Լրահոս
Օրվա լրահոսը

Ծայրահեղ ազատական, «ձախական» փուլն ավարտվում է

Հուլիս 03,2024 13:30

Թրամփի հնարավոր հաղթանակը կլինի դրա ազդանշաններից մեկը

Մ.թ.ա 2-րդ դարի հույն պատմաբան Պոլիբիուսն է թերեւս առաջին անգամ հստակ ձեւակերպել պատմության ցիկլիկ (շրջափուլային) բնույթի թեզը: Զարգացնելով կառավարման ձեւերի մասին պլատոնյան գաղափարը (միապետությունից մինչեւ օխլոկրատիա)՝ Պոլիբիուսը պնդում էր, որ այդ ձեւերի՝ իրար հաջորդելը մի շրջափուլ է, որից հետո գալիս է դրանց կրկնությունն՝ այլ մակարդակով: Այսինքն՝ օխլոկրատիայից հետո դարձյալ գալու է միապետությունը, որին պատմաբանն անվանում է «թագավորություն», այնուհետեւ տիրանիա, օլիգարխիա եւ այլն: Ընդ որում, ըստ Պոլիբիուսի, ամեն մի ձեւն իր «ընդերքում» արդեն իսկ պարունակում է սեփական կործանման սաղմը:

Հետագայում նման տեսություններ են առաջ քաշել Մաքիավելին, Կամպանելան, Վիկոն, Շպենգլերը, ռուսներից՝ Դանիլեւսկին, Գումիլյովը:

Այժմ մեզ հարց տանք, թե որ փուլում ենք մենք գտնվում: Եթե վերցնենք, համեմատաբար փոքր ժամանակահատվածը, ապա այն կարելի է բնութագրել որպես «համատարած պատերազմական բախումների շրջան»: Գուցե ինչ-որ ձեւական հատկանիշներով այն չի կարելի «համաշխարհային պատերազմ» անվանել, բայց դա մի պատմական ժամակաշրջան է, երբ խախտվել է համաշխարհային աշխարհակարգի բալանսը, եւ ոչ ոք ոչինչ չի կարող երաշխավորել:

Այս շրջանը սկսվել է ոչ թե 2014 թվականից, երբ Ռուսաստանը զավթեց Ղրիմը, այլ փոքր-ինչ ավելի շուտ՝ արաբական գարունից: Դա, իհարկե, բազմաշերտ երեւույթ էր, որի մեջ մտնում է նաեւ հանուն ժողովրդավարության անկեղծ պայքարը: Բայց իր հիմնական գծերով եւ հսկայական ընդգրկմամբ դա աշխարհը վերաձեւելու հերթական ազդակն էր:

Եթե վերցնենք ավելի մեծ ժամանակահատված, ապա կարող ենք ասել, որ փուլը, որի մեջ մենք ապրում ենք, սկսվել է Խորհրդային Միության փլուզումից եւ, այդպիսով պատերազմական բախումների «փոքր շրջանը» մտնում է դրա մեջ որպես բաղկացուցիչ մաս եւ հանդիսանում է այս մեծ փուլի «ենթափուլը»:

1990-ականների սկզբից մինչ օրս տեւող «մեծ փուլը» կարելի է անվանել ծայրահեղական, «ձախ» ազատականության տրիումֆի եւ անկման շրջան: Պատերազմներն ու հեղափոխություններն այստեղ, կարելի է ասել, «քայլում են ձեռք ձեռքի տված»: Բնորոշ գաղափարական գծերն են՝ չափազանցված լավատեսությունը մարդու բնույթի, առաջընթացի եւ «պայծառ ապագայի» վերաբերյալ, ինչպես նաեւ մոլորությունը, թե իբր ազատ շուկայական հարաբերությունները եւ արդար ընտրությունները մեխանիկաբար ապահովում են ժողովրդավարությունը:

Հեղափոխությունները, որոնք, կրկնեմ, սովորաբար ուղեկցվում են ներքին եւ/կամ արտաքին պատերազմներով, մասամբ նման լավատեսական պատրանքների արտահայտությունն են ու հետեւանքը: Որ դրանք պատրանք են, նկատել է դեռեւս Բեռնարդ Շոուն. «Հեղափոխությունը երբեք չի օգնել թոթափել տիրանիայի գերանը: Առավելագույնը, որն այն ի վիճակի է անել, տեղափոխել այդ գերանը մի ուսից մյուսը»:

Մոտ 35 տարի տեւող այս շրջանը, իմ տպավորությամբ, մոտենում է ավարտին. գործում է Պոլիբիուսի ձեւակերպած օրինաչափությունը՝ ամեն մի փուլ իր մեջ պարունակում է սեփական վախճանի հատկանիշները: Որո՞նք են այս դեպքում նման հատկանիշները: Նշեմ մի քանիսը՝ անպատասխանատվությունը, անհավատությունը, ծայրահեղ գեդոնիզմը («ուզում ենք պարզապես լավ ապրել»), բարձր, ոչ առօրեական արժեքների մերժումը: Սա այժմ դարձել է փակուղային մտածելակերպ, ինչը, սակայն, չի նշանակում, որ մարդկության հետագա պատմության ընթացքում ազատական «ձախականությունը» երբեք նոր տրիումֆներ չի ապրելու:

Դարաշրջանի ավարտն արդեն զգացվում է Եվրոպայում: Իսկ ազդարարվելու է այդ մասին, կարծում եմ, ամենամեծ պահպանողական ներուժն ունեցող երկրում: Եվ դա Ռուսաստանը չի՝ չնայած Պուտինը սիրում է պահպանողական հռետորաբանությունը, որը նա, ի դեպ, կիրառում է բավականին էկլեկտիկ ձեւով:

Իրականում ամենահետեւողական պահպանողականությունը կարող է դրսեւորել Միացյալ Նահանգները, որի պետական դիցաբանությունը սերտորեն կապված է քրիստոնեության (բողոքականության) որոշակի ուղղությունների հետ: Մասնավորապես, մարդու իրավունքների գաղափարը, եթե խորը մտածենք, դժվար է պատկերացնել առանց քրիստոնեության:

Եթե այս աշնանը նախագահ ընտրվի Թրամփը, դրա հիմնական պատճառն այն չէ, որ նա ավելի լավ ֆիզիկական մարզավիճակում է, քան Բայդենը: Խնդիրը ոչ թե անձերն են, այլ գաղափարական շրջադարձը, որն ապրում է նախ՝ Արեւմուտքը, ապա եւ ամբողջ աշխարհը:

Երբ ասում եմ, որ «ձախական» փուլը մոտենում է ավարտին, դա չի նշանակում, որ վաղը դրա մասին հայտարարվելու է: Դա կարող է եւս մի քանի տարի տեւել: Ինչի՞ց  կարող ենք հասկանալ, որ նոր փուլ է սկսվում.  նրանից, որ հիմնական տերությունները ստեղծելու են գլոբալ անվտանգության նոր համակարգ:

Պատմական զուգահեռների սիրահարները պնդում են, որ 100-ամյա պատերազմի ավարտով (1453) սկսվեց «մոդեռնի» շրջանը, իսկ վերոհիշյալ նոր համակարգի ստեղծմամբ կավարտվի «պոստմոդեռնը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031