Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր ձախողման մեջ ինքդ ես մեղավոր: Ամեն ինչ քո ձեռքերում է. Արսեն Հարությունյան

Հուլիս 03,2024 13:08

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

Արսեն, ի՞նչ տրամադրվածությամբ և ի՞նչ մարզավիճակում եք մոտենում Փարիզի խաղերին:

-Տրամադրվածությունը հիանալի է, մարզումները ևս շատ լավ են անցնում, կարևորը՝ առանց վնասվածքների: Մնացածը՝ Փարիզի գորգը ցույց կտա:

Այս ընթացքում ի՞նչ նախապատրաստություն եք անցել, ինչի՞ վրա եք ավելի շատ աշխատել:

-Ուսումնամարզական շատ հավաքներ ենք անցկացրել, ֆիզիկական մեծ աշխատանք ենք կատարել, տեխնիկապես ենք փորձել բարելավվել: Եվրոպայի առաջնությունից հետո, եթե եղել են սխալներ, մարզիչների օգնությամբ փորձել ենք դրանք շտկել: Հուլիսի սկզբին ևս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնենք Վրաստանում, ապա նորից մարզումները կշարունակենք Օլիմպավանում:

Փարիզ-2024-ը Ձեր երկրորդ Օլիմպիական խաղերն են լինելու: Եթե հետհայացք գցենք, ինչը՞ չստացվեց Տոկիոյում: Ու այդ խաղերից հետո որքանո՞վ եք փոխվել՝ թե՛ որպես մարզիկ, թե ՛ որպես անհատ:

-Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցեցի շատ երիտասարդ տարիքում: Թույլ տվեցի սխալներ, որոնց միակ պատասխանատուն ես եմ: Այնքան էլ լավ չէի նախապատրաստվել, մարզումներս թուլացրել էի: Անկասկած, այդ խաղերից հետո շատ եմ փոխվել: Առհասարակ, երեք տարվա ընթացքում շատ բաներ են փոխվել թե՛ իմ կյանքում, թե՛ սպորտում, թե՛ բնավորությանս մեջ: Մարդն ամեն օր մի բան է սովորում ու հասունանում է: Հիմա ավելի վստահ ու հասուն գոտեմարտեր եմ անցկացնում: Հասկացել եմ, թե որտեղ եմ թերացել ու փորձել եմ դրանք ուղղել:

Ինքնաքննադա՞տ եք:

-Կարծում եմ՝ յուրաքանչյուր ձախողման մեջ դու ինքդ ես մեղավոր: Ամեն ինչ քո ձեռքերում է, ու պետք չէ մյուսներին մեղադրել: Եթե ինչ-որ բան սխալ ես արել, պետք է ուղղես:

Փարիզի Օլիմպիական խաղերը Ձեզ համար ինչո՞վ են առանձնանում:

-Այս պահին նախապատրաստվում եմ այնպես, ինչպես աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին: Ամեն ինչ պետք է անեմ լավագույնս հանդես գալու և բարձր արդյունքներ գրանցելու համար:

Ձեր քաշային կարգում գրեթե բոլոր մրցակիցներին ճանաչում եք: Ինչպիսի՞ պայքար եք ակնկալում:

-Այո, բոլորին ճանաչում եմ, գրեթե բոլորի հետ գոտեմարտել եմ: Եղել է, որ հաղթել եմ, եղել է՝ պարտվել: Մրցման օրն ով ավելի լավ վիճակում եղավ, նա էլ կհաղթի: Հաղթելու է նա, ով այս տարիների ընթացքում ճիշտ աշխատանք է կատարել, չի թուլացել ու լավ է մարզվել: Ամեն ինչ ցույց կտա մրցագորգը:

Բլից հարցեր

Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

-Բեսիկ Կուդուխովի, որը, ցավոք, այլևս կենդանի չէ:

Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:

-Նման խորհուրդներ շատ են եղել:

Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

-Լավ մարդ մնալ:

Ձեր կյանքի կանոնները:

-Լինել ճշտապահ:

Ինչի՞ց եք վախենում:

-Վախեր չունեմ:

Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:

-Աստծուն:

Ի՞նչ վերնագիր կունենար Ձեր մասին գիրքը:

-Երևի՝ «Չհանձնվողը»:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031