Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեշտ է, երբ միջազգային իրավապաշտպան կառույցների գնահատմամբ բռնապետական ճանաչված երկրի նախագահը մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին. «Գարդման Շիրվան Նախիջևան»

Հուլիս 03,2024 11:52

Ադրբեջանի նախագահն Ադրբեջանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քևին Հեմիլթոնի հավատարմագրերն ընդունելիս մի շարք անիմաստ և անհիմն հայտարարություններ է արել՝ վերստին հաստատելով Հայաստանի նկատմամբ իր տարածքային պահանջները և Հայաստանի ներքին գործերին միջամտելու անշեղ ուղեգիծը։

Ադրբեջանի նախագահը, ով դեռ ոչ վաղ անցյալում արմատապես ոտնահարում, արհամարհում էր միջազգային իրավունքը և պնդում, որ իրավունքի և պարտավորվածությունների դարն անցել է, աշխարհն այլևս ընդունում է միայն ուժը, հանկարծ վերհիշել է առաջինի կիրառման անհրաժեշտության մասին և անգամ պայմաններ սահմանել։ Սակայն Ադրբեջանի նախագահը կարծես թե մոռանում է, որ մարդու հիմնարար իրավունքների, դրանց ապահովման և առավել ևս Հայաստանին դրանց խախտման մեջ մեղադրելուց առաջ անհրաժեշտ է նախ առնվազն երկու ուղեծրով՝ արտաքին և ներքին, առերեսվել այն իրողություններին, որ կառուցարկել է Ադրբեջանը մարդու իրավունքների շուրջ։

Իսկական զավեշտ է, երբ միջազգային իրավապաշտպան կառույցների և կազմակերպությունների գնահատմամբ բռնապետական ճանաչված երկրի նախագահը մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին այն պարագայում, երբ հենց ինքն է վերջին տարիներին առնվազն երկու խոշորամասշտաբ պատերազմ սկսել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ՝ իրենց բոլոր հնարավոր հետևանքներով, որոնք կարելի է աներկբայորեն բնորոշել որպես մարդկության դեմ գործված հանցագործություններ։ Միջազգային իրավունքի մասին խոսելիս արդյո՞ք Իլհամ Ալիևը չի մտաբերում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության 10-ամսյա շրջափակումը, երբ անմեղ քաղաքացիական բնակչությանը էթնիկ և ռասայական խտրականության հիմքի վրա հասցրեց հումանիտար աղետի։ Արդյո՞ք միջազգային իրավունքի արմատական ոտնահարում չի ռազմական, քաղաքական, քարոզչական, հումանիտար այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կարելի է մեկտեղել էթնիկ զտում արտահայտությամբ և բնորոշել որպես ցեղասպանականություն։

Ադրբեջանի նախագահը մոռանում է մատնանշել նաև, որ Լեռնային Ղարաբաղի հայության և Հայաստանի նկատմամբ նման ոտնձգությունների պրակտիկան ամենևին իր հեղինակայինը չի, այլ մեծ հմտությամբ փոխառնված է իր նախորդ ռեժիմներից՝ կատարելագործված ժամանակի տրամադրած հնարավորություններով և այն անպատժելիությամբ, որով տարվել է ալիևյան վարչակարգն իր գործողությունները պլանավորելիս։ Արդյո՞ք Ադրբեջանի նախագահը չի վերհիշում 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ. Մարաղայի և հայկական ու հայաբնակ այլ բազմաթիվ բնակավայրերում հայության նկատմամբ իրականացված ջարդերն ու կոտորածները, թալանն ու բռնի տեղահանումը, որի հետևանքով ամբողջ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքը զրկվեց հայկական ներկայությունից։ Մի՞թե Իլհամ Ալիևը չի մտաբերում, թե ինչպես է հղացել, օրինակ, Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման գաղափարը, կամ թե ինչպես ստացվեց, որ այսօր մարդու իրավունքների մասին խոսող նախագահը տարիներ առաջ հերոսացրեց հայ սպային կացնահարած իր հայրենակցին։

Հայաստանի ներքին գործերին նման միջամտություն ցուցաբերելուց առաջ խորհուրդ կտանք Ադրբեջանի նախագահին ուշադիր ընթերցել սեփական երկրի մայր օրենքը՝ հասկանալու համար այն ամբողջ խնդրայնությունը, որն ընկած է իր առաջնորդած պետության իրավականության և պատմականության հիմքում։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ Մենք պահանջում ենք միջազգային հանրությանը աչալուրջ գտնվել Հայաստանի նկատմամբ նման բռնապետության ցուցաբերած սպառնալիքների նկատմամբ և պատասխանատվության կոչել Ադրբեջանին անցյալում և ներկայում մարդկության դեմ գործված հանցանքերի համար, որոնց անպատժելիությունը վերածվում է դրանց կրկնության համար հիմքի։

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031