ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Գոնդրաչյանը՝ Արմենչիկը, մեծ համերգային շրջագայություններով Ռուսաստանի Դաշնությունում էր։ Արտիստն իր երաժշտական բենդի հետ անմոռանալի ժամեր պարգևեց ՌԴ-ում բնակվող հայ և օտարերկրացի հանդիսականի համար։
«Ռուսաստանի դաշնությունում մեր առաջին համերգային կանգառը Մարտի 1-ին ՝ Կրասնոդարում էր, որտեղ «Օլիմպ» համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում սպասված ու անկրկնելի համերգային հանդիպում ունեցանք»,- մեզ հետ զրույցում պատմեց դաշնակահար Էդգար Հայրապետյանը, որը հանդիսանում է Արմենչիկի երաժշտական խմբի ղեկավարը։
Նույնքան սպասված ու լեցուն դահլիճներով են ընթացել նաև մարտի 2-ին Դոնի Ռոստով քաղաքի «Էքսպրես» և մարտի 3-ին Պյատիգորս քաղաքի «Սոֆիա» համերգասրահներում կայացած մեծ համերգային շոու ծրագրերը։ Էդգարի փոխանցմամբ, ՌԴ-ի երեք քաղաքներում էլ հանդիսատեսն այնքան ջերմ ու կարոտած է ընդունել, Արմենչիկին ու երաժշտական խմբին, որ չդադարող բրավոների ու ծափահարությունների ներքո Արմենչիկը խոստացել է կրկին վերադառնալ։
Ի դեպ, ռուսաստանյան համերգային շրջագայությունների ժամանակ, որպես հյուր հանդես է եկել նաև երգիչ Արկադի Դումիկյանը և Արմենչիկի հետ կատարել են հայտնի՝ «Мой друг» զուգերգը։
«Մոսկվայի «Live arena» համերգային մեծ դահլիճում անկրկնելի ու շքեղ համերգային ծրագրով մարտի 10-ին ավարտեցինք ռուսաստանյան համերգային շրջագայությունը։ Մոսկվայի հանդիսատեսը դեռ երկար կհիշի Արմենչիկի այդ համերգը, քանի որ հանդիսատեսն իրոք վայելեց սիրված կատարումները հենց արտիստ կենդանի կատարմամբ ու գեղեցիկ երաժշտական հնչողությամբ»,- վստահեցրեց Էդգար Հայրապետյանը։
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, ՀՀ վաստակավոր արտիստը շարունակում է առանց դադարի համերգային հաջողված շրջագայություններ գրանցել․ «Մարտի 24-ին Լոս Անջելեսի «Յութուբ» թատրոնում գրանցեցինք Արմենչիկի հետ համատեղ երաժշտական կարիերայի ընթացքում մեծ ու դեռ նման չունեցող մի աննկարագրելի համերգային ծրագիր, որին նույնպես պատիվ ունեցա մասնակից լինել որպես դաշնակահար և ղեկավարեցի երաժշտական խումբը»,- շեշտեց ստեղնաշարային գործիքների վարպետն ու ընդգծեց, որ այս համերգային ծրագրով Արմենչիկն առաջին հայն է, որ նման ծավալի համերգ է ունեցել «Յութուբ» թատրոնում։
Դաշնակահար Էդգար Հայրապետյանի համար Արմենչիկի այդ համերգային ծրագիրը կրկնակի տոն դարձավ, քանի որ Կալիֆորնիա նահանգի սենատի կողմից արժանացավ սերտիֆիկատի․ «Իմ երաժշտական ստեղծագործական գործունեության 35-ամյակի կապակցությամբ Կալիֆորնիա նահանգի սենատի կողմից ամիսներ առաջ էի արժանացել սերտիֆիկատի, սակայն այն ինձ հանձնելու լավագույն առիթն ու միջավայրը դարձավ այս մեծ համերգային ծրագիրը։ Այն, ինչ-որ տեղ նաև սիմվոլիկ էր, քանի որ Արմենչիկի կարիերայի գրեթե սկզբից ղեկավարել եմ նրա երաժշտական բենդն ու կարելի է ասել առանց ինձ նրա ոչ մի մենահամերգ տեղի չի ունեցել»,- մտաբերեց Էդգարն ու հավելեց․ «Սերտիֆիկատում նրանք նախ շնորհավորել են շնորհավորել են իմ երաժշտական ձեռքբերումների ու ստեղծագործական գործունեության 35-ամյակը, ապա մասնավորապես ընդգծել․ «Դուք Ձեր գործունեությամբ ոգեշնչում եք ամբողջ աշխարհի արվեստագետներին: Ուստի մաղթում ենք շարունակական հաջողություններ՝ Ձեր հետագա գործունեության մեջ»։ Իհարկե, ինձ համար մեծ պատիվ է, նման գնահատականի արժանանալ Կալիֆորնիայի սենատի կողմից և հետո՝ սա եռակի անգամ պարտավորեցնող է, որ էլ ավելին անեմ իմ հետագա գործունեության ընթացքում»,-խոստացավ դաշնակահարը։
Անդրադառնալով առաջիկա նոր նախագծերին ու համերգային ծրագրերին Էդգար Հայրապետյանը տեղեկացրեց, որ հուլիսի 5-ից-7-ը կմասնակցի Կանադայի Տորոնտո քաղաքում կայանալիք ամենամյա «Summer fest»-ին, որտեղ որպես երաժիշտ կնվագակցի անվանի արտիստներ ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի և երգիչ Արաբո Իսպիրյանի համերգային օրերին։ Իսկ ՀՀ վաստակավոր արտիստ Արմենչիկի համերգային ծրագրում, ինչպես միշտ ոչ միայն կնվագակցի, այլ կղեկավարի երաժշտական խումբը։
Լուսինե Դավթյան