Լրահոս
Օրվա լրահոսը

«Անվտանգության ոլորտում մեծ հաջողություններ ունենք դիվերսիֆիկացիայի հարցում, բայց նույնը չենք կարող էկոնոմիկայի ոլորտում». Արմեն Գրիգորյան

Հուլիս 03,2024 15:14

Այսօր «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով համաժողովի ժամանակ Ստեփան Գրիգորյանը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ասաց, որ շատ է գնահատում անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիան, բայց արդյոք էկոնոմիկայի ոլորտում կա դիվերսիֆիկացիա:

Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Անվտանգության ոլորտում մեծ հաջողություններ ունենք դիվերսիֆիկացիայի հարցում, բայց նույնը չենք կարող ասել էկոնոմիկայի ոլորտում: Բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման համար մեծ աշխատանք է տարվում: Օրինակ, նոր ատոմակայանի հետ կապված կան քննարկումներ: Մենք հիմա ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտն ապահովելու հարցը, հիմա գնդակը ԱՄՆ դաշտում է: Հետո մենք կսկսենք աշխատել: Կան հարցեր, որ կարճաժամկետ են, հուսով ենք, առաջընթաց կունենանք»:

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահն էլ հարցրեց՝ մենք խղճուկ գյուղատնտեսություն ունենք ու հիմնականում անորակ պանիր ենք արտահանում ՌԴ, պարոն Գրիգորյան, դուք ո՞նց եք պատկերացնում գյուղատնտեսության վիճակը՝ ԵՄ մտնելու ճանապարհին, մենք սակավահող երկիր ենք, ունեք 442 հազար հա վարելահողեր, որոնք սխալ իրականացվող ագրարային քաղաքականության հետեւանքով 300 հազար հա-ն չի մշակվում, դարձել է ոչ պիտանի, դա հանցագործություն է»:

Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ ԵՄ-ի ներսում էլ քննարկումներ կան գյուղատնտեսության հարցում ու պետք է հասկանան, թե ինչ լուծումներ են տալու. «ՀՀ ժողովրդավարությունը առաջնահերթ կապված է Հայաստանի ժողովրդից, հասարակությունից: Առաջնահերթը մենք ենք, եթե ինտեգրացիոն պրոցեսներից կախված լիներ ժողովրդավարությունը, 2018-ը կարող է եւ տեղի չունենար, կամ 2021-ի ազատ եւ արդար ընտրությունները: Մեր մտածողությունն այնպիսին է, որ մեր բեռը հաճախ փորձում ենք ուրիշների վրա տեղափոխել, դրա ողբերգությունը տեսել ենք 2020-ին եւ 2020-ից շարունակական»:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի խնդիրներին, Արմեն Գրիգորյանն ասաց, որ 2018-ից շատ առաջընթացներ են գրանցել:

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը հարցրեց. «ՀՀ իշխանություններն ասում են, որ ընթանում է համաշխարհային պատերազմ եւ ՌԴ-ի կողմից հիբրիդային պատերազմ՝ ՀՀ-ի դեմ ու Հայաստանը հենց այստեղ է խոցելի՝ հաշվի առնելով ռուսական աննորմալ ներկայությունը մեր երկրում, որը չենք կարող օբյեկտիվորեն հաշվի չառնենք: Պետական ապարատի ո՞ր մասն է առավոտվա ժամը 8-ից մինչեւ երեկոյան ժամը 8-ը գալիս գործի՝ միայն եվրաինտեգրման հարցով, զբաղվում են ձեռի հետ: Ունենք փոխվարչապետ, որը զբաղվում է ամեն ինչով, ձեռի հետ էլ էս հարցով: Չունենք նախարարություն այս հարցով, նախարարություններում չունենք եվրաինտեգրման վարչություններ: Ձեր մոտեցումը ո՞րն է»:

ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Եղոյանը պատասխանեց. «Ձեր առաջարկը տեղին է, պարոն Մեհրաբյան: Մենք այդ առումով ունենք խնդիր եւ այո կարծում եմ, որ գործադիր մարմնում պիտի լինի մի առանձնացված գրասենյակ, նախարարություն, որեւէ ձեւաչափով առանձնացված մարմին, որը հատուկ պատասխանատու կլինի եվրոպական ինտեգրման հարցերի համար, որտեղ օրենքները ԱԺ բերելուց առաջ կնայեն, դրանց համապատասխանությունը CEPA-ով մեր ստանձնած պարտավորություններին ու մեր ապագա նպատակադրումներին: Վիճելու տեղ չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031