Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այն, ինչ մենք տեսանք Մեղրիում, սարսափելի մի պատկեր էր, Մեղրին էլ են վերածում դժգույն ու դժբախտ քաղաքի, որ ասեն՝ բան չկա, սարեր են». Գառնիկ Դանիելյան

Հուլիս 02,2024 12:11

«Առաջին արձանագրումը, որ պետք է անեմ, հետեւյալն է՝ այն միլիոնավոր, միլիարդավոր դրամները, որ ծախսվում են ճանապարհաշինության համար, ամբողջությամբ մսխվում են: Ամեն տարի ճանապարհ նորոգելով ու այսքան գումարներ մեր հարկատուների հաշվին ծախսելով՝ մենք էլի ունեինք ահավոր ճանապարհներ: Խայտառակ վիճակում էին ճանապարհները: Էն, որ գովում են՝ ասֆալտ՝ ասֆալտ գոյություն ունի»,- այսօր «Հայելի» ակումբում ներկայացնելով «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» այցը Սյունիք՝ ասաց շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ Իրանից եկող բեռնատարները իրար շալակ են ելել ու խցանումներ էին, այն էլ՝ այս ամռան սեզոնին. «Այն, ինչ տեսանք, շատ ահավոր էր: Ասֆալտով կերակրում են մարդկանց, բայց համ ասֆալտը չկա, համ գումարները չկան: Ամեն տարի մեկ միլիարդ դոլար մեր պարտքն են ավելացնում, իբր ճանապարհներ ենք կառուցում, բայց այդ ճանապարհներն էլ չկան, այդ վարկերի տակ ճռռալու է հայ մարդը: Սերունդների վրա պարտք թողելով՝ մենք հարստացնում ենք իշխանամերձ շրջանակներին: Իսկ այդ ասֆալտի տենդերները գիտեք ովքեր են շահում, ում բարեկամներն են շահում, այդ անորակ ասֆալտ անողները»:

Անդրադառնալով Մեղրիին, Գառնիկ Դանիելյանն ասաց, որ պետական հաստատություններն այնտեղ չեն գործում՝ կադաստրը չկա, դատարանը չի գործում, դիահերձարանը չկա, մարդիկ ստիպված են իրենց ընտանիքի անդամներին հուղարկավորելու համար տանել Կապան, դիահերձարանից օգտվել, նորից հետ բերել Մեղրի. «Խայտառակ իրավիճակ է: Նոտարական գրասենյակ չկա: Կենդանիների համար սպանդանոց չկա, որը խոչընդոտում է անասնապահության զարգացմանը: Շատ տխուր պատկեր էր: Այնտեղի գյուղեր տանող ճանապարհները ահավոր վիճակի մեջ էին: Այն, ինչ մենք տեսանք Մեղրիում, սարսափելի մի պատկեր էր: Իշխանությունը տանում է մի քաղաքականություն, որից տպավորություն է, որ Մեղրին մեզ պետք չի: Ուրվական քաղաք: Սա պետական քաղաքականություն է՝ ուղղված ՀՀ հարավային դարպասներին, որը մեր պետականության համար գիտեք ինչ նշանակություն ունի: Մեղրին էլ են վերածում դժգույն ու դժբախտ քաղաքի, որ ասեն՝ բան չկա, սարեր են, դատարան, բան չկա: Վախի մթնոլորտ էին ստեղծել Մեղրիում, մարդկանց ստիպել էին, որ հանկարծ չգնաք, չմասնակցեք հավաքներին, այլապես կենթարկվեք կամ քրեական պատասխանատվության, կամ աշխատանքից կազատվեք: Ծառերի տակ էին կանգնած, հարցնում էինք՝ ինչի չեք գալիս առաջ, ասում էին՝ Նիկոլ Փաշինյանի այցից հետո բազմաթիվ քրեական գործեր կան: Տոտալ բռնաճնշումներ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարները՝ «Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031