Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՄՆ դեսպանը թող մի հատ սթափվի…նույն այդ անձնավորությունը հունիսի 12-ին ԱԺ-ում էր, հնարավոր է, որ նաեւ ինքն է խրախուսել, որ այդ ամենը տեղի ունենա». Գառնիկ Դանիելյան

Հուլիս 02,2024 14:11

Այսօր «Հայելի» ակումբում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուշագրավ հայտարարություն արեց:

Հարցին՝ երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը օրինակ է շատերի համար ու Հայաստանում ժողովրդավարությունը օրեցօր նոր թափ է ստանում, մինչդեռ բազմաթիվ դրվագներ կան, թե ինչպես են ոստիկանները ջարդում մեր քաղաքացիներին, կա՞ որեւէ կաշկանդվածություն, որ դուք սլաքներ չեք ուղղում հենց ԱՄՆ դեսպանության վրա:

Նա պատասխանեց. «Մենք որեւէ կաշկանդվածություն չունենք ոչ մի դեսպանատան որեւէ դեսպանից՝ մեղադրելու իրենց հայտարարությունների համար, նման խնդիր չկա: Մեր շարժումը մաքուր ազգային, հայկական շարժում է եւ սա ունի իր առավելությունը, որ որեւէ աշխարհաքաղաքական կենտրոնից չի ուղղորդվում: Սա հայ մարդու ազգային շարժում է, արժանապատվության, գաղափարների ու նաեւ ծրագրերի, իղձերի իրականացման շարժում է: Մենք ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնից կաշկանդվածություն չունենք՝ Ամերիկա կլինի, ՌԴ, Իրան: Եթե որեւէ մեկը իրեն թույլ տա վիրավորական արտահայտություն հայ մարդու նկատմամբ, իր արժանի պատասխանը կստանա»:

Գառնիկ Դանիելյանն ասաց, որ չի հետեւել Ժողովրդավարության հայկական ֆորումին ու ԱՄՆ դեսպանի խոսքը չի լսել: Երբ փոխանցեցին՝ ասաց. «Այս ժողովրդավարությունը, որ կատարվել է հայ ժողովրդի գլխին, նույն բանը մենք ցանկանում ենք լինի այդ պետություններին, իրենց մոտ էլ կլինի: Իրենց մոտ էլ է հիմա խայտառակ իրավիճակ, ու փոխանակ գնահատականներ տան այն վայրագություններին ԱԺ-ի մոտ, նույն այդ ժամերին, եթե չեմ սխալվում, նույն այդ անձնավորությունը ԱԺ-ում էր, հնարավոր է, որ նաեւ ինքն է խրախուսել, որ այդ ամեն ինչը տեղի ունենա»:

Գառնիկ Դանիելյանն ասաց, որ ԱՄՆ դեսպանատուն բազմաթիվ նամակներ, տեսանյութեր են ուղարկել, պատասխան չկա. «Նույն Amnesty International-ը Freedom House-ը, բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները գնահատականներ են տվել այս իշխանություններին: Եթե ԱՄՆ դեսպանը օբյեկտիվ է, պիտի այդ զեկույցները կարդա ու մի հատ սթափվի՝ ինչ է տեղի ունենում Հայաստանում: Իրենց կողմից վճարված, իրենց կողմից սնվող ոստիկանական համակարգը դարձել է մի մահակ, որը ծեծում եւ խոշտանգում է պատգամավորներին, լրագրողներին, կանանց, ծերերին, որեւէ բանի առաջ կանգ չի առնում: Իրենք էլ են կրելու այդ պատասխանատվությունը: Պարզ չի՞ ինչի համար են հովանավորում ՀՀ իշխանություններին, հո իրենց սիրուն աչքերի համա՞ր չեն հովանավորում: ՀՀ-ն պառակտելու, մասնատելու համար խելքները իրենցը չի: Հայաստանից ինչքան կմնա՝ 10 հազար քկմ, 5000 թե 7000, իրենց հետաքրքիր չի: Իրենց հետաքրքիր են իրենց շահերը, որ Հայաստանը դարձնեն աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմ, Հայաստանը սարքեն Ուկրաինա, գործիք սարքեն Իրանի, ՌԴ-ի դեմ: Էդ է իրենց նպատակը: Հետո Հայաստանից ինչ կմնա, ինչ չի մնա՝ իրենց հետաքրքիր չի: Այդ ծրագրի համար իրենք պատրաստ են գովաբանել, սիրաշահել, շոյել, գումարներ տրամադրել էդ իբր բարեփոխումներին: Որ վայրկյանին տեսան, որ արդեն ինքը այդ ծրագրերը չի իրականացնում, այդ պահին իրենց աչքերը բացվելու է, սկսելու են տեսնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարում՝ Գառնիկ Դանիելյանը հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031