«Ես այն կարծիքին եմ, որ Արեւելյան գործընկերությունը հաջողված է»,- «ՀՀ-Արեւելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերները եւ հնարավորությունները» թեմայով համաժողովի ժամանակ կարծիք հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ գործընկերությունը բազմաթիվ դրական արդյունքներ ունի։
«15 տարի առաջ, երբ Արևելյան գործընկերությունը ստեղծվում էր, հիմնականում հետխորհրդային երկրները ավելի շատ իրար նման էին, բայց 15 տարիների ընթացքում մեծ փոփոխություններ են եղել, և երևի հիմնական պահանջն այն է, որ անհատական մոտեցում լինի բոլոր անդամ երկրներին»,- ասաց նա՝ նաեւ ընդգծելով, որ Արևելյան գործընկերությունը դիմակայունության ուղղությամբ օգնում է Հայաստանին։
Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Անվտանգության խորհուրդը հաստատել է համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի հայեցակարգը, այժմ աշխատում են գործողությունների պլանի վրա․ «ՀՀ-ն վերջին տարիներին աշխատում է իր դիմակայունությունը բարձրացնելու վրա և դիմակայունության կոնտեքստում մենք շատ ենք կարևորում դիվերսիֆիկացիան՝ զանազանեցում տնտեսության մեջ, զանազանեցում անվտանգության մեջ։ Դիվերսիֆիկացիան շատ կարևոր է ՀՀ-ի դիմակայության համար՝ թե տնտեսական, թե անվտանգային առումով։ Ժողովրդավարությունը միանշանակ բարձրացնում է Հայաստանի դիմակայունությունը։ Ժողովրդավարությունը այն հիմնական գործիքներից մեկն է, որոնցով Հայաստանը կարողանում է դիմակայել իր սպառնալիքներին։ Ժողովրդավարությունը շատ կարևոր է նաև ներքին անվտանգության տեսանկյունից։ Մենք համոզված ենք, որ ժողովրդավարությունը օգնում է ներքին անվտանգության, տնտեսության զարգացման, ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարում, և սրանք իրենց հերթին բերում են մեծ արդյունքներ»։
Արմեն Գրիգորյանը Հայաստանի դիմակայունության առումով կարևոր է համարում ժողովրդավարական ընտրությունները։ ԱԽ քարտուղարի համոզմամբ, ժողովրդավարական բարեփոխումները և տնտեսական արդյունքները բերում են ավելի շատ ռեսուրսների հնարավորության և այդ ռեսուրսների ներդրմանն՝ անվտանգության ոլորտում՝ կլինի զենքի ձեռքբերում, թե նոր տեխնոլոգիաների ձեռքբերում։
Կարդացեք նաև
Հայաստանի դիմակայունության տեսանկյունից Արմեն Գրիգորյանը կարեւորում է գործընկերության ամրապնդումը ԵՄ-ի և ԵՄ անդամ պետությունների հետ, նաեւ՝ խաղաղությունը․ «Մենք համոզմունք ունենք, որ տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդում է ՀՀ-ի դիմակայունությունը, նոր հնարավորություն է բացում ՀՀ-ի համար և մենք շարունակելու ենք աշխատել խաղաղության օրակարգի շուրջ»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ