Պատմությունը
Արցախի պետական պատամաերկրագիտական թանգարանը գտնվում էր Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, Ս. Դավիթի 4 հասցեում (նկ. 1)։ Այն տարածաշրջանում խորհրդային շրջանում բացված առաջին թանգարաններից մեկն էր, որտեղ խորհրդային «գավառագիտական» թանգարանների հայեցակարգով մշակվել և ներկայացվում էին Արցախի հնագիտական և ազգագրական բնույթի նյութերը։
Թանգարանը հիմնադրվել է 1939 թվականին։ 1938 թվականին Ստեփանակերտ քաղաքի հարավային հատվածում՝ Կրկժան գյուղում (այժմ Ստեփանակերտի Արմենակավան թաղամասի տարածք) պատահաբար հայտնաբերված գանձի ուսումնասիրության նպատակով այստեղ գործուղված Խանլարի երկրագիտական թանգարանի տնօրեն Յու. Հումմելի կողմից սկսեցին գյուղի շրջակայքի պեղումները։ Յու. Հումմելի պեղած N102, N103 դամբարանների նյութերի հիման վրա էլ 1939 թվականին ստեղծվեց Ստեփանակերտի պատմա-երկրագիտական թանգարանը։
Ստեփանակերտը 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից:
Հավաքածուն
Չնայած գործելով Խորհրդային Ադրբեջանի մշակութային քաղաքականության համատեքստում, թանգարանը կարողացել է դեռևս խորհրդային տարիներին հավաքագրել տարածաշրջանի հնագիտական և ազգագրական բնույթի իրեր և գտածոներ և դարձել է այս տարածաշրջանում մշակութային կարևոր կենտրոններից մեկը։ Վ․ Սաֆարյանը, ով թանգարանի տնօրենն է եղել 1988-1991 թվականներին, նշում է, որ թանգարանը ավելի ակտիվ սկսեց աշխատել ուշխորհրդային տարիներին՝ 1980-ական թվականների վերջում։ Այդ ակտիվությունը նվազել է 1988-1994 թվականներին՝ կապված Ղարաբաղյան շարժման և հայ ազատագրական պայքարի հետ։ Համեմատաբար խաղաղ պայմաններում Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը սկսում է թանգարանային նյութերի հավաքագրման և ցուցադրման ակտիվ գործունեությունը։ Ցավոք սրտի, խորհրդային տարիներին Արցախի տարածքից հայտնաբերված առավել արժեքավոր նմուշներն ուղարկվում էին Բաքու։ Դրանց թվում էր նաև Խոջալուի դամբարանադաշտից և Ազոխի քարանձավի պեղումներից հայտնաբերված հավաքածուները։
Անկախության տարիներին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի ֆոնդապահոցներում և ցուցադրության մեջ ընդգրկված է եղել շուրջ 50 հազար առարկա։ 2000-ական թվականներին թանգարանային ֆոնդը ինտեսիվ հարստացվել է հնագիտական պեղումների (Շուշի, Կերեն, Հանդաբերդ և այլն) արդյունքում հայտնաբերված հնագիտական գտածոների, ինչպես նաև ազգագրական նյութերի հավաքչական աշխատանքների շնորհիվ։
Արցախի անկախացումից հետո թանգարանի ակտիվացմանը էապես նպաստեց նաև անմիջական կապը Հայաստանի հետ, որտեղից մեթոդական և մասնագիտական մեծ աջակցություն էր գալիս։ Պատրաստվեցին և լրացվեցին նախորդ տարիների մատյանները, գիտական մշակում անցան ցուցանմուշները և պատրաստվեցին անձնագրերը։
Փոփոխություններից անմասն չմնաց նաև մշտական ցուցադրությունը։ Այսպես, 1988 թվականին շարժումը սկսելուց հետո թանգարանի նախասրահից հանվեցին կոմունիստական պրոպագանդայի պաստառները, փոխարենն ավելացվեց Արցախի համառոտ պատմական ակնարկը։ Փոփոխության հաջորդ մասը վերաբերում էր վերջին սրահին, որտեղ ավելացավ Արցախյան ազատամարտի բաժինը։
Ցուցադրության այս նոր հայեցակարգը քննարկվել և ընդունվել է ԼՂՀ Ժողկրթության, մշակույթի և գիտության ու սպորտի նախարարության կոլեգիայի և թանգարանի գիտական խորհրդի (1993 թ․դեկտեմբերի 24-ի) համատեղ ընդլայնված նիստում (Մկրտչյան 2001, 373-382)։
Արդյունքում ցուցադրությունն ուներ հետևյալ կառուցվածքը. այն սկսվում էր Արցախի բնաշխարհը պատկերող հետաքրքիր տեսարաններով, որին հաջորդում էր հնագիտության բաժինը (նկ. 2-8)։
Թանգարանի միջնադարյան բաժինը սկսվում էր Ամարասի լուսանկարի և Արցախի միջնադարյան հուշարձանների քարտեզի ցուցադրությամբ։ Միջնադարի բաժինը լի էր նաև Արցախի ամրոցների և բերդերի մասին պատմող լուսանկարներով և տեղեկատվական վահանակներով։
Երրորդ սրահի թեման էր՝ Արցախը մինչև արաբական արշավանքները։ Ներկայացված էին վաղ միջնադարյան մատենագրությունը, գրականությունը, գրչությունը (Մովսես Կաղանկատվացի, Դավթակ Քերթող), Արցախի ազատագրումը արաբական լծից, հայոց Բագրատունյաց թագավորության հաստատումը և այդ ժամանակաշրջանի մշակութային վերելքը, ինչպես նաև և Խաչենի իշխանությունը։
Հաջորդ սրահը ներկայացնում էր Խամսայի մելիքությունների պատմությունը։
Թանգարանի երկրորդ հարկում ներկայացվում էր Արցախի պատմություն խորհրդային և հետխորհրդային շրջանում՝ այդ թվում ղարաբաղյան ազգային- ազատագրական պայքարը 1990-1994 թվականներին։
Թանգարանի հավաքածուներից առավել մեծածավալ քարե կոթողները ցուցադրվում էին թանգարանի ներքին բակում։ Այստեղ կարելի էր հանդիպել մ.թ.ա. 8-6-րդ դարերով թվագրվող մարդակերպ կոթողի երկու նմուշի, տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող խաչքարեր, ինչպես նաև այլ մեծածավալ նմուշներ (նկ. 9-12)։
Բուն թանգարանային ցուցադրությունից զատ արժեքավոր նմուշների շարքում էր թանգարանի մուտքի դուռը (նկ. 13, 14)։ Այն պատրաստվել է արցախցի վարպետ Ռոբերտ Ասկարյանի կողմից՝ 1983-85 թվականներին։ Այն պատրաստվել է արցախյան ընկուզենու փայտից։ Երկու փեղկերից յուրաքանչյուրը քանդակազարդ շրջանակներով բաժանված են երեք մասի։ Այս շրջանակների մեջ պատկերված են հայ ավանդական ճարտարապետությունը, ընտանիքը և մշակույթը բնորոշող տարբեր կերպարներ։ Առաջին և երկրորդ պատկերների միջև ներառված է արձանագրությունը հետևյալ բովանդակությամբ. «Ղարաբաղեն հողեն մատաղ», «Օջաղներեն պողեն մատաղ» (հեղ. Գուրգեն Գաբրիելյան): Ինչպես նշում է քանդակագործը, 1985 թվականին տեղի կոմունիստական իշխանությունները չեն ողջունել այս նախաձեռնությունը և սպառնացել են հեռացնել դուռն առհասարակ, եթե հայերեն տեքստի փոխարեն ադրբեջաներեն և ռուսերեն տեքստ չգրվի։ Դրան, հավանաբար, խանգարել է Ղարաբաղյան շարժումը և Արցախի անկախացումը։
Գործունեությունը պատերազմից առաջ
Ինչպես անկախության տարիներին, այնպես և 44 օրյա պատերազմից հետո թանգարանն ակտիվ ցուցադրական և կրթական գործունեություն էր ծավալում։ Տարբեր տարիներին կատալոգների (Բալայան 2011; Բալայան, Պողոսյան 2020) և տեղեկատվական բրյոշուրների միջոցով ներկայացվում էր թանգարանի գործունեությունն ու հավաքածուն։ Այստեղ անց էին կացվում տարբեր կրթական ծրագրեր դպրոցականների և ուսանողների համար։ Այն Արցախ այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից էր։
Թանգարանն ակտիվ գործում էր անգամ 2020 թվականի Covid 19 համավարակի օրերին, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո (նկ. 15-16)։ Այստեղ պատերազմից հետո կազմակերպվում էին տարբեր ժամանակավոր ցուցահանդեսներ, դասախոսություններ և այլ կրթական ծրագրեր, որին մասնակցում էին անգամ Ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները (նկ. 17-18)։
Վիճակը պատերազմից հետո
2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայերի բռնի տեղահանման ժամանակ հնարավոր եղավ ցուցադրության հավաքածուի որոշ հատվածը ևս տեղափոխել անվտանգ վայր։ Սակայն ցուցադրության մեջ և ֆոնդերում գտնվող նյութերի մեծ մասը մնացել են թանգարանում։ Հայտնի չէ, թե այժմ ինչ վիճակում է գտնվում թանգարանը և դրա հավաքածուն։
Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները
Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։
Գրականություն
Բալայան 2011 – Բալայան Մ., Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի գործվածքի հավաքածուն, Երևան, Զանգակ։
Բալայան, Պողոսյան 2020 – Բալայան Մ., Պողոսյան Ա., Արցախի պատմաերկրագիտական թանգարանի արծաթյա զարդերի հավաքածուն, Երևան, Զանգակ։
Մկրտչյան 2001 – Մկրտչյան Շ., Արցախյան գրառումներ, Նոյյան տապան։
MONUMENT WATCH