Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը նշեց, որ մեծ պատիվ է ամեն տարի աշխատել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ. «Այս փառատոնը ժամանակի ընթացքում մեծ հաջողության է հասել ու դարձել մեծ միջազգային կինոփառատոն»,-հավելեց նա՝ հրավիրված ասուլիսում:
«Փառատոնը հնարավորություն է տալիս երիտասարդ արվեստագետներին համաշխարհային մասշտաբով ճանաչում ձեռք բերել, ներկայանալի դառնալ: Ամեն տարի հնարավորություն է ստեղծվում աշխարհի հայտնի կինոգործիչների գալ Հայաստան, Հայաստանում անել ֆիլմերի պրեմիերաներ, նաեւ Հայաստան հրավիրել կինոգործիչների՝ տարբեր նախագծեր ձեռնարկելու համար»,-հավելեց Դավիդ Տյուրսը:
Կարդացեք նաև
Նա, ի թիվս այլնի, հիշեցրեց, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում կցուցադրվի Կատյա Կիրակոսյանի հեղինակած «Միսաք և Մելինե Մանուշյան» վավերագրությունը, որը նվիրված է ֆրանսիական դիմադրության շարժման կարկառուն գործիչներ Միսաք և Մելինե Մանուշյաններին:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդը հիշեցրեց, որ այս տարվա փետրվարի 21-ին Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինեի աճյունները մեծ հանդիսավորությամբ ամփոփվել են Փարիզի պանթեոնում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ