Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություններ» (հանկարծամահություններ) հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Հուլիսի 1-ին, ժամը 01։45-ի սահմաններում «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Արմավիր» քրեկատարողական հիմնարկից «թոքի այտուց, կարդիոգեն շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու, որը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ 57-ամյա Հովհաննես Կ․-ն է, ով հունիսի 30-ին ժամը 22։30-ի սահմաններում Արմավիրի բանտում ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչից հետո նրան տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։
Նույն օրը ժամը 11։40-ի սահմաններում դարձյալ «Էջմիածին» բժշկական կենտրոնից հայտնել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ ժամը 08։20-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից «սեպտիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։
Կարդացեք նաև
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն ու ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ մահացածը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 59-ամյա Գագիկ Հ․-ն է, ում ինքնազգացողությունը հունիսի 30-ին ժամը 22։10-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է, ինչից հետո նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։
Արտաքին զննությամբ երկու դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: