Երեկ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկ է ներկայացրել՝ հրաժարվել ընտրություններից հետո խորհրդարանում կայուն մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջից:
Հիշեցնենք, գործող Սահմանադրությամբ, ՀՀ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով, իսկ Ընտրական օրենսգրքով երաշխավորվում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը (54%). այս դրույթի ամրագրումը ժամանակին բացատրվեց քաղաքական ճգնաժամերի հանգուցալուծման հնարավորությամբ:
Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ սահմանադրական բարեփոխումների կամ որ ավելի ճիշտ է՝ նոր Սահմանադրություն ունենալու ճանապարհին, սրբագրում է նաեւ այս դրույթը:
Դեռ տարեսկզբին՝ հունվար ամսվա վերջում, հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կառավարություն է ուղարկվել սահմանադրական բարեփոխումների նախագծի հայեցակարգը, որի վրա հանձնաժողովն աշխատել է մոտ երկու տարի: Իսկ դրանից օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանին ոչ թե սահմանադրական բարեփոխումներ են անհրաժեշտ, այլ նոր սահմանադրություն:
Կարդացեք նաև
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում, ասաց, որ կայուն մեծամասնության դրույթը Սահմանադրությունից հանելու որեւէ անհրաժեշտություն չի տեսնում. «Այդ դրույթը չի կիրառվել, որովհետեւ, ի հեճուկս 2015 թվականի Սահմանադրության փոփոխության նախագծողների, Հայաստանի ԱԺ-ում, նորանկախ պատմության մեջ առաջին անգամ, խորհրդարանում միանգամից ձեւավորվեց ոչ թե կայուն, այլ կայունից էլ ավելի կայուն մեծամասնություն՝ 2/3 մեծամասնություն. եւ 2018-ի եւ 2021-ի, ըստ էության, մեկ ձայն էր պակասում 2/3-ից: Հետեւաբար, այդ դրույթը հանելը գործնական որեւէ նշանակություն չի կարող ունենալ, քանի դեռ ԱԺ-ում այդ մեծամասնությունը կա»:
Թե կայուն մեծամասնության դրույթն ինչո՞վ է խանգարում գործող իշխանությանը՝ սահմանադրագետը պատասխանում է. «Կարծում եմ, որեւէ ձեւով չի խանգարում»:
Հետեւաբար, այս հարցը նա դիտարկում է զուտ այն համատեքստում, որ ՔՊ-ն միշտ քննադատել է այդ դրույթը, հիմա էլ ցանկանում է հանել. «Կարծում եմ, որ դա կոպիտ սխալ կլինի, որովհետեւ, մենք ոչ մի երաշխիք չենք կարող ունենալ, որ միշտ ունենալու ենք այսպիսի մեծամասնություն: Այդ պատճառով, կարծում եմ, որ Փաշինյանի կողմից սա ինչ-որ քայլ է, որ ինչ-որ մտքեր ունեն՝ Սահմանադրությունը փոխելու, քանի որ 2018 թվականից մինչեւ հիմա, իրենք որեւէ դրույթ, որեւէ կոնցեպցիա չեն կարողացել մատնանշել, որը անհրաժեշտություն է առաջացնում՝ Սահմանադրությունը փոխելու»:
Մանրամասները՝ ձայնագրությունում
Քաղաքական իրավունքի հայկական կենտրոնի համահիմնադիր Հովհաննես Խուդոյանի կարծիքով, սակայն, այս փոփոխության անհրաժեշտությունն իշխանության համար առաջացել է Երեւանի ավագանու վերջին ընտրություններից հետո, երբ իշխանական ուժը չստացավ ձայների այնպիսի մեծամասնություն, որ կարողանա քաղաքապետ նշանակել: Գործող օրենսդրության համաձայն, եթե որևէ կուսակցության կամ դաշինքի հաջողվեր ստանալ 50 տոկոսից ավելի քվե, ապա ընտրական ցուցակի առաջին համարը, օրենքի ուժով կդառնար քաղաքապետ: Հակառակ պարագայում, քաղաքապետին պետք է ընտրեր ավագանին՝ իր կազմից: Երևանի քաղաքապետ ընտրելու համար, ՔՊ-ին անհրաժեշտ էր կոալիցիայի ձևավորում, ինչը բավական դեգերումների արդյունքում հաջողվեց:
«Այս գործիքակազմն, ընդամենը, հեշտացնում է իշխանության վերարտադրությունը: Ուրիշ բան փնտրել, այստեղ պետք չէ»,- ասաց նա:
Մանրամասները՝ ձայնագրությունում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ