Փոստանջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արման Ներսիսյանը նոր փաստաբան է ներգրավված Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի գործով դատաքննությանը. «Ես իրեն չեմ ճանաչում,  փաստաբանական համայնքին հայտնի չէ: Միայն ճշտել եմ, որ նոր է ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր: Երեկ առաջին անգամ ներկայացավ դատավարությանը, որը արդեն 4 տարի է ընթանում է: Նիկոլն ինձ դատի է տվել, որ ես իբրեւ թե իրեն զրպարտել եմ, որ ասել եմ՝ գործակալ է, հողերը հանձնել է հատուկ պայմանավորվածության ներքո: Դրա դիմաց գումարներ է ստացել ու նախորդ իշխանություններն են իրեն բերել, մտցրել խորհրդարան: Այդ բառերի համար իմ դեմ հայց է  ներկայացրել: Միակ հայցն է իր կողմից  ներկայացված որեւէ քաղաքացու դեմ: Նրա նախորդ փաստաբանը Դավիթ Հունանյանն էր, որը բավականին զուսպ անձնավորություն էր, վարքագծով պարկեշտ ու այս չորս տարիների ընթացքում ոչ մի խնդիր չի հարուցել: Երեկ նոր մեկին էր ուղարկել, նոր լիազորագրով: Բավականին ագրեսիվ անձնավորություն էր, ավելորդ խոսում էր, երբ փորձ արեցի լուսանկարահանել, հարձակվեց վրաս, հեռախոսս վերցրեց, պահեց իր մոտ, հետո դատական կարգադրիչին էր փոխանցել, որը ինձ վերադարձրեց»:

Տիկին Փոստանջյանը այս դեպքով, իրավապահներին նաեւ հայտնել է, որ իր վրա հարձակման ժամանակ փաստաբանը դիտավորյալ վնասել է իր ձեռքի մատնեմատը՝ պատճառելով իրեն ֆիզիկական ցավ.

«Ասում էր՝ իմ անձնական տվյալներն եք վերցնում, իրավունք չունեք ինձ նկարել, այսպիսի բաներ էր ասում»:

Բացի հանցագործության մասին հաղորդում տալուց, տիկին Փոստանջյանը փաստաբանների պալատ բողոք դիմում է ուղարկել, որ նրան զրկեն փաստաբանական արտոնագրից:

Փորձեցինք կապ հաստատել նաեւ Արման Ներսիսյանի հետ, սակայն վերջինս  մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031