Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուլագարակի արվեստի դպրոցը կգործի նորակառույց շենքում

Հուլիս 02,2024 14:39

Մարզպետ Արամ Ղազարյանը, Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ հուլիսի 1-ին մասնակցել է Գյուլագարակի արվեստի դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:

Արվեստի դպրոցը կառուցվել է ՀՀ կառավարություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ծրագրի արժեքը 74 900 000 դրամ (45 տոկոս՝ ՀՀ Կառավարության և 55 տոկոս համայնքային բյուջեի համաֆինանսավորմամբ:

Արվեստի դպրոցը Գյուլագարակ համայնքում գործել է 70-ական թթ.-ից: 1988 թվականի ավերիչ երկրաշարժից դպրոցի շենքը փլուզվել է, այնուհետև գործել տնակային պայմաններում: 2017թ.-ից դպրոցն իր գործունեությունը ծավալել է համայնքապետարանի տարածքում, իսկ այժմ արդեն կարող է դասապրոցեսը կազմակերպել առավել հարմարավետ պայմաններում:

– Բարեկեցիկ և հարմարավետ պայմաններ են ստեղծվել կրթամշակութային մի օջախի համար, որտեղ համայնքի երեխաները առավել մոտ են կանգնելու երաժշտությանը և կերպարվեստին, ստանալու են գեղագիտական դաստիարակություն: Այս հնարավորությունը պետք է օգտագործվի ի շահ համայնքի մշակութային կյանքի զարգացման և երեխաների գեղագիտական դաստիարակության ՝ ներգրավելով ավելի շատ երեխաների,-իր ողջունի խոսքում նշել է մարզի ղեկավարը և ավելացրել, որ Գյուլագարակ խոշորացված համայնքում, ինչպես նաև մեր մարզի և հանրապետության այլ համայնքներում մեծածավալ կապիտալ և սուբվենցիոն ծրագրեր են իրականացնում, որոնք մեծապես նպաստում են համայնքների, մարզերի և երկրի զարգացմանը:

Օրհնության խոսք է հղել Գյուլագարակ համայնքի հոգևոր հովիվ տեր Մերուժան քահանա Սողոյանը։

Պաշտոնյաները շրջել են տարածքում, ծանոթացել ստեղծված պայմաններին:

Դպրոցն ունի դաշնամուրային, վոկալ, լարային(քանոն, քամանչա, ջութակ, ուդ), փողային(դուդուկ, կլառնետ), հարվածային գործիքների (դհոլ, քամանչա, քանոն)և կերպարվեստի բաժիններում սովորող 88 սան և հնարավորություն՝ նրանց թիվը հասցնելու 120-ի:

Դպրոցի սաները հանդես են եկել երաժշտական կատարումներով:
Մարզի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ դպրոցը կկարողանա բացահայտել նոր տաղանդավոր երեխաների՝ հպարտանալու առիթներ տալով մարզին և Հայաստանի Հանրապետությանը։

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031