Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե եվրաինտեգրման չափանիշը ԵՄ անդամակցությունն է, ապա կարող է 2-3 կառավարություն էլ փոխվի ու դուք էլի ասեք՝ բայց չէ՞ որ նման չափանիշ էր դրված». Արման Եղոյան

Հուլիս 03,2024 16:18

Այսօր «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով համաժողովի ժամանակ ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Եղոյանը հիշեցրեց վարչապետ Փաշինյանի խոսքը, որ մենք պատրաստ ենք մոտենալ ԵՄ-ին այնքան, ինչքան ԵՄ-ն հնարավոր կհամարի:

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը, արձագանքելով նրան՝ ասաց. «Գնացող երկրներն են ուզում մտնել ԵՄ: Բացարձակ եւ կատեգորիկ դեմ եմ այդ հայտարարությանը, որ մենք պիտի սպասենք այնքան, որ Եվրոպան մեզ ասի, թե մենք ինչքան մոտենանք իրեն կամ ինչքան ինտեգրվենք: ԵՄ-ն բաց տարածք է եղել բոլոր երկրների համար, եթե համապատասխանել են: Դա, իհարկե, քաղաքական որոշում է, բայց երկիրն ինքն է սահմանում իր ձգտումների չափը»:

Նա ասաց, որ եթե Եվրոպան չի ասում՝ ինչքան մենք մոտենանք, մենք էլ չենք ասում՝ ինչքան մոտենանք, անորոշ սիրո նման մի բան է ստացվում. «Եկեք հասկանանք մի բան՝ ծրագրերը, որ իրականացվում են՝ մալուխներ, ատոմակայան եւ այլն, խոշոր ծրագրեր են, բայց ինտեգրումն էլ պիտի քանակական չափանիշներ ունենա: Մենք ամեն անգամ իշխանությանն ասել ենք՝ ինչո՞ւ չես խորացրել հարաբերություններդ ԵՄ-ի հետ, ասել են՝ ո՞վ ասաց՝ չեմ խորացրել, լավ էլ արել եմ: Դուք էլ եք ասելու, պարո՛ն Եղոյան, դուք էլ եք ասելու ու մենք չենք կարողանալու ապացուցել, որ դա այն չափը չի, որը մեզ պետք է: Նախկիններն էլ են այդպես արել: Անգամ 2013-ի վթարից հետո մեր արտաքին քաղաքականության մեջ Սերժ Սարգսյանը ստորագրեց շրջանակային համաձայնագիր: Դա էլ էր կոչվում դիվերսիֆիկացիա: Միշտ էլ ասել են դիվերսիֆիկացիա, բայց ի՞նչ չափով: Եթե վաղը ասենք՝ չեք դիվերսիֆիկացրել, ասելու եք՝ բայց ո՞վ է ասել, մալուխը քաշել ենք, ատոմակայանը կառուցել ենք 3-րդ բլոկը: Մենք էլ CEPA ունեինք 2013-ից հետո, բայց ո՞ւր հասանք»:

Նա հորդորեց կոնկրետ քանակական չափանիշներ սահմանել:

A conference under the title of ‘RA-Eastern Partnership-EU. Partnership Challenges and Opportunities’ took place at the Holiday Inn Hotel of Yerevan, Armenia

ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Եղոյանը պատասխանեց. «Ճիշտ եք ասում, բայց միանգամից վերցնել ու ասել՝ այ էս չափանիշը՝ հենց հիմա պիտի դնես ԵՄ անդամակցությունը, եթե էդ է չափանիշը, ապա դա կարող է 2-3 կառավարություն էլ փոխվի ու դուք էլի ասեք՝ բայց չէ՞ որ նման չափանիշ էր դրված: Նիցշեն ասում էր՝ իմ կյանքում վերեւ բարձրանալուց առաջ ես հաճախ թռչում էի աստիճանների վրայով, դա ինձ ոչ մի աստիճան չէր ներում: Այստեղ նույն իրավիճակն է: Եթե դուք ուզում եք հասնենք ձեր ասած հանգրվանին, մենք ոչ մի աստիճանի վրայով պիտի չթռչենք, այլ արագ հասնենք այդ աստիճանին, բայց պիտի անցնենք, չենք կարող բաց թողել այդ աստիճանը, թե չէ կհայտնվենք Սերբիայի օրին, այլ պետությունների օրինակներն էլ կարող ենք բերել, որ ձեւի առումով արել են, համապատասխանեցրել են, բայց բովանդակության առումով նույնը մնացել է ու ԵՄ-ն ասում է՝ մինչեւ բովանդակությունն էլ ձեր հետեւից չբերեք, այդպես էլ մնացեք այդտեղ, սպասեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031