Իլհամ Ալիեւը, ընդունելով Կանադայի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը, նախ դժգոհեց, որ ժամանակին շատ պետություններ չեն դատապարտել «Ղարաբաղի օկուպացիան»: Իսկ հիմա, երբ նրանք իրենց աջակցությունն են հայտնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, դա առանձնապես կարեւոր չէ, քանի որ ինքը՝ Ալիեւը, կարողացել է «ջախջախել» հայկական բանակը:
«Սահմանազատումից» Ադրբեջանի նախագահը գոհ է՝ ամեն ինչ ակնհայտորեն գնում է իր ուզածով: Արցախցիների վերադարձն իրենց տները Ալիեւը պայմանավորում է ադրբեջանցիների վերադարձով «Արեւմտյան Ադրբեջան» (այդպես է «կառուցողական հարեւանն» անվանում մեր պետությունը): Պարզ է, որ եթե նման բան տեղի ունենա, ապա մեր պետության կործանումը կընթանա «արագացված տեմպերով»:
Բայց նրա ելույթի ամենակարեւոր մասն, իհարկե, վերջնագիրն է. ոչ մի խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոխվի:
Մեր իշխանությունների ներկայացուցիչներն ասում են, որ Սահմանադրությունը կարող է փոխվել միայն երկու տարուց, քանի որ դրա նախագիծն անգամ պատրաստ չէ: Իսկ ահա խաղաղության պայմանագրի տեքստը հնարավոր է «վերջնականացնել» մոտակա ամիսների ընթացքում, ինչը հաստատել է նաեւ Ալիեւը:
Կարդացեք նաև
Սահմանադրությունը փոխելու պահանջի կատարումն, այդպիսով, կարծես թե, հետաձգվում է: Արդյո՞ք այստեղ հնարավոր են փոխզիջումներ: Ինձ թվում է՝ այո. Փաշինյանը կարող է, կուլ տալով հերթական անպատվությունը, Ալիեւին երդում տալ, որ հետագայում ՀՀ Հիմնական օրենքը փոխվելու է Ադրբեջանի նախագահի ուզածով: Եվ բացառված չէ, որ եթե երդումը տրվի համաշխարհային լիդերների ներկայացուցիչների երաշխավորությամբ, Ալիեւը դրան կհավատա: Կամ երդումը կձեւակերպվի «դրույթների նախաստորագրման» ժամանակ:
«Հայաստանի ժողովրդին» (նրանց, ում Փաշինյանն այդպես է անվանում) որեւէ բան բացատրելու կարիք առանձնապես չկա: Բավարար է ասել, օրինակ, որ այս Սահմանադրությունն ընդունվել է «նախկինների» ժամանակ եւ կեղծիքներով:
Խնդիրը, սակայն, այն է, որ, բացի Սահմանադրությունը փոխելուց, Ալիեւն ունի պահանջների բավականին երկար ցուցակ: Եվ այդ ցուցակը վերջ չունի: Ցուցակը կվերջանա միայն այն ժամանակ, երբ Հայաստան պետությունը կվերանա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ալիեւը պիտի հաւատայ երդումի մը, զորս կրնայ գործադրուիլ միայն եթէ Փաշինյանը դարձեալ ընտրուի, 2026-ի կէսերին… ?
Այո, նա կրնայ վերընտրուիլ: Սակայն թուրքերը այդպիսի խամ գործ, չեն կատարեր:
Սահմանադրութեան փոփոխութեան պայմանը, թուրքերը (Թուրքիան եւ իր այս մէկ, Անդրկովկասի մասնաճիւղը) կրնան յետաձգել, երբ որ Փաշինյանէն ստանան Հայաստանի վրայով իրենց միջանցքը: Քանզի արդէն անկէ ետք, ի՞նչ կարեւոր, թէ ինչ գրուած է կամ չէ գրուած՝ մնացորդի մնացորդ – բայց «իրակա՛ն» – Հայաստանի մը Սահմանադրութեան մէջ:
Դեռ այդ ալ կը փոխեն, սակայն այլեւս առանց աճապարելու:
Մ. Հայդուկ Շամլեան
Յ.Գ. Փաշինյանը թուրքերուն պիտի նուիրէ այդ միջանցքն ալ:
Ապա, իր ոչխարներուն ծափահարութիւններուն տակ, պիտի յայտնէ թէ, ինչա՞ եղել!, Քոչարյա՛նն ալ ընդունած էր տալ՝ նոյնանման միջանցք մը:
Անշուշտ ամբողջովին անտեսելի, աննշան տարբերութիւնը մըն է այն, որ Քոչարյանի այդ խաղաղութեան թէական համաձայնութեան մէջ, Արցախը պիտի մնար մեզի:
Սակայն փաշինյանիսթները այդպիսի անիմաստ մանրամասնութիւններու կարեւորութիւն տուողը չեն: Իրենք խելացութեան եւ իմացութեան տարբեր, բացառիկ մակարդակի մարդիկ են:
Ի դէպ, հայ առեւտրականներու մեծամասնութիւնը – թէ հայաստանցի եւ թէ աւանդական սփիւռքի հայեր -, թերեւս բարձրաձայն չեն ըսեր ասիկա, սակայն շատ ուրախ կ’ըլլան թրքական այդ միջանցքի գոյացումով: Չա-չինկ, չա-չինկ !