Լրահոս
Օրվա լրահոսը

Լեգենդար Պարի պետականի մերօրյա լեգենդը կամ՝ Պարի պետականի եւ Ազգային օպերային թատրոնի ղեկավարների ոդիսականը

Հուլիս 03,2024 13:00

Օրերս ՀՀ պարի պետական անսամբլը հանրության առաջ հանդես եկավ նոր ծրագրով կամ կարելի է ասել՝ նորացված ծրագրով, քանզի ծրագրում «ավանդական» համարներ կան, որ միշտ կլինեն պարի պետականի երկացանկում, քանի որ մի քանի պարեր մի տեսակ անսամբլի ձեռագիրն են հանդիսանում եւ կարծես պարտադիր պահանջ է լինում հանդիսականի կողմից, որ այդ համարները ծրագրում անպայման լինեն ու դահլիճի լեփ-լեցուն հանդիսատեսը, որ հենց Երեւանում էր դիտում համերգը, բայց ավանդության համաձայն՝ դահլիճը միշտ բազմազգ ու տուրիստական է լինում, նորից սկսեց խոսել այն մասին, որ 1958 թվականին հիմնադրված եւ փառահեղ նաեւ հյուրախաղային գործունեություն ծավալած լեգենդար պետականը նորից կարծես թե գտնվում է իր բացառիկ, բարձր եւ անհասանելի թռիչքի ծիրում եւ, ճիշտ այնպես, ինչպես իր առաջին` 1960-ականներին իրականացված ամբողջ խորհրդային երկրով հյուրախաղային ճափորդությունը, ապա Մերձավոր Արեւելքի երկրներով ճափորդությունը, 1968-ին Լատինական Ամերիկայի գրեթե բոլոր երկրներում մի քանի ամիս շարունակ ունեցած հայտնի հյուրախաղային փառահեղ տուրնեն եւ 1974-ին դարձյալ մի քանի ամիս տեւողությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների 11 քաղաքներում ունեցած համաշխարհային նշանակության լեգենդար հյուրախաղերը (մյուսների մասին չենք գրում), այն էլ խորհրդային ժամանակների «փակ դռների» պարագայում, որոնք ՀՀ Պարի պետական անսամբլին դասեցին աշխարհի ամենահեղինակավոր պարային կոլեկտիվների կարգին, ու նաեւ նորից խոսվեց այն մասին, որ Հայաստանի անկախության հետ միասին ազատականացված Պարի պետականը իրական ազատության հետ միասին հայտնվեց տնտեսական անազատության շրջապտույտի մեջ, որ հենց այն պահին, երբ թվում էր, թե բոլոր ճանապարհները բաց են ու կարելի է անսահմանափակ ելույթներ ունենալ աշխարհում ու «ստացիոնարում», մի տեսակ անցումային ժամանակների տնտեսական փոփոխությունները` «փող չկա» արտահայտությամբ խիստ սահմանափակումը, երկար ժամանակ խլեցին` նոր ժամանակներին հարմարվելու համար եւ այդ «անկախ ինքնուրույնությունը» պահել-պահպանելը մեծագույն ջանք, եռանդ, միջոցներ ու ամենակարեւորը` մեծ ժամանակ խլեցին: Իհարկե` Պարի պետականը` Պարի պետականն է, որը միշտ գտնվում է ստեղծագործական բաձրության վրա, բայց արտակարգ հանգամանքները իրենց կնիքն են դնում բոլոր կոլեկտիվների գործունեության վրա. աննպաստ հանգամանքները դեպի «ճահիճ» են քաշում ստեղծագործական կոլեկտիվներին, իսկ նպաստավոր հանգամանքները մի նոր բարձր «ճախրանքի» են հասցնում առանց այդ էլ բարձրակարգ կոլեկտիվներին:

Պարի պետականը ելույթի պահին

Պարային անսամբլների համար այդպիսի նպաստավոր պայման են հանդիսանում բարձրակարգ, հատուկ նշանակության հյուրախաղերը, որի ընթացքում, ինչպես ասում են՝ «իր երկրի մշակույթը ներկայացնում են աշխարհին» եւ այս դեպքերում երաժշտության նման պարարվեստը` որպես անթարգման արվեստ, լավագույնս է ներկայացնում ազգային եւ պետական մշակույթը, որի ցայտուն հաստատումն է մշտապես առկա այն փաստը, որ Պարի պետականի համերգներին հայ հանդիսատեսի հետ միասին միշտ ներկա է լինում աշխարհի տարբեր երկրների բազմազգ հանդիսատեսը` անկախ այն հանգամանքից, թե համերգը տրվում է ի՞ր երկրում, թե՞ արտերկրում: Պարարվեստը միշտ էլ հանդիսանում է երկրի մշակութային այցեքարտը, իսկ Պարի պետականի դեպքում այն դառնում է ՀՀ Պարի պետականի արվեստի այցեքարտը:

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում նկատելի մի ցայտուն երեւույթ եւս գրավեց Պարի պետականի երկրպագուների ուշադրությունը, որն անմիջապես իր գործնական արտահայտությունը գտավ ներկայացված ծրագրում: Խոսքը լեգենդար անսամբլի գրեթե բոլոր ժամանակներում մասնակից նախ` պարող, հետո պարուսույց Գագիկ Կարապետյանի մասին է, ով հայտնի հին ու նոր լեգենդար հյուրախաղերին մասնակցել է որպես պարող արտիստ, ապա արտիստական բեմը թողնելուց հետո, տարբեր ժամանակներում պարբերաբար եղել է անսամբլի պարուսույցը եւ ահա երկրորդ անգամ վերջերս հրավիրվել-նշանակվել է ՀՀ Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր բալետմայստեր եւ հենց որի արդյունքն է գնահատվում հունիսի 27-ի հրաշալի ելույթը: Մենք շեշտեցինք` երկրորդ անգամ է դառնում գեղարվեստական ղեկավար, քանի որ առաջին անգամ այդ կարգավիճակում Գագիկ Կարապետյանը գործել է 2005-2007 թվականներին, որն, ի դեպ, դարձյալ առանձնահատուկ հիշողություն դարձավ Պարի պետականի համար, որը 1990-ականների խոշոր հյուրախաղային երկար ընդմիջումից հետո ունեցավ արտերկրյա կարեւոր նշանակության մեծ համերգ, երբ Մոսկվայի Կրեմլի պալատում ՀՀ Պարի պետական անսամբլը, Գագիկ Կարապետյանի ղեկավարությամբ, հանդես եկավ համահայկական հայտնի «Կարոտ» փառատոնի բացման համերգով:

«Կարոտ» փառատոն, Կրեմլի պալատ, 2007 թ.

Մենք 2007թ. «Կարոտի» գործունեությանն անդրադարձել ենք եւ հիմա հարմար գտանք այդ պատմական համերգի առիթով հարց ուղղել 2007-ի ամբողջական համերգի երկու բաժինների ռեժիսոր Լեւոն Իվանյանին, որը համառոտ ներկայացրեց մոսկովյան, բայց հատկապես հայկական «Կարոտ» փառատոնի նշանակությունը, բաժինները եւ մասնակիցներին` հայտնելով հետեւյալը, որ 2007-ի մարտին, Մոսկվայի Կրեմլի Մեծ պալատում իրականացված «Կարոտ» համահայկական փառատոնի բացման համերգը երկու բաժին ուներ: Առաջին բաժնում Վաստակավոր կոլեկտիվ ՀՀ Պարի պետական անսամբլի համերգն էր` Գագիկ Կարապետյանի ղեկավարությամբ, երկրորդում՝ Արա Գեւորգյանի 12 ստեղծագործություններից կազմված համերգը, որի պարային կոմպոզիցիաներին մասնակցում էր Պարի պետական անսամբլը, իսկ Մոսկվայի Յուրի Սիլանտեւի անվան ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը` համալրված հայկական ազգային նվագարաններով եւ էլեկտրոնային երաժշտական կազմով, ինչը հատուկ է Արա Գեւորգյանի «ձեռագրին», ղեկավարում էր մաեստրո Կարեն Դուրգարյանը, որ այդ ժամանակ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորն էր: Մի յուրահատուկ ու անկրկնելի երեւույթ կա ա՛յն օրերի եւ ա՛յս օրերի միջեւ, որ ուզում ենք շեշտել:

Տարօրինակ մի զուգադիպությամբ երկու տաղանդավոր ղեկավար-արվեստագետները՝ Դուրգարյանն ու Կարապետյանը, այն տարիներին ունենալով մասնագիտական գեղարվեստական կառավարման ամենաբարձր դիրքը, հանգամանքների բերումով առժամանակ, թերեւս Դուրգարյանի պարագայում երեւի 7 տարի, Կարապետյանի դեպքում՝ գրեթե 17, իրենց «գլխավոր դերից» բացակայեցին, բայց, ինչպես ժողովուրդն է ասում` «տաշած քարը գետնին չի մնա»: Երկու տարբեր ոլորտների ցայտուն անհատականությունները նորից կառավարեցին օպերան ու անսամբլը, եւ անսամբլն արդեն նորից փայլեց, իսկ Ազգային օպերայի ու բալետի թատրոնը իսկապես մի նոր ծաղկում է ապրում` ե՛ւ ինքնուրույն ու ինքնատիպ ներկայացումներով, ե՛ւ հարուստ հյուրախաղային ելույթներով:

Կարծես մի «երկրորդ շնչառություն» է բացված ու թող Աստված տա, որ այդ բեղուն ու բեմնավոր «վազքը» երկար տեւի:

Ի դեպ, մենք մի քանի լուսանկարներ ունենք 2007-ի «Կարոտ»-ից, կարծում ենք կհետաքրքրի ե՛ւ հանդիսատեսին, ե՛ւ Դուրգարյանին ու Կարապետյանին, որոնք այն տարիներին մեզ տրամադրել է «Կարոտ» փառատոնի համակարգող Սամվել Հարոյանը եւ «Կարոտ»-ի նախագահ Մեցո Իգիթյանը: Խոսքն ավարտենք մասնագիտական ջերմ բարեմաղթանքով` թող ձեր կառավարման տարիները գումարվեն ձեր ղեկավարած կոլեկտիվների անմահ լեգենդներին:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031