Ասում է 2023 թվականի մարտի 18-ից կալանավորված Թուրքիայի քաղաքացու պաշտպանը
2023 թվականի մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ վարչության ավագ դատախազ Մ.Անտոնյանի որոշմամբ Սուֆի Օլմեզի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ)։ Մարտի 18-ից նա կալանավորված է:
2023 թվականի ապրիլի 13-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Երեւան քաղաքի քրեական դատարան (դատավոր՝ Մ. Արզումանյան), հանրային մեղադրողը ՀՀ Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վ.Ասատրյանն է: Նրա պաշտպանությունն իրականացնում է եզդի իրավապաշտպան, պաշտպան Ա. Շարոյանը:
Օտարերկրացին մեղադրվում է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու հանցանքների կատարման մեջ: Ս. Օլմեզին առաջադրված մեղադրանքում ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել, կտրականապես ժխտել է իր կողմից իբր կեղծ փաստաթուղթ օգտագործելով ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու հանգամանքը:
Կարդացեք նաև
Գործի նյութերում առկա են ՀՀ «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում եւ «Քուրդիստան» կոմիտե կազմակերպությունների երաշխավորությունները:
Ս. Օլմեզը Հայաստանի Հանրապետությունում ունեցել է մշտական բնակության վայր, կայուն սոցիալական կապեր է ունեցել Հայաստանում ապրող եզդիների եւ քրդերի հետ, մինչեւ ունեցել է ապաստանի իրավունք:
Մեղադրյալը հայտնել էր, որ Հայաստան է եկել մշտական բնակության նպատակով, ընտանիքին էլ է ցանկանում բերել։ Նա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճռով դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման եւ 300 000 դրամի չափով տուգանքի: «Առավոտի» հետ զրույցում, երեկ բողոքի քննությունից առաջ նրա պաշտպանը՝ Ամո Շարոյանը (լուսանկարում) ասաց, որ իր բողոքով հայցում է իր պաշտպանյալին անհապաղ կալանքից ազատել:
Ըստ պաշտպանական կողմի՝ նախաքննության եւ դատաքննության արդյունքներով չի կարող հիմնավորված համարվել Ս. Օլմեզի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 457 հոդվածի 1-ին մասի, 469 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարումը, այլ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12 հոդվածով սահմանված քրեական հետապնդումը բացառող հանգամանքը՝ անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։
«Դատավճիռն անհիմն է, անարդարացի եւ չհիմնավորված։ Այն չի բխում քրեական վարույթի նյութերից, հիմնական դատալսումների ընթացքում հետազոտված, թույլատրելի ապացույցները ստուգելու եւ գնահատելու արդյունքից: Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր հանգամանորեն ստուգել ի պաշտպանություն մեղադրյալի բերած եւ պատշաճ ձեւակերպումները, որը, սակայն, դատաքննության ընթացքում ձեռք չբերվեց, ընդհակառակը, դատավճռում շարադրված հետեւությունները եւ որոշումները պատշաճ պատճառաբանված չեն եւ եզրափակիչ դատավարական ակտը չի հիմնվել հետազոտված ապացույցների ազատ եւ բարեխիղճ գնահատման վրա։
Հանրային մեղադրողի եզրափակիչ ելույթը եւ պատճառաբանությունները բավարար են, որ անկողմնակալ դիտորդը՝ դատարանը եզրակացնի, որ պաշտպանյալս հանցանք չի կատարել։ Քանի որ դատաքննությամբ ոչ մի հանգամանք չհաստատվեց, ես մտածում էի, որ հանրային մեղադրողը կհրաժարվի մեղադրանքից, բայց…այդպեսդ չեղավ»,-ասում է պաշտպան Ա. Շարոյանը:
Վերջինս մեզ հետ զրույցում բազմաթիվ օրինակներ է բերում՝ նախաքննության ժամանակ թույլ տված բացթողումների վերաբերյալ: Մասնավորապես, ըստ պաշտպանի, նախաքննական մարմինը չի պարզել, թե Իրաքի Հանրապետության անձնագիրը, որով Ս. Օլմեզն եկել է Հայաստան, օրինակա՞ն է, թե՞ կեղծ, չնայած պաշտպանական կողմի միջնորդություններին, ոչ նախաքննական մարմինը, ոչ էլ դատարանը դատափաստաթղթաբանական փորձաքննություն չեն նշանակել, պարզելու համար, թե վերոհիշյալ անձնագիրը եւ ազգային քարտը կե՞ղծ են, թե՞ ոչ, ի՞նչ եղանակով են տպագրվել, լուսանկարները ինչպե՞ս են փակցվել, արդյոք համապատասխանո՞ւմ են Իրաքի Հանրապետության իրավասու մարմինների կողմից թողարկված նմանատիպ փաստաթղթերի նմուշին, թե՝ ոչ։ «Ի՞նչ ազգային քարտի մասին է խոսքը» հարցիս, պաշտպանը պարզաբանում է. «Ազգային քարտում Ս. Օլմեզի ողջ տվյալներն են, կենսագրականը, որում կերեւար, որ նրան որդեգրել են, թե ոչ եւ երբ, ինչ պայմաններում։ Նախաքննական մարմինը Սուֆի Օլմեզին մեղադրանք է ներկայացրել (որ նա ձեռք է բերել Շ. Շ. անձնագիրը, որում առկա լուսանկարի փոխարեն, տեղադրել է իր լուսանկարը եւ կեղծ փաստաթղթով ապօրինի հատել է ՀՀ սահմանը-Ռ.Մ.)։ Ոչ նախաքննական մարմինը, ոչ էլ դատարանը չպարզեցին եւ չհիմնավորեցին, թե արդյոք Ս.Օլմեզը ուրիշի լուսանկարը պոկել է, իրե՞նն է տեղադրել, թե՝ ոչ։ Խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի պահանջը (պատշաճ ապացուցում չեն իրականացրել, առկա չէ փաստաթղթի զննության արձանագրությունը, մասնագետի ակտը, փորձագետի եզրակացությունը, ոչ էլ կա վկա, ով կասի Օլմեզն է կեղծել անձնագիրը, թե ոչ)։ Միայն Ս. Օլմեզն է ցուցմունք տվել, որով նա հայտնել է Իրաքի Հանրապետության Ներքին գործերի նախարարության անձնագրային բաժինն օրենսդրության հիման վրա իրեն որդեգրել է Շ. Շ.-ն, չնայած նախաքննական մարմինը, ոչ էլ դատարանը նույնիսկ չպարզեցին, թե իրոք որդեգրվել է Օլմեզին, թե ոչ եւ եթե որդեգրում են, ապա Իրաքի Հանրապետության օրենսդրությամբ նրա անունով անձնագիր տրվում է, թե ոչ։ Նրան կանչել են ՆԳՆ, վերցրել են մատնահետքերը, լուսանկարել եւ տվել են օրինական անձնագիր»։
Տեղեկացանք, որ 2023թ. նոյեմբերին դատարան է ներկայացվել Իրաքի ՆԳՆ քաղաքացիության, քաղաքացիական եւ կացության հարցերի գլխավոր վարչության ազգային քարտը, որում ամրագրված են մեղադրյալ՝ Սուֆի Օլմեզի անձնական բոլոր տվյալները՝ ծննդյան վերաբերյալ, որդեգրման վերաբերյալ եւ այլ հարցեր։ Դատարանին խնդրվել է ազգային քարտը ներկայացնել ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանատուն եւ պարզել՝ թե անձնագիրը կեղծ է, թե ոչ, ինչ եղանակով է տպագրվել, ում կողմից է տրվել, լուսանկարները ինչպես են փակցվել, անձնագիրն արդյոք համապատասխանում է Իրաքի Հանրապետության իրավասու մարմինների կողմից թողարկված նմանատիպ փաստաթղթերի նմուշին, թե ոչ։
Պաշտպանը դատարան ներկայացրած բողոքում, ի դեպ, տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչությունից դատարանին հայտնել են, որ «անհրաժեշտ է գրությամբ հայցվող տեղեկատվության վերաբերյալ հարցումը ձեւակերպել իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդության ձեւով եւ նոր ուղարկել առաջադրված հարցերին պատասխանելու համար։ Նույնիսկ հայտնել են, որ արագ լինելու համար առդիրը կառաքվի սուրհանդակային ծառայությամբ»։ Սակայն պաշտպանի խոսքով, իրեն անհայտ պատճառներով դատարանն այլեւս հարցում չուղարկեց եւ բոլոր հարցերը մնացին առանց պատասխանի։
Նշեմ, որ դատական գործընթացը եղել է դռնբաց ընթացակարգով, մեղադրյալը ապահովված էր քրդերենի թարգմանիչով (Եզդի Հասան Թամոյանն է-Ռ.Մ.)
Պաշտպանն ասում է նաեւ, որ մեղսագրվող գործողությունը չի տարածվում ապաստան հայցողի վրա, իբր փաստաթուղթ է կեղծել կամ կեղծ փաստաթուղթն օգտագործել է ՀՀ մուտք գործելու նպատակով։
ՀՀ քրեական օրենսգրքի 469 հոդվածի 5-րդ մասում, որին հղում էր կատարել պաշտպանական կողմը, հստակ նշված է. «Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում ապաստան հայցողի վրա, որն ուղղակիորեն գալով այն տարածքից, որտեղ նրա կյանքը եւ ազատությունը վտանգված են եղել, առանց ձգձգման դիմում է իրավասու մարմնին եւ մատնանշում իր ապօրինի մուտքի հիմնավոր պատճառը»։ Դատարան ներկայացված երաշխավորագրերում կար պատճառը Հայաստանում ապաստան հայցելու. Օլմեզը փախել է Թուրքիայից, որտեղ նրա կյանքը վտանգված է եղել …
Հիմա ներկայացնեմ մարդասիրական կողմը: Ըստ գործում առկա միջնորդություններից մեկի, ազգությամբ քուրդ Օլմեզն ընտանիքի միակ կերակրողն է, վատառողջ է, շուրջ 10 ամիս է՝ գտնվում է նախնական կալանքի տակ, առանց հարազատների հետ տեսակցելու։ Ամո Շարոյանը հարցնում է. «Իմ պաշտպանյալի կողմից պատիժը ազատազրկման վայրում կրելը մի՞թե բխում է հանցագործության կանխման էությունից կամ պայմանավորված է պետության կողմից իրականացվող գործունեության օգտակարությունից: Ես գտնում եմ՝ նրան հասարակությունից մեկուսացնելն անիրական ու անիմաստ է։ Համոզված եմ, որ դատարանը մեղմ կվարվի եւ քրեական օրենսգրքի 72 հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ կտա կամ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառի՝ հաշվի առնելով պատժի անհատականացման սկզբունքը եւ պաշտպանյալիս բնութագրող տվյալները»: Պաշտպանը լրացուցիչ տեղեկացնում է, որ նա իր խնամքին ունի անչափահաս երեխա:
Բողոքաբեր կողմը խնդրում էր կարճել վարույթը հանցակազմի բացակայության հիմքով, քրեական հետապնդումը դադարեցնել, իսկ եթե, այնուամենայնիվ, դատարանը որոշի, որ պետք է պատժի, պայմանականորեն չկիրառվի նշանակված պատիժը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.07.2024