Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունների դիրքորոշում կարող է լինել՝ COP 29 -ին բարձրաստիճան մակարդակով չմասնակցել, քանի դեռ այնտեղ կան գերիներ»․ Սոնա Ղազարյան

Հուլիս 03,2024 16:40

«Մենք այս պահին շատ հավակնոտ երկու ծրագրի համար դիմել ենք ԵՄ-ին․ դա վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկն է, որի շուրջ չկա կոնսենսուս»,- այսօր այս մասին հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով համաժողովի ժամանակ։

Նա մանրամասնեց․ «Մեզ հայտնի պատճառներով, սկզբում բարեկամ պետությունն էր՝ աջ կուսակցության ղեկավարմամբ, որ ուներ վերապահումներ։ Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները մենք պետք է ունենանք, որովհետեւ, եկեք արձանագրենք, որ եթե Բուլղարիայի վետոյի կիրառմամբ վիզաների ազատականացման երկխոսությունը չի ստացվում, հանրաքվեի (խոսքը՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի մասին է-Ն․ Գ․) շատ հարցեր, առնվազն պատասխաններ չեն ունենալու։ Այո, ապրիլի 5-ը, որոշ չափով պատասխանն էր Հայաստանի վարչապետի ելույթի, բայց նաեւ, գործադիրի մակարդակով կան հարցեր, որոնց պատասխանները դեռ չեն հնչել եւ դրանց պատասխանները շատ կարեւոր են»։

Իշխող ուժի ներկայացուցիչը հավաստիացրեց, որ սրանից զատ՝ իրենց իշխանությունը շարունակում է «եվրաինտեգրման մեր շատ հավակնոտ օրակարգը»։

Սոնա Ղազարյանն, ի դեպ, ներկուսակցական քննարկումներում առաջարկում է նաեւ եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետի հաստիք ունենալ կառավարությունում, ինչը կառավարության կողմից, հստակ քաղաքական դիրքորոշման արտահայտություն կարող է լինել։

Նա հավաստիացրեց, որ ՔՊ-ի հետ շանտաժի լեզուն չի աշխատելու եւ 2008-ի փորձը՝ ԵՄ գնացող Հայաստանի՝ մեկ գիշերում ԵԱՏՄ-ում հայտնվելը, չի կրկնվելու, ՔՊ-ական կառավարության կայացրած որոշումներն անշրջելի են լինելու։ Նա նաեւ հայտարարեց, որ սեպտեմբերի 3-ի որոշման առաջ Սերժ Սարգսյանը կանգնել են ոչ այնքան շանտաժի արդյունքում, որքան իր ոչ լեգիտիմ ղեկավար լինելու արդյունքում։

Ավելի ուշ, Սոնա Ղազարյանը պատասխանելով աշնանը՝ Ադրբեջանում կայանալիք COP 29 -ին այլ պետությունների մասնակցության մասին հարցին էլ, հայտարարեց, որ COP 29-ի շուրջ դեկտեմբերյան բանակցությունները իբրեւ հաջողություն է գնահատում, քանի որ առաջնությունը տրվել է մարդուն եւ գերիների վերադարձով երկկողմ բանակցություններ են եղել․ «Ես շատ կարեւոր եմ համարում, որ ժողովրդավար պետությունները հստակ դիրքորոշում հայտնեն մինչեւ COP 29-ը, Բաքու մեկնելը։ Պետությունների դիրքորոշում կարող է լինել՝ COP 29 -ին բարձրաստիճան մակարդակով չմասնակցել, քանի դեռ այնտեղ կան գերիներ, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրում առաջընթաց չկա եւ այլն։ Իմ արեւմտյան գործընկերների հետ շփման արդյունքում զգում եմ, որ այդ տենդենցն առկա է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031