Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Ի՞նչ կարող է անել Հայաստանը, բայց չի անում

Հուլիս 03,2024 10:29

Հայաստանի գործող ռեժիմը սեփական ձախողումները և դավաճանությունը սքողելու համար հաճախ է ճամարտակում «աշխարհում իրավիճակ է փոխվել» թեզի շուրջ:

Դնենք մի կողմ այն հանգամանքը, որ վերջին տասնամյակներում աշխարհը հա էլ փոխվել է, լարվել է, սրվել է, և Հայաստանը պարբերաբար հայտնվել է այդ փոփոխությունների ալիքի տակ: Սակայն ճշգրիտ արտաքին քաղաքականությունը մշտապես թույլ է տվել նվազեցնել դրանց ազդեցությունը Հայաստանի և Արցախի անվտանգության վրա և իրավիճակից դուրս գալ՝ առանց ճակատագրական կորուստների:

Այդպես էր 2008-ին ռուս-վրացական պատերազմի ժամանակ, այդպես էր 2012-13թթ.մեկնարկած սիրիական ճգնաժամի և դրա հետևանքների ժամանակ, այդպես էր 2014-ին Ղրիմի հարցի ժամանակ:

Այո՛, Արևմուտք-Ռուսաստան ներկայիս բախումն աննախադեպ է, սակայն Փաշինյանի կողմից տարվող գիծը նույնպես աննախադեպ է այդ համատեքստում, որովհետև ոչ մի այլ երկիր ընթացող գեոպոլիտիկ հրդեհում կամովին չի ինքնահրկիզվում, ինչպես նիկոլական Հայաստանը:

Ավելին, անգամ սրված կոնֆլիկտը ՌԴ-ի և Արևմուտքի միջև բացում է նոր հնարավորություններ հայկական շահերից բխող օրակարգն առաջ մղելու համար:

Հերթով թվարկենք կողմերի հիմնական փաստարկներն այդ գլոբալ հակամարտության մեջ և կհամոզվենք, որ ճիշտ աշխատանքի դեպքում ստեղծված իրավիճակը հայկական դիվանագիտության համար ուժեղ կռվաններ է պարունակում, որոնցից Փաշինյանը դիտավորյալ չի օգտվել և չի օգտվում:

Արևմուտք

1.Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի և հարգվի:

Ակնհայտ է, որ նման մոտեցումը պիտի օգտագործվեր Հայաստանի կողմից արևմտյան հարթակներում մեր սուվերեն տարածքներից ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող 200 քկմ-ի և թշնամու զորքերի հետքաշման հարցը կոշտ կերպով բարձրացնելու համար:

2.Պարտադրված խաղաղությունը պիտի բացառվի ռուսուկրաինական պատերազմում:

Այնինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների պարագայում նույն Արևմուտքը ջանք չի խնայում Ալիևի կողմից պարտադրվող պայմաններով «խաղաղության» պայմանագրին հասնելու համար, իսկ հայկական իշխանությունները հենց այդ նույն գծի ջատագովներն են:

3.Ուկրաինական ժողովրդավարությունն ագրեսիայի է ենթարկվում ռուսական բռնապետության կողմից, և դեմոկրատիան պետք է պաշտպանել:

Այս թեզի պրոյեկտումը մեր տարածաշրջանի վրա առավել զավեշտալի է դարձնում վիճակը: Չէ՞ որ Նիկոլը և նրա դրսի տերերն առայսօր տոնում են իբր ժողովրդավարական Հայաստանը, սակայն բացառապես մեր ներքին քաղաքական տրամաբանության մեջ: Այնինչ ռեալ քաղաքականության մեջ Արևմուտքը մատը մատին չի խփել բռնապետական Ադրբեջանին պատժելու համար: Նիկոլի «ժողովրդավարությունը» ոչ միայն չկա, այլև ունի զրո նշանակություն հայ-ադրբեջանական կոնֆլիկտում:

Ռուսաստան

1.Մոսկվան ստիպված է եղել սկսել СВО-ն՝ հայրենակիցներին պաշտպանելու և իրենց ինքնորոշման իրավունքը երաշխավորելու համար:

Դեռևս Ղրիմի հանրաքվեից սկսած ՌԴ-ն հետզհետե զարգացնում էր իր խոսույթը ժողովրդի ինքնորոշման իրավունքի թեզի շուրջ, իսկ 2022-ից այն դարձել է քաղաքական և լրատվական թրենդներից մեկը: Պուտինը, Լավրովը, Մեդվեդևը պարբերաբար բարձրացնում են Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի բնակիչների ինքնորոշման իրավունքի անքակտելիության մասին՝ հաճախ գրեթե բառացի օգտագործելով երկար տարիների ընթացքում Արցախի հարցով հայկական դիվանագիտության կողմից մշակված և բարձրաձայնված թեզերը: Այս ֆոնի վրա Նիկոլի թեթև, ավելի ճիշտ՝ դավաճան ձեռքով «Ղարաբաղը Ադրբեջան է» թեզը գրեթե անարգել շրջանառվում է ռուսական մեդիաներում: Ողջ հարգանքով հանդերձ՝ ո՞ւր էին Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնն ու Զապորոժիեն, երբ Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքի համաձայն՝ ինքնորոշվել էր և պաշտպանում էր իր այդ իրավունքը:

2.Ուկրաինան աղավաղում է պատմությունը, խեղում է իրականությունը, կեղծիքներ է տարածում, և դրա դեմը պետք է առնել:

Ադրբեջանը վաղուց է դարձրել պատմության աղավաղումը պետական քաղաքականություն, որի գագաթնակետն է Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնելը: Հայկական դիվանագիտության ճիշտ աշխատանքի դեպքում կարելի էր նաև այս ուղղությամբ ամրապնդել հայկական դիրքերը Մոսկվայում, այնինչ արվում է ճիշտ հակառակը:

3.Ուկրաինան ոչնչացնում է մշակութային և հոգևոր հուշարձանները, հատկապես՝ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված կամ Ռուս Ուղղափառ եկեղեցուն պատկանող:

Բառացի նույն բանն անում է Ադրբեջանն Արցախում՝ քանդելով Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանները հայկական բնակավայրերում՝ ոչնչացնելով կամ ուծացնելով Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող հոգևոր կոթողները: Այս ֆոնին՝ զրո ջանք Երևանի կողմից՝ Մոսկվայում այս թեման բարձրացնելու ուղղությամբ:

Ես փորձեցի թվարկել կողմերի հիմնական քարոզչական և հակաքարոզչական թեզերը, որոնք սկզբունքայնորեն կարող էին օգտագործվել Հայաստանի կողմից սեփական շահերը պաշտպանելու համար: Համաշխարհային գլոբալ ճգնաժամը ստեղծել էր նաև նոր հնարավորություններ, որոնցից հայկական գործող ռեժիմը դիտավորյալ և գիտակցված չի օգտվել և չի օգտվում:

Ինչ վերաբերում է «հսկաներին», ապա նրանք կշարունակեն օգտվել Փաշինյանի անատամ և անպատիվ քաղաքականությունից՝ ելնելով սեփական շահերից և դրսևորելով կրկնակի ստանդարտներ Ուկրաինայի և հայ-ադրբեջանական հակամարտություններում:

Բայց նրանցից նեղանալ պետք չէ.Նիկոլին վարչապետ հանդուրժող ժողովուրդը ոչ մեկին պռոշ անելու իրավունք չունի…

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

01.07.2024թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031