«Ա1+». Անահիտն ու Ռաֆիկը 2013 թվականի հոկտեմբերի 14-ին Արցախում հավերժ միասին լինելու երդում տվեցին՝ կնքելով իրենց ամուսնությունը։
10 տարի անց` նույն օրը, Ռաֆիկ Հարությունյանի վերջին հրաժեշտ էր՝ Երևանի Եռաբլուր պանթեոնում։
«Մեր նպատակն Արցախում ամուր ընտանիք կազմելն ու երջանիկ ապրելն էր։ Ապրում էինք Սարուշեն գյուղում՝ ամուսնուս հայրական օջախում։ Ապրում էինք անհոգ, շրջապատված սիրով ու հոգատարությամբ»,- Ա1+-ի հետ զրույցում նշում է Անահիտ Հարությունյանը։
Այսօր Անահիտն ապրում է Երևանում, մշտական աշխատանք չունի, սակայն տարբեր ծրագրերի է մասնակցում։ Որպես բռնի տեղահանված արցախցի` օգտվում է պետական սոցիալական աջակցության ծրագրերից և կերակրողը կորցրածի ամենամսյա նպաստ ստանում։
Կարդացեք նաև
«Զբաղվում եմ ձեռքի աշխատանքով՝ սվարովսկի քարերով տարբեր հարթությունների և մակերեսների վրա գեղեցիկ ու յուրահատուկ աշխատանքներ եմ ստեղծում։ Ունենում եմ պատվերներ, դեռևս քիչ, սակայն ժամանակի հետ կարծում եմ` կկարողանամ պատվիրատուներիս շրջանակն ընդլայնել»,- ասում է Անահիտը։
«Ամուսինս զոհվել է սեպտեմբերի 19-ին, սակայն միայն սեպտեմբերի 23-ին նրա մարմինը փոխանցվեց հայկական կողմին՝ ամբողջությամբ անճանաչելի դարձած։ Ընկերներն ասում են, որ նա մինչև վերջ կանգնել է մարտական դիրքում՝ զենքը ձեռքին, զոհվել անհավասար մարտում»։
Հայաստանում նրանց ընտանիքին Ռաֆիկի ընկերը դիմավորեց։ Նրանք ժամանակավոր ապաստանեցին Արտաշատի Մարմարաշեն գյուղում։ Հետո էլ տեղափոխվեցին Երևան։
«Աղջիկս փոխադրվել է 6-րդ դասարան։ Ուսման մեջ առաջատար է։ Հաճախում է նաև երաժշտական դպրոց՝ ջութակահար է երազում դառնալ։ Երևանում կայացած «Աստղային ուղի» միջազգային փառատոնում 3-րդ աստիճանի դափնեկիր է ճանաչվել»։
Երեխաների հետ հաճախ է Անահիտը զրուցում հայրիկի մասին։ Պատմում նրա նախասիրությունների, նպատակների մասին։
«Այդպիսով փորձում եմ նրանց հիշողություններում թարմ պահել իրենց հայրիկի մասին հիշողությունները, նրանց մեջ ամրապնդել համոզմունք, որ հայրիկին հավերժ հիշելու համար պետք է օգտակար գործելով զբաղվեն և պիտանի մարդ մեծանան»։
Անահիտն ասում է՝ մեծ դժվարությամբ, բայց իր մեջ ուժ է գտել հանուն երեխաների առաջ նայել. «Նրանց մոտ աշխատում եմ չտխրել, չլացել, որպեսզի նրանք անընդհատ սթրեսի չենթարկվեն՝ արցունքներս տեսնելով»։
Անահիտը գիտակցում է՝ առջևում բազմաթիվ դժվարություններ կան, սակայն որոշել է դրանց առաջ չընկրկել։ Ասում է՝ ամուսնու հետ համատեղ կյանքից ուսանելի շատ բան է ստացել, որոնք գործածելու է հետագա տարիների ընթացքում կյանքի դժվարություններին արժանապատվորեն դիմակայելու համար։
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: