Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա էլ դաշտում, վրաններում զինվորներ կան, թող ՊՆ նախարարը մեծ-մեծ չխոսի. զոհվածի հայր

Հուլիս 02,2024 18:06

2023 թվականին Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական հերթական նիստում երեկ շարունակվեց 15 զինծառայողների ծնողների հարցաքննությունը:

«Կացարանը գյուղի հին տուն էր, ըստ երեւույթին, երեւի ադրբեջանցիների սարքած: Փոքր սենյակ էր, որտեղ տղերքն էին մնում, 22 հոգին 27 քառակուսու մեջ էր մնում: Մուտքի սկզբում վառարանն էր, մուտքի դռան դիմացից զինանոցն էր, աջ՝ ննջարանը: Տպավորությունն այնպես էր, որ ամեն ինչ կենտրոնացած է հակահրդեհային միջոցներ չլինելու վրա: Իսկ ով է ասում, որ հակահրդեհային միջոցներ լինեին, էդ դեպքը չէր լինելու, կամ 15 զոհը չէր լինելու»,- հարցաքննության ժամանակ ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը:

Այդ կացարան ինչի հիման վրա են այդ ստորաբաժանումը բերել, դրա համա՞ր էր նախատեսված. այսպիսի հարց հնչեց հարցաքննվող ծնողին, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Հիմա էլ դաշտում զինվորներ կան, թող մեծ-մեծ չխոսեն էդ ղեկավարները,ՊՆ նախարարը: Հիմա էլ կան «դոմիկներում», վրաններում, հիմա էլ անվտանգությունն ապահովված չէ: Այդ հարցը առաջացել է, թե ինչու են մեր երեխեքին էդ փոքր կացարանում պահել, ոչ մի գործողություն, ցավոք, չենք ձեռնարկել»:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031