Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ հավատալ, որ դա եղել է ոչ թե կողմնակի թելադրանքով, այլ ինքնիշխան Հայաստանի որոշումը»

Հուլիս 03,2024 11:36

Ինչո՞ւ Հայաստանը նախկինում չէր ճանաչում Պաղեստինի պետությունը, ճանաչումից հետո ի՞նչ ընթացք կստանան արաբական երկրների և Իսրայելի հետ ՀՀ հարաբերությունները, արդյոք ճանաչման որոշման մեջ ներգրավվա՞ծ էր Թուրքիան․ այս և այլ հարցերի պատասխանել են դիվանագետներ Ռուբեն Կարապետյանը և Արմեն Մելքոնյանը

Aravot.am-ի խնդրանքով՝ Արևելքի երկրներում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպաններ Ռուբեն Կարապետյանը և Արմեն Մելքոնյանը մեկնաբանել են պաշտոնական Երևանի կողմից պաղեստինյան անկախ պետության ճանաչման որոշումը։

Դեսպաններին հարցրինք՝ հետխորհրդային մեր երկու հարևանները, հետխորհրդային երկրների մեծամասնությունը անկախությունից ոչ շատ ուշ ճանաչել են պաղեստինյան պետականության գոյությունը, ինչո՞ւ Հայաստանը խուսափեց այդ քայլից։

արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյան

Արմեն Մելքոնյանի խոսքով՝ թեև Հայաստանը չի ճանաչել Պաղեստինի պետությունը, միշտ սատարել է նրա ինքնորոշման իրավունքի իրացմանը, կողմ է քվեարկել այդ երկրի անդամակցությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ինչպես նաև միացմանը ՄԱԿ-ին որպես ոչ-անդամ դիտորդ պետություն։

Չճանաչման մասով, Արմեն Մելքոնյանը բացատրեց․ «Հայաստանը՝ պայքարելով Արցախի ինքնորոշման իրավունքի համար, այդպես էլ նպատակահարմար չգտավ նրա անկախության ճանաչումը։ Հայաստանի իշխանությունները որդեգրել էին այնպիսի մոտեցում, ըստ որի Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվեր շահագրգիռ կողմերի միջև խաղաղ բանակցությունների արդյունքում, այլ ոչ թե միակողմանի որոշումներով։ Ընդ որում, այդ մոտեցումն ապահովում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հիմնահարցի շուրջ բանակցությունների շարունակականությունը։ Կարծում եմ, դժվար կլիներ արդարացում գտնել, եթե Արցախի ինքնորոշման հարցում Հայաստանը հետևեր մեկ սկզբունքի, իսկ մի այլ նմանատիպ իրավիճակում, տվյալ դեպքում՝ Պաղեստինի ինքնորոշման իրավունքի հետ կապված, դրսևորեր բոլորովին հակոտնյա դիրքորոշում»։

Արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյան

Ռուբեն Կարապետյանն էլ մեզ հետ զրուցելիս շեշտեց դիվանագիտության մեջ ճիշտ պահին ճիշտ քայլ կատարելու կարևորությունը։ Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումն ուշացած էր՝ ընդգծելով, որ մեր հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը դա արել էին դեռևս 1992-ին։

«Գալով ժամանակի գործոնին՝ հավելեմ, որ դիվանագիտական հնարավորության պատուհան էր բացվել այն ժամանակ, երբ Հայաստանը որոշեց դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Իսրայելում 2019-ին։ Դա թերևս վերջին ամենահարմար պահն էր զուգահեռ հավասարակշիռ քայլի համար՝ Իսրայելի ճանաչման հետ մեկտեղ համատեղության կարգով դիվանագիտական ներկայացուցիչ նշանակել նաև Պաղեստինում, վերջինս, թեև, պետք է արվեր շատ ավելի վաղ», – կարծում է Կարապետյանը։

Հարցին՝ արաբական երկրների ներկայացուցիչները հայ պաշտոնյանների հետ զրույցներում հնչեցրե՞լ են Պաղեստինը ճանաչելու հարցը, Արմեն Մելքոնյանը պատասխանեց․ «Իմ դիվանագիտական պրակտիկայում պատահել է, երբ արաբ գործընկերներս հետաքրքրվել են, թե ինչու է Հայաստանը՝ սատարելով Պաղեստինի դատը, միաժամանակ ձեռնպահ մնացել նրա անկախության ճանաչման հարցում։ Հայաստանի դիրքորոշման մասին մեր տված պարզաբանումները, որպես օրինաչափություն, ըմբռնումով են ընդունվել նրանց կողմից։ Համենայն դեպս, այդպիսին է եղել իմ անձնական տպավորությունը»։

Ըստ պարոն Մելքոնյանի՝ արաբ գործընկերները բարձր են գնահատել Հայաստանի աջակցությունը Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և հակամարտությունը «երկու պետության» սկզբունքով կարգավորելու դիրքորոշումը։

 

Անդրադարձանք նաև արաբական պետությունների կողմից Հայաստանի քայլի մասին դրական արձագանքներին։ Փորձեցինք ճշտել՝ արդյոք Երևանի այս քայլը լրացուցիչ խթան կհանդիսանա՞ արաբական երկրների, ինչպես նաև Իրանի հետ մեր հարաբերությունների համար։

«Երևանի քայլի նկատմամբ արաբական երկրների կողմից դրական արձագանքը բնական էր։ Նկատի ունենանք, որ Հայաստանի հարաբերությունները արաբական երկրների հետ միշտ էլ եղել են սերտ, բարեկամական, հիմնված փոխադարձ համակրանքի և վստահության վրա։ Վերջին տասնամյակներում հայ-արաբական փոխշահավետ համագործակցության և փոխադարձ աջակցության բազմաթիվ օրինակներ են արձանագրվել։ Անշուշտ, այս քայլը ևս մեկ՝ հերթական հավելումը կլինի դինամիկ զարգացում ունեցող այդ հարաբերությունների շտեմարանում», – ասում է 2019-2022 թվականներին ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանը։

Նա ավելացրեց, սակայն, որ Պաղեստինի անկախությունը ճանաչելու տարբեր երկրների հայտարարությունները պետք է դիտարկել հիմնականում բարոյական տեսանկյունից, որովհետև, քանի դեռ Իսրայելը չի ճանաչում այն, հակամարտությունը հեռու է կարգավորումից։

Նորից ընդգծելով դիվանագիտության մեջ ժամանակի գործոնը՝ Եգիպտոսում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանը կրկին հիշեցնում է, որ Պաղեստինի ճանաչումը Հայաստանի կողմից ուշացած էր։

«Այս քայլը որևէ լուրջ ազդեցություն չի կարող ունենալ ոչ արաբական երկրների, ոչ էլ Իրանի հետ հարաբերություններում, քանի որ ուշացած որոշում է: Ի գիտություն հավելեմ, որ 2011թ. Պաղեստինը դիվանագիտական ներկայացուցչություն հիմնեց Բաքվում և այնուհետև ադրբեջանամետ դիրքորոշում էր որդեգրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Անգամ Հայաստան-Պաղեստին երկկողմ հարթությունում Երևանի այս քայլը դժվար թե կարողանա որևէ շոշափելի բան փոխել», – մանրամասնում է Կարապետյանը, որը 2000-2004 թվականներին ղեկավարել է արտաքին քաղաքական գերատեսչության Ասիայի և Աֆրիկայի վարչությունը։

 

Հայաստան-Իսրայել հարաբերությունների մասին խոսելիս՝ դիվանագետները շեշտակի փոփոխություններ չեն ակնկալում։

Հետաքրքրվեցինք՝ նոր զարգացումից հետո ինչպե՞ս կարող է Ադրբեջանի հետ Իսրայելի համագործակցությունը ազդել մեր երկրի վրա։

«Իսրայելը ցավոտ է ընդունում Պաղեստինի ճանաչման ցանկացած դեպք։ Այն, որ պաշտոնական Թել Ավիվը կարող է տարբեր առիթներ օգտագործել հայկական կողմին իր դժգոհությունը հայտնելու համար, միանգամայն ակնկալելի է։ Սակայն չեմ կարծում, որ այդ երկիրը, իր ներկայիս լրջագույն մարտահրավերները թողած, սևեռվի այն հարցի վրա, թե ինչպես Ադրբեջանի հետ համագործակցելով պատժի Հայաստանին։ Առանց դրա էլ իսրայելա-ադրբեջանական համագործակցության բացասական հետևանքները Հայաստանի համար զգալի են եղել։ Համենայն դեպս, հուսով եմ, որ ԱԳՆ իմ գործընկերները այդ որոշումն ընդունելուց առաջ մանրակրկիտ կերպով հաշվի են առել դրա բոլոր թեր և դեմ կողմերը, մասնավորապես՝ թե դա ինչ հետևանքներ կունենա հայ-իսրայելական հարաբերությունների տեսանկյունից», — նշում է Եգիպտոսում, համատեղությամբ նաև Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Մելքոնյանը։

Ռուբեն Կարապետյանն էլ հետևյալն ասաց. «Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական սերտ հարաբերությունների հետագա ծավալման և Բաքվի օգտին հրեական լոբբինգն ակտիվացնելու համար սա շատ հարմար հիմնավորում է… Ռազմաքաղաքական արդեն իսկ հաստատված խոր համագործակցությունը կշարունակվի։ Այնպես որ այս ուղղությամբ ամեն ինչ կշարունակվի մնալ նույնը առանց շոշափելի փոփոխությունների, ինչպես վերջին տասնամյակներում է»:

Պարոն Կարապետյանն ուշադրություն է հրավիրում նաև Իսրայելում հայերին սպասվելիք հնարավոր խնդիրներին, մտահոգություն հայտնում՝ «Հայկական ներկայության դեմ Իսրայելում, հատկապես Երուսաղեմում, հրեական ոտնձգությունները և բացահայտ հակահայ քաղաքականությունը կարող է էլ ավելի անզիջում և բիրտ դրսևորումներ ստանալ»։

Պաղեստինի ճանաչման որոշումը հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից մի քանի օր անց։ Թե թուրքական ԱԳՆ-ն, թե հենց ինքը նախագահ Էրդողանը այդ քայլը ողջունողներից էին։ Հնարավո՞ր է, որ Երևանի քայլը Անկարայի հորդոր-խնդրանքի կամ հորդոր-պահանջի արդյունք է։

Հրապարակված տեղեկատվությունը բավարար չէ դա պնդելու համար, ասում են Ռուբեն Կարապետյանը և Արմեն Մելքոնյանը։

Մելքոնյանը հավելեց. «Ուզում եմ հավատալ, որ դա եղել է Հայաստանի ինքնիշխան որոշումը և այն կյանքի է կոչվել մեր սեփական ազգային շահերի և մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտության գիտակցումով, այլ ոչ թե կողմնակի թելադրանքներով»։

Կարապետյանի կարծիքով էլ՝ «Հրապարակային գոհունակություն են հայտնում, երբ բավարարվում է մի կողմի որևէ սպասելիքը՝ խնդրանքը, հորդորը, պահանջը: Հարևան երկրի ղեկավարը ասաց, որ «գոհ է/բավարարված է» Հայաստանի այդ որոշմամբ։ Հնարավո՞ր է, արդյոք, որ Պաղեստինի ճանաչումը Անկարայի հորդոր-խնդրանքով կամ հորդոր-պահանջով է կատարվել, կարող ենք պատասխանել՝ հնարավոր է», — բացատրեց դիվանագետը, ապա հավելեց, որ այս կարծիքին է՝ «Հաշվի առնելով նաև այն փաստը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները մեկ անգամ չէ, որ ապացուցել են, որ արտաքին քաղաքականություն իրականացնելիս չեն առաջնորդվում ազգային և պետական շահերով»։

Հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ․ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի Պետությունը:

Նշելով, որ Հայաստանը միացել է Գազայում հրադադար հաստատելու կոչ հնչեցնող ՄԱԿ գլխավոր ասամբլեայի բանաձևերին, միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին, կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին՝ Արտգործնախարարությունը հայտարարեց․ «Պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները»:

Պաղեստինից խանդավառությամբ ընդունեցին Հայաստանի որոշումը։ 

«Այս որոշումն արտացոլում է միջազգային իրավունքի վրա հիմնված Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և նրա հավատարմությունը ժողովուրդների միջև հավասարության, ինքնիշխանության և խաղաղ համակեցության սկզբունքներին», – ի պատասխան Հայաստանի որոշմանը ընդգծում էր Պաղեստինի ԱԳՆ-ն։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031