«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներ Սուրեն Պետրոսյանի ու Գառնիկ Դանիելյանի հեռակա բանավեճը շարունակվում է:
Սյունիքում մեզ հետ զրույցում Գառնիկ Դանիելյանն ասել էր՝ «Սուրեն Պետրոսյանը եկել է՝ Նիկոլի օրակարգն է ասել, հա ասացի՝ չխոսեմ… ո՞ւր է քո պայքարը, քո պայքարը սկսեց եւ ավարտվեց Ոսկեպարո՞վ, հա՞»:
Սուրեն Պետրոսյանը, արձագանքելով նրան, հետադարձ մեղադրանքներ է հնչեցրել. «Երբ Գառնիկ Դանիելյանն ինձ ասում է՝ Նիկոլի օրակարգով եմ եկել, ինքը չպետք է մոռանա, որ հենց այսօրվա պառլամենտական ընդդիմության ու Դաշնակցության շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը ու մարսեց դա, հետո հայաթափեց ու մարսեց, հնարավոր բոլոր զիջումներն արեց ու անում է և էլի մարսում է։ Ասեմ ավելին՝ քանի իրենք կան, եթե Սյունիքն էլ հանձնի, էլի մարսելու է։ Հետևաբար, իրենք Նիկոլ Փաշինյանի երազանքի ընդդիմությունն են»:
Կարդացեք նաև
Այսօր «Հայելի» ակումբում Գառնիկ Դանիելյանը այսպես պատասխանեց նրան. «Ես էս թեմային անդրադառնում եմ ու վերջնականապես փակեմ այս թեման: Տավուշ են եկել տարբեր մարդիկ, ես ասել եմ՝ անձնական խնդիրները, հարցերը դնում ենք մի կողմ, բոլորին գրկաբաց ընդունում ենք: Մեկը չկա, որ ասի՝ եկել է Կիրանց կամ Ոսկեպար, արժանացել է ոչ բարյացակամ վերաբերմունքի կամ ընդունելության: Որոշների հետ պայքարը մինչեւ հիմա շարունակում ենք: Մենք պայքարը շարունակում ենք առանց որեւէ նախապայմանի, ասել ենք՝ սա հաշտության օրակարգով է: Այսօր ուզենանք՝ 100 բաժանարար գծեր կարող ենք ստեղծել մարդկանց հետ, ասենք՝ չենք ուզում համագործակցել: Բայց սա հայ ժողովրդին որեւէ դրական բան չի տալու:
Մենք խաղի կանոնները ֆիքսել ենք, ասել ենք՝ սա սեւ ու սպիտակի շարժում չէ, եռագույն է ու եռագույնի մեջ ընդգրկվել են բոլոր ուժերը՝ արեւմտյան կլինեն, հյուսիսից կլինեն, ռուսամետ, հարավից կլինեն: Սա պիտի լինի վերկուսակցական, համազգային շարժում: Բայց մարդիկ կան, որոնք մտածել են՝ չէ, պիտի էդպես չլինի, իրենք պիտի նախապայմաններ դնեն՝ էս մեկը լինի, էն մեկը չլինի, էս մեկը գա, էն մեկը չգա: Սա անընդունելի է եւ իմ խոսքը վերաբերվում է հենց դրան, որ որեւէ մեկը իրավունք չունի նախապայմաններ դնել, բաժանարար գծեր դնել ու պայմաններ թելադրել: Ու հատկանշանականն այն է, որ հիմնականում նախկիններից, էս կուսակցություններից, բանից խոսում են այն մարդիկ, որոնք նախկինում շատ ակտիվ եղել են կուսակցական գործիչներ մինչեւ 2018-ը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ՀՅԴ-ն կարող է յուրաքանչյուր րոպեի համար պատասխան տալ՝ ոչ միայն 90-ականներից: Նայեք Ազգային հերոսների ցանկը, տեսեք՝ ինչ ընկերներ եմ ես կորցրել: Էդ հարյուրավոր հերոս տղաները, որ 90-ականներից մինչ այսօր պայքարում են հայ ժողովրդի ազատագրման ու Արցախի պաշտպանության գործում: 2020-ին կամավորական ջոկատները ՀՅԴ-ական մեկնել են առաջնագիծ՝ պաշտպանելու Արցախի մեր քույրերին ու եղբայրներին առաջին իսկ վայրկյանից, մեր ընկերները արյուն են տվել Արցախի ազատագրման համար, 56 ՀՅԴ-ական ընկերներ Հայաստանից միայն հուղարկավորվել են, չեմ ասում Արցախի ՀՅԴ-ականների մասին, ամբողջ իրենց կարողությունը ներդրել են Արցախի պաշտպանության մեջ ու որեւիցե մեկը բարոյական իրավունք չունի որեւէ կերպ անուն դնելու, էդ արածների 1%, 0,1%-ն էլ չունեն արած:
Մարտակերտի առաջնագիծը ո՞վ է պահել, դո՞ւք եք պահել, բա որտե՞ղ եք եղել դուք, անբարոյականություն է: Երբ կատարված աշխատանքը չես գնահատում, էդ ուրիշ հարց է, բայց որ ՀՅԴ-ին մեղադրեն Արցախի հանձնման մեջ, դա անբարոյականության գագաթնակետն է: Գոնե եթե չեք էլ գնահատում, խոսելու իրավունքը չունեն: Եթե դրա 1%-ը արած լինեին, ես շնորհակալություն կհայտնեի յուրաքանչյուրին կատարած աշխատանքի համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ