Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելացել է զուգընկեր սահմանումը, խստացվել ազգականի, զուգընկերոջ կողմից կատարված արարքի պատիժը. Զարուհի Բաթոյան

Հուլիս 02,2024 13:22

Ընտանեկան բռնության փոփոխված օրենքը ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից: Նոր օրենքում նախկին 23 հոդվածից 11-ը փոփոխության է ենթարկվել: Փոփոխությունները խորհրդարանում շուրջ երկու տարի քննարկվել են։

Բուռն էր ընդունվել հատկապես «զուգընկեր» բառը։ Շատերը պնդում էին, թե դա սեռական փոքրամասնությունների համար է, օրենքի հեղինակներն էլ ընդգծում էին, որ օրենքը պետք է հավասար կիրառվի բոլորի համար: Քննչական կոմիտեն 2023-ին ընտանեկան բռնության դեպքերով 1848 քրեական գործ է հարուցել՝ այս թիվը 2022-ի համեմատ աճել է 888-ով:

«Առաջին օրենքն ընդունվել էր 2017թ եւ ուժի մեջ էր մտել 2018-ին: Մենք ունեինք օրենքի կիրառման բավականին երկար փորձ, եւ այս նախագիծն առաջին մեծ փոփոխությունն էր ուղղված այդ պրակտիկայում ի հայտ եկած բացերին»,-Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում նշեց օրենքի համահեղինակ, ՀՀ ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը:

Հավելեց, որ փոփոխությունները իրականացրել են Կանանց աջակցման կենտրոնի եւ այլ ՀԿ-ների առաջարկների հիման վրա, որոնք արդեն աշխատում ենք ընտանեկան բռնության կամ կանանց իրավունքների ոլորտում, ինչպես նաեւ պետական մարմինների ներկայացուցիչների առաջարկները հաշվի առնելով:

«Հիմնական փոփոխությունները վերաբերում են ընտանեկան բռնության օրենքին, բայց նաեւ ներառվել են 10 օրենքներ եւ օրենսգրքեր»,-հավելեց նա:

Զարուհի Բաթոյանն անդրադարձավ էական փոփոխություններից մի քանիսին. «Նախ՝ հիմա օրենքը կրում է Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենք վերնագիրը, մենք վերանայել ենք սահմանումները… Բավականին լայն նկարագրություն ենք տվել ընտանեկան բռնության տեսակների սահմանմանը՝ ինչ ասել է ֆիզիկական բռնություն, սեռական բռնություն, հոգեբանական եւ տնտեսական բռնություն…Մենք կարծում ենք, որ այս օրենքը ոչ միայն իրավակիրառողների համար է, այլեւ կրթական եւ կանխարգելիչ բնույթ է կրում, հետեւաբար այս պրակտիկան ենք կիրառել, որը միջազգային փորձ ունի:

Ինչ վերաբերվում է Քրեական օրենսգրքին, այնտեղ վերանայել ենք ծանրացնող հիմքերը, շուրջ 19 հոդվածում ծանրացնող հիմք ենք սահմանել այն դեպքերի համար, երբ արարքը կատարվել է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից: Նման դեպքերում ավելի ծանր պատիժ է նախատեսվում: Նոր հանցակազմ ենք ներառել՝ հետամտումը… Բավականին բուռն քննարկումների տեղիք է տվել զուգընկեր սահմանումը, որը նախկինում չկար, եւ այս հարաբերություններում բռնության ենթարկված մարդիկ պաշտպանության խնդիր ունեին: Առաջարկը եկել է մեր իրավապահ համակարգից:

Տարբեր ծառայություններ եւ նոր երաշխիքներ ենք սահմանել, որոնք ուժի մեջ կմտնեն 2025 թվականից: Մասնավորապես, օրինակ, առողջապահական ծառայությունների մասով այսուհետ կտրամադրենք ոչ թե առաջնային բուժօգնություն, այլ ընդհանրապես առողջապահական այն ծառայությունները, որոնք անհրաժեշտ կլինեն բռնության հետեւանքով ի հայտ եկած խնդիրները լուծելու համար: Սա եւս պետական միջոցներով կֆինանսավորվի:

Մի շարք գործընթացներ, որոնք ուղղված են պաշտպանության բարելավմանը, դատարանի կողմից կայացված որոշումների ժամկետներին, նշեմ, որ կրճատվել են ժամկետները, որպեսզի ավելի արագ լինեն լուծումները»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031