Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան. «Երբ դարեր առաջ աստվածասեր մեր հայրերն ու մայրերը կառուցել են Սուրբ Աստվածածինը, չեն կառուցել որպես պատմամշակութային կոթող (այլ բացառապես` որպես հավատքի տուն)»

Հուլիս 02,2024 16:29

Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ գյուղում գտնվող 13-րդ դարի առաջին քառորդին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցու նվիրատվությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Դատախազությունը 2024-ի փետրվարին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Ապարան համայնքի ղեկավարի՝ դատարանից խնդրելով անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարի 2019թ․ ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշումը և որպես հետևանք վերացնել Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեի նկատմամբ Եղիպատրուշ համայնքի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը, ինչպես նաև 2020թ․ հունիսի 9-ի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և պայմանագրից ծագող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականության իրավունքի գրանցումը և գրանցամատյանի գրառումը:

Ըստ դատախազության՝ նշված եկեղեցին հանդիսացել է օտարման ոչ ենթակա և ընդգրկված է եղել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Արագածոտնի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը «168 ժամ»-ին մեկնաբանել է, թե ինչով են պայմանավորում Եղիպատրուշի շուրջ դատախազության իրարանցումը:

«Պայմանավորված է մեր ժողովրդի ու Եկեղեցու նկատմամբ ներկա իշխանությունների կողմից արդեն տևական ժամանակ, դրսևորվող, մեղմ ասած, անբարյացակամ վերաբերմունքով: Երբ ժողովրդի աչքին նմանատիպ պարզունակ խնդիրը դարձնում են քննարկման և համայնքային միաբանության խաթարման ևս մեկ առիթ, հյուծում են թե′ հավատացյալների, թե′ գյուղի բնակիչների, թե′ պետության և թե′ եկեղեցու կենսունակությունը, փոխանակ նմանատիպ խնդիրները դարձնելու միավորման և համախմբման պատճառ:

Առավել ևս անհարկի է շահարկել այս հարցը, քանի որ, ցայսօր, անկախ այն հանգամանքից, թե եկեղեցին, սեփականության իրավունքով, պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, թե ոչ, ՀՀ օրենսդրությամբ պատմամշակութային համարվող որևէ եկեղեցու վրա կատարվող ցանկացած աշխատանք իրականացվում է միայն ՀՀ ԿԳՄՍՆ արտոնությամբ:

Պատասխանելով «168 ժամ»-ի հարցին, թե կրթական գերատեսչության հուշարձանների վարչությունից ասում են` կապ չունի, որ Սուրբ Աստվածածինը մինչ այս գործարքը գրանցում չի ունեցել, օրենքով պետությանն է, քանի որ հուշարձան է՝ «Սա Ձեզ համար ընդունելի՞ տեսակետ է», Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ասել է.

«Այո, համաձայն ենք, որ «կապ չունի, որ Սուրբ Աստվածածինը մինչ այս գործարքը գրանցում չի ունեցել»: Երբ դարեր առաջ աստվածասեր մեր հայրերն ու մայրերը կառուցել են Սուրբ Աստվածածինը, չեն կառուցել որպես պատմամշակութային կոթող (այլ բացառապես` որպես հավատքի տուն) և առավել ևս չեն կառուցել, որ դարձնեն մի իշխանության ձեռքի գործիք, որը կարող է այսօր Եկեղեցին կառուցողների սերունդներին` գյուղի բնակիչներին (և ոչ միայն), զրկել իրենց հոգևոր և ազգային ինքնությունը հավատքի ճանապարհով իրացնելուց:

Ավելին, այս իշխանությունների բացթողումն է, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին մինչ օրս գրանցում չունի: Ասել է թե, անցած 6 տարիներում չեն կարողացել, կամ չեն ցանկացել նախկին բացթողումները շտկել, ինչպես չեն կարողացել շտկել (իսկ շատ հաճախ անդառնալիորեն վնասել են) անցյալից մեզ բաժին հասած շատ ավելի գոյութենաբանական և կենսական հարցերը` ազգային և հայրենական կյանքում` վկա Արցախի կորուստը: Այդ հիմնահարցերի կողքին այս հարցը նույնիսկ մանրադիտակով աննշմարելի կարող է թվալ:

Ավելին, եթե օրվա իշխանությունները հայտարարում են, որ Հայ Եկեղեցու դեմ հետապնդում չի եղել, չկա և չի լինելու, սա լավագույն առիթներից մեկն է ապացուցելու: Թող ՀՀ Կառավարությունն անհապաղ որոշում կայացնի և Սուրբ Աստվածածին Եկեղեցին անմիջապես նվիրաբերի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որով փաստած կլինի, որ գործող իշխանությունը, հիրավի, մեր ժողովրդի և Եկեղեցու հավատարիմ զավակն է, իսկ, եթե չանեն, ևս մեկ անգամ փաստելու են, որ եղել է, կա և լինելու է հետապնդում Հայ Եկեղեցու և հայ հավատացյալների նկատմամբ, որոնք, ի դեպ, կազմում են մեր ժողովրդի 96 տոկոսը:

Եվ ի վերջո, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին ետ վերցնելուց հետո, ինչի՞ պիտի ծառայի պատմական սրբավայրը: «Ով աչք ունի տեսնելու, թող տեսնի, ով ականջ ունի լսելու, թող լսի»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031