Լրահոս
Օրվա լրահոսը

Գործընթա՞ց, թե՞ իմիտացիա թուրքական ձեւով

Հուլիս 03,2024 12:00

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն Անկարան դիտարկում է Բաքվի պահանջների «փաթեթում»

Հայաստանն ակնկալում է, որ կյանքի կկոչվի Թուրքիայի հետ ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածությունը, անցյալ շաբաթ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Բայց, առաջ շարժվելու համար, ըստ Արմեն Գրիգորյանի, Հայաստանը գործողությունների է սպասում Թուրքիայից։

Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացները դեռեւս 2022թ. ամռանը պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագիր ունեցողների համար եւ թեեւ հետագայում տարբեր առիթներով վերահաստատել են սա, բայց այդ ուղղությամբ առաջընթաց չկա: Գրիգորյանն այս առիթով նկատել է, թե ժամկետներ չկան։

Թեեւ պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել, սակայն վերջերս Հայաստանի ու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազանգերը հաճախակիացել են: Կայացան նախ` Փաշինյան-Էրդողան, ապա` արտգործնախարարների մակարդակով հեռախոսազրույցներ։

Հունիսի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ՀՀ կառավարությունը հայտնեց, որ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ «Նախագահ Էրդողանը ցավակցել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։ Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որեւէ նախապայմանի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։ Այդ համատեքստում առաջնորդներն ընդգծել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարեւորությունը եւ վերահաստատել են մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները: Առաջնորդները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակական երկխոսությունը։ Նրանք քննարկել են նաեւ տարածաշրջանի եւ միջազգային օրակարգի վերջին զարգացումները», ասվում էր պաշտոնական հաղորդագրության մեջ։

Թե ինչ երկխոսության մասին էր, չէին մանրամասնում:

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր թուրք գործընկերոջ հետ վերջին անգամ հանդիպել է այս տարվա փետրվարին Անթալիայում։ Հունիսի 25-ին Միրզոյանն էլ հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ: Նրանք քննարկել էին երկու երկրների միջեւ շարունակական երկխոսությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: «Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ պայմանավորվածությունների իրականացմանը», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Թե ո՞ր կողմի նախաձեռնությամբ են կայացել այս հեռախոսազանգերը` չնշվեց: Զրույցների բովանդակությունից այլ մանրամասներ չէր հաղորդում։

Վերոնշյալ հեռախոսազրույցներից հետո, հունիսի 27-ին Տալլինում, Էստոնիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ բացել սահմանները: «Մեր թուրք գործընկերների հետ երկխոսության արդյունքում մենք հասել ենք կոնկրետ պայմանավորվածությունների եւ մատնանշել այն քայլերը, որոնք պետք է իրականացվեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ,-նշեց Միրզոյանը, հավելելով,-խոսելով երրորդ երկրների, ինչպես նաեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար սահմանի բացման մասին, մենք շարունակաբար վերահաստատում ենք մեր վճռականությունն այս պայմանավորվածություններին։ Եվ ես անկեղծորեն հավատում եմ, որ արդեն ժամանակն է իրականացնել այդ պայմանավորվածությունը»։

Նկատենք, որ 3 շաբաթ առաջ հայ-թուրքական կարգավորման հարցով հայկական կողմի հատուկ բանագնաց, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, թե Երեւանը չի տեսել Անկարայի կողմից քայլեր երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածությունն իրագործելու ուղղությամբ։

Հայկական կողմը Մարգարայի անցակետի շինարարությունն ավարտեց, սահմանը, սակայն, դեռ փակ է։ Ռուբինյանը շեշտել էր, որ հայկական կողմը բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել, ավարտել է. «Անցակետը պատրաստ է գործունեության համար, թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ»։ Հիշեցնելով, որ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների վերջին հանդիպումն այս տարվա փետրվարի վերջին էր՝ Անթալիայում, Ռուբինյանը խոստովանեց՝ պաշտոնական հանդիպում վաղուց չի եղել։ Ըստ ԱԺ փոխնախագահի, նոր հանդիպման պայմանավորվածություն կա, սակայն ժամկետի ու վայրի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա։ Հիշեցնենք, որ Քըլըչն Անթալիայում առաջարկել էր հայկական կողմի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել Երեւանում։ Իր հերթին Ռուբինյանը նշել էր, որ այդ հարցը կարող է քննարկվել։

Թե վերջին օրերի հեռախոսազրույցներին ինչ զարգացումներ կհետեւեն, կամ, առհասարակ, կլինե՞ն արդյոք նոր զարգացումներ, ցույց կտա ժամանակը:

Հեռախոսազրույցները, անգամ հրապարակային կարճատեւ շփումները, թեեւ կարելի է որոշակի ակտիվություն համարել, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջխաղացում չկա: Որեւէ պայմանավորվածություն Թուրքիան չի կատարել:

Ավելին, թեեւ պաշտոնական Բաքուն համարում է, որ «ԼՂ խնդիրը լուծված է», այդուամենայնիվ, Թուրքիայի համար սա էլ բավարար չէր, որպեսզի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեին, սահմանը բացվեր: Այսինքն, Թուրքիան շարունակում է Հայաստանին պահել շրջափակման մեջ, իսկ դա նշանակում է, որ թշնամական գործողությունն ընդդեմ Հայաստանի շարունակվում է:

Հետեւաբար, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն Անկարան դիտարկում է Բաքվի պահանջների «փաթեթի» համատեքստում, իսկ դա թուրք-ադրբեջանական տանդեմի համար նախեւառաջ կոմունիկացիաների խնդիրն է: Այսինքն, Թուրքիան Հայաստանին նախապայմաններ ներկայացնելու քաղաքականությունից չի հրաժարվել, Անկարայի գլխավոր նախապայմանը շարունակում է մնալ «Զանգեզուրի միջանցքը»:

Եթե այս ամենին գումարենք Արեւմուտք-Ռուսաստան լարվածությունը, մեր տարածաշրջանի համար մղվող ազդեցության պայքարը, ապա կարելի է ենթադրել, թե որքան բազմաշերտ են, առհասարակ, մեր տարածաշրջանում ընթացող զարգացումները:

Ի դեպ, անցյալ շաբաթ հեռախոսազրույց ունեցան նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները։ Կրեմլի փոխանցմամբ՝ Էրդողանը խստորեն դատապարտել է Դաղստանում ահաբեկիչների հանցավոր հարձակումը, համերաշխություն հայտնել ռուս ժողովրդին, անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին։ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ցավակցությունների եւ ցուցաբերած աջակցության համար, փոխանցում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը՝ հավելելով, որ Թուրքիայի ու Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են շարունակել գործողությունների սերտ համակարգումը հակաահաբեկչական գոտում։ Հաղորդագրության համաձայն՝ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են շփումները շարունակել հուլիսի 3-4-ը Աստանայում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։

Թուրքիայի նախագահն Աստանայում, հնարավոր է, հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իր հերթին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը եւս հաստատել է, որ դիտարկվում է Էրդողան-Պուտին հանդիպման հնարավորությունը։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 02.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031