Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ում ներդրվել է թվային հետախուզության գերժամանակակից գործիքակազմ

Հուլիս 03,2024 16:22

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդրվել է թվային հետախուզության գերժամանակակից գործիքակազմ։ Կոմիտեում, հուլիսի 3-ին, տեղի է ունեցել թվային հետախուզության լաբորատորիայի (ԹՀԼ)  պաշտոնական բացումը։ Լաբորատորիան ստեղծվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Հարկը հանուն կայուն զարգացման» նախաձեռնության շրջանակում։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՄԱԿ զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդը, ինչպես նաև ՀՀ կառավարության, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և դիվանագիտական առաքելությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կարևորել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ հարկային վարչարարության բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերի համատեղ իրականացումը, նշելով, որ  թվային հետախուզության լաբորատորիայի հիմնադրումը հաջողված նախաձեռնություններից մեկն է։ «Ժամանակակից թվայնացված աշխարհում հարկային հանցագործությունների և իրավախախտումների բնույթի փոփոխությամբ պայմանավորված՝ դրանց բացահայտումն էականորեն բարդացել է, ինչն էլ ստիպում է ներդնել թվային հետախուզության առավել արդիական գործիքակազմ։ Թվային հետախուզության լաբորատորիան առանցքային դեր է խաղում հարկային հանցագործությունների բացահայտման ընթացքում թույլատրելի թվային ապացույցների հավաքագրման և դրանք դատարանում ներկայացնելու գործում, ինչը մեծապես նպաստում է ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարին»,-ընդգծել է ՊԵԿ նախագահը։

ՄԱԿ զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ևս կարևորել է այս նախաձեռնության նշանակությունը՝ հարկերից խուսափելու, խարդախության և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում․ «Թվային հետախուզության լաբորատորիայի բացումը լիարժեք համապատասխանում է «Հարկը հանուն կայուն զարգացման» նախաձեռնության նպատակներին։  Մենք կարծում ենք, որ լաբորատորիան կշարունակի ավելի զարգացնել և ընդլայնել ՊԵԿ կարողությունները` արդյունավետ հասցեագրելու հարկային հանցագործությունները, կանխելու և կարգավորելու ֆինանսական ապօրինի հոսքերը, այս կերպ նպաստելով պետական ռեսուրսների մոբիլիզացմանը»:

Պետական եկամուտների կոմիտեում թվային հետախուզության լաբորատորիայի բացումը հեռավար ողջունել են նաև   ՏՀԶԿ «Հարկային տեսուչներն առանց սահմանների» ծրագրի և «Հարկեր և հանցանքներ» պորտֆելի ղեկավար պարոն Մարկոս Ռոքան և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ռեգիոնալ ծրագրի մասնագետ տիկին Նատալիա Պուշկարևան: ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդն ընդգծել է, որ թվային հետախուզության լաբորատորիայի բացումը զգալի ազդեցություն կունենա հարկային հանցագործությունների կանխման գործում, ինչպես նաև կխթանի կոռուպցիայի կանխարգելումը: Հայաստանում «Հարկը հանուն կայուն զարգացման» նախաձեռնության ծրագրի միջազգային փորձագետ Վիջայ Գուպտայի դիտարկմամբ՝ Հայաստանում նորագույն թվային հետախուզության լաբորատորիայի հիմնումը զգալի մարտահրավերներ էր առաջացրել՝ առաջադեմ տեխնոլոգիաների մատակարարումից մինչև հմուտ կադրերի պատրաստում:

Պետական եկամուտների կոմիտեի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև հաստատված համագործակցության արդյունքում հուլիսի 3-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջև թվային հետախուզության լաբորատորիայի (ԹՀԼ) ստեղծման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր, որով սահմանվում է  թվային հետախուզության լաբորատորիայի ամբողջ ներուժն օգտագործելու համագործակցության շրջանակը։ Կողմերն ընդգծել են, որ փոխըմբռնման հուշագիրը գործակցության հետագա խորացման փոխադարձ պատրաստակամության վկայությունն է՝ ապահովելով թվայնացման ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները։

Թվային հետախուզության լաբորատորիան հագեցած է գերժամանակակից սարքավորումներով և ծրագրերով՝ ընդլայնելով ՊԵԿ-ի տեխնոլոգիական հնարավորությունները։ Լաբորատորիայում գործարկվող ծրագրային ապահովումը և նոր գործիքակազմը հարկային մարմիններին հնարավորություն են տալիս բացահայտել, փաստաթղթավորել, անխափան հավաքագրել և նույնականացնել, ինչպես նաև մշակել և վերլուծել էլեկտրոնային սարքերում և կրիչներում պարունակվող թվային տվյալները, ինչը  կարևոր գործիքակազմ է էլեկտրոնային ապացույցների հետաքննության համար՝ մեծացնելով ՊԵԿ-ի կարողությունները հարկային իրավախախտումների դեմ պայքարում։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031