Հուլիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների կրտսեր անդամներին՝ առաջնորդությամբ Քլիվլենդի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հրաչ քահանա Սարգսյանի։
Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ Տեր Հայրն իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` նշելով, որ պատանիները Հայաստան են այցելել իրենց ուխտը վերանորոգելու և կամավորական ծրագրերին մասնակցություն բերելու համար։
Հայոց Հովվապետը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին, ընդգծեց, որ պատանիների այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին լավագույն հնարավորություն է ընձեռնում նրանց ճանաչելու Հայրենիքը, զորացնելու հայրենասիրական ոգին ու հավատի ապրումը։ Այս առիթով Նորին Սրբությունը պատգամեց պատանի ուխտավորներին առավել ամրացնել ազգային ինքնության գիտակցությունը և նախանձախնդրությունն ազգային արժեքների նկատմամբ՝ դրանք դարձնելով իրենց կյանքի հիմն ու հայրենանվեր առաքելության շարժիչ ուժը։
Մայր Աթոռ Ս. Էջմիածին