Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինը երեկ ողջույնի խոսքով հանդես եկավ Freedom House-ի ամենամյա ժողովրդավարության ֆորումում։ «Փաստելով Հայաստանի գրանցած ակնառու առաջընթացն ի հեճուկս դժվարությունների՝ հուսով եմ, որ արդեն երրորդ անգամ անցկացվող Ժողովրդավարության այս ֆորումի ընթացքում մենք կարող ենք նոր մտքեր ու գաղափարներ փոխանակել առաջիկա տարիներին ազատության և արդարության ամրապնդման վերաբերյալ», – նշեց դեսպան Քվինն իր խոսքում։
Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանում ժողովրդավարությանը ԱՄՆ դեսպանատան տված գնահատականի մասին՝ ասաց. «ԱՄՆ դեսպանի այդպիսի հայտարարությունը կարճ լինելու համար կարելի է բնութագրել երեսպաշտություն: Ի՞նչ է նշանակում դեմոկրատիայի դրսեւորում: Արդյո՞ք այն գործողությունները, որ ոստիկանական ուժերը կիրառեցին խաղաղ ցուցարարների հանդեպ, մտնում են այն օրենքների, ձեւաչափերի մեջ, որոնք ասոցացվում են դեմոկրատական օրենքների ու կանոնների հետ: Բացարձակապես՝ ոչ: Ես բազմիցս նշել եմ եւ չեմ զլանա այսօր էլ ասել, որ ԱՄՆ-ը ամբողջ աշխարհով մեկ իրականացնում է երկակի քաղաքականություն: Այսինքն, այնտեղ, որտեղ աներկբա եւ անկասկածելի կատարվում են Միացյալ Նահանգների շահերից բխող ցանկացած քաղաքական գործառույթներ, նրանք դա ողջունում են՝ անկախ նրանից, թե այդ գործառույթները բխո՞ւմ են ժողովրդավարության կանոններից, այդ երկրի հասարակության շահերից, թե ոչ: ԱՄՆ-ը առաջնորդվում է բացարձակապես իր շահերով: Իսկ եթե լինում են երկրներ, որոնց գործունեությունը չի բխում ԱՄՆ շահերից, չի տեղավորվում նրանց պատկերացումների մեջ այսպես կոչված դեմոկրատական գործելակերպում, նրանք սրանից շատ ավելի մեղմ ցանկացած գործառույթ, որ իրավապահ մարմինները կատարում են բացառապես օրենքի սահմաններում, վերածում են «համաշխարհային աղետի», քարկոծում են այդ կառավարությունները, տարատեսակ պատժամիջոցներ են կիրառում:
Այնպես որ, զարմանալի չէ, որ այս օրերին տեղի ունեցածը խաղաղ ցուցարարների հանդեպ ԱՄՆ դեսպանը ողջունում եւ համարում է Հայաստանում ժողովրդավարության ցուցիչ: Պետք չէ զարմանալ: Քանի այս իշխանությունները լուռ կամակատար են ԱՄՆ-ի, անգլո-սաքսերի, թուրք-անգլիական-ադրբեջանական ուժերի ցանկությունների, մենք դեռ շատ հայտարարություններ կլսենք, որոնք չեն բխում ոչ միայն ժողովրդավարության մասին մեր ու նորմալ հասարակարգերի պատկերացումներից, այլեւ այնպիսի հայտարարություններ կարվեն, որոնց առիթով զարմանալու դեռ շատ առիթներ կունենանք»,-ասաց պարոն Մինասյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ՊՊԾ-ում արած հայտարարությանը, թե այդ ծառայությունը ոչ միայն իր, այլեւ ժողովրդի անվտանգությունն է ապահովում, նախկին փոխնախարարն ասաց. «Մենք արդեն համոզվել ենք, որ Նիկոլ Փաշինյանի հենարանը իրավապահ մարմիններն են: Իսկ անձամբ երկրի ղեկավարի անձնական անվտանգության միակ հենարանը ՊՊԾ մարմիններն են: Օրինակ, ի՞նչ է նշանակում՝ պետական պահպանության մարմինները հանդիսանում են երկրի պետականության պահպանման կառույցներից մեկը: Այդ ծառայության գործունեությանը քիչ թե շատ ծանոթ մարդը միանշանակ կհասկանա, որ այդ արտահայտությունները, որ երեկ իրեն թույլ տվեց երկրի ղեկավարը, իրականության հետ ոչ մի եզր չունեն: ՊՊԾ-ն մի ինստիտուտ է, որը անկախ անձից ու պաշտոնյայից, կատարում է կոնկրետ գործառույթներ, որոնք վերաբերում են բարձրաստիճան պաշտոնական անձանց, ինչ-որ տեղ նաեւ նրանց ընտանիքների անվտանգությանը: Պետական անվտանգություն ապահովող մարմինները բառացիորեն շատ մեծ տարբերություն ունեցող գործառույթների այլ ոլորտ ունեն, որոնք միանշանակ տարբերվում են ՊՊԾ մարմինների գործառույթներից: Դիցուք, պետական անվտանգությունը իրականացնում են պետական անվտանգության մարմինները եւ նորաստեղծ արտաքին հետախուզության գերատեսչությունը:
Կարդացեք նաև
Այնպես որ, բոլոր հայտարարությունները, որոնք կատարվում են շողոքորթելով այդ ծառայության աշխատակիցներին, միայն ու միայն մի նպատակ են հետապնդում. ապահովել կոնկրետ անձի, կոնկրետ մարդու ընտանիքի անվտանգությունը՝ ելնելով այն իրողություններից, որոնք այսօր տիրում են Հայաստանի Հանրապետությունում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ