21-րդ անգամ կմեկնարկի «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնը:
«Ես երջանիկ եմ այս փառատոնով եւ երջանիկ եմ նաեւ ձեզանով, որ միասին ենք սկսել այս փառատոնը»,-այդ առիթով հրավիրված ասուլիսին նշեց «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը: Նա ասաց, որ այն երիտասարդները, որոնք նախկինում որպես կամավոր աշխատում էին «Ոսկե ծիրանում», այժմ ղեկավարում են փառատոնի կարեւոր նախաձեռնությունները:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի խոսքով, այս տարի եւս «Ոսկե ծիրանը» հյուրընկալելու է օսկարակիր եւ փառատոնային ամենաբարձր տիտղոսների ու ակնածանքների արժանացած արվեստագետների:
Կարդացեք նաև
Կարեն Ավետիսյանը ի թիվս այլնի՝ հիշեցրեց, որ «Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի։ Նա թվարկեց բոլոր հնչեղ անունները: Ասաց, որ փառատոնը կբացվի Ատոմ Էգոյանի «Յոթ քող» ֆիլմով:
Կարեն Ավետիսյանի ձեւակերպմամբ, կինոն համախմբող ուժ ունի, իսկ 21-րդ փառատոնը լի է կարեւոր շեշտադրումներով ու անակնկալներով: Ասաց, որ կապ է փառատոնը կապ է հանդիսանում աշխարհի եւ Հայաստանի կինոյի միջեւ:
Ասուլիսի ժամանակ աշխարհահռչակ դերասան Քեւին Սփեյսիին էլ անդրադարձ եղավ, որը «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է: Քանի որ նրան մեղադրում են անչափահաս տղաների հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ, հայաստանյան որոշ հկ-ներ դժգոհել էին, թե իբր կինոփառատոնը Սփեյսին հրավիրելով քաջալերում է բռնարարներին։
Կարեն Ավետիսյանը պատասխանելով այս մասին հնչած հարցին, ասաց, որ բռնությունը հավասարապես դատապարտելի է ամբողջ աշխարհում։ Նաեւ ընդգծեց. «Լավ չեմ պատկերացնում դա քաջալերելու մեզ ուղղված մեղադրանքը, քանի որ բուն նյութը, որով Սփեյսին ներկայանալու է, բացառապես կապված է իր մասնագիտական որակների և հմտությունների հետ։ Այսինքն` տուրք է տրվում ոչ թե Սփեյսիի մարդ տեսակին, այլ մասնագիտական գործունեությանը։
Մենք մարդկային որակների դաշտ չենք մտնում, քանի որ չունենք դրա իրավունքը և համապատասխան գիտելիք, ինչպես եւ չունեն քննադատողները։ Եթե մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, որ կան դատական ատյաններ, որոնք հանձնառություն ունեն հարցին լուծում տալու, անկախ մեր եւ ձեր վերաբերմունքից, անձնական վերլուծություններից, պետք է դրանց հետեւել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ