Մեր ժողովուրդը մի ցավոտ մականուն է ձեռք բերել` ուտող-խմող
«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ վաստակավոր նկարիչ, Երեւանի նախկին գլխավոր նկարիչ Սամվել Սեւադան է:
– Երեւանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդային վահանակները: Երեւանի քաղաքապետարանը կարծում է, թե դրանք են մայրաքաղաքը տգեղացնում: Աշխարհի առաջադեմ եվրոպական քաղաքները տարեցտարի ավելի են գեղեցկանում, իսկ Երեւանն օրեցօր այլանդակվում է տգեղ ու թամանյանական ճարտարապետության հետ կապ չունեցող շինություններով: Ով ինչ որտեղ ուզում` կառուցում է: Ձեր տպավորությամբ` ինչպիսի՞ն է այսօր Երեւանը, եւ վերադառնալով գովազդային վահանակներին` ի՞նչ ազդեցություն ունեն դրանք քաղաքի տեսքի վրա:
– Երեւան քաղաքի վիճակը լավ չէ: Երկար տարիներ երգում էին վարդագույն Երեւանի մասին: Շատ լավ կլիներ, որ մայրաքաղաքը սկզբունքորեն պահեր իր վարդագույն մականունը: Այդկերպ աշխարհի բոլոր քաղաքներից կտարբերվեր` վարդագույն տուֆով, որը հայկական քար է եւ այսօր նույնիսկ արտահանվում է արտերկիր: Լավ կլիներ, որ Երեւանը մնար այդպիսին, մնար վարդագույն, բայց…. ինչ վերաբերում է գովազդային վահանակներին, ապա պետք է ասեմ, որ դրանք կան աշխարհի բոլոր երկրներում, բոլոր քաղաքներում, մեզ մոտ ուղղակի այդ ամենը համակարգված չէ, քաղաքն իսկապես ծանրաբեռնված է ավելորդ գովազդային վահանակներով: Բացի դա, նույն այդ վահանակները շատ հաճախ խանգարում են երթեւեկությանը` իրենց ավելորդ լուսավորությամբ եւ այլն: Մյուս կողմից էլ` բոլոր քաղաքներում է այդ պատկերը: Նույնիսկ համեմատաբար փոքր քաղաքներում կա նման խնդիր: Օրինակ` Աբովյան քաղաքն այս առումով շատ ծանրաբեռնված է: Ամենուր` առանց թույլտվության շենքեր են կառուցվում, գովազդներ են փակցնում խանութների վրա՝ հաշվի չառնելով անցորդների անվտանգության հարցը: Եթե դրանք կոտրվեն ու ընկնեն անցորդների վրա, հետեւանքները կլինեն անդառնալի: Ժամանակին ես Լոս Անջելեսում ուսումնասիրել եմ այդ հարցերը` աշխատանքի բերումով: Այնտեղ հատուկ պրոցեսներ են տեղի ունենում, եւ մինչեւ համապատասխան ստուգում չանցնեն, չստանան թույլտվություն, չեն կարող դրանք փակցնել: Հայաստանում պատկերն այլ է, անգամ այս փոփոխություններից հետո: Երեւանն ավելորդ շատ են ծանրաբեռնել, այն ուղղակի չի շնչում այսօր: Աշխարհում կան մեծ քաղաքներ, որոնք տարբեր կերպ թեթեւացնում են քաղաքի ծանրաբեռնվածությունը, այս առումով մեզ մոտ ոչինչ չի արվում: Քաղաք մտնելը դարձել է հանցագործություն:
Կարդացեք նաև
– Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վերջերս մի հայտարարություն էր արել: Նշել էր, որ հերիք է խաչքարեր տեղադրենք, մնում է ամեն մեկի ոտքից մի խաչքար կապենք եւ այլն: Համաձա՞յն եք այս պնդումների հետ:
– Դե, նայած թե ինչի մասին է խոսքը: Եթե միջնադարյան խաչքարերի մասին է խոսքը, որոնք դրված են Նորատուսում, կամ գերեզմանների խաչքարերը, դրանք ունեն այլ նշանակություն, բայց հիմա քաղաքներում, գյուղերում սարերի վրա խաչեր են շարում, ես դրանց կտրականապես դեմ եմ: Մետաղից, չգիտես ինչեր են սարքում, հիմա էլ մոդա է, վրան լույսեր են դնում, որ թշնամին լավ իմանա՝ որտեղ կան բնակավայրեր: Էլ չեմ խոսում ճաշակի մասին: Առանց չափուձեւի, առանց հասկանալու, թե թեւերի լայնությունն ինչքան պիտի լինի, լայնությունը՝ ինչքան, վերցնում, խաչ են սարքում: Ես դրանց դեմ շատ եմ պայքարել, անգամ մի քանի անգամ դիմել եմ համայնքապետարաններ, բայց ոչինչ չի փոխվել: Ինչ վերաբերում է խաչքարերին, ապա դրանք ունեն հստակ տեխնոլոգիա: Կան քանդակագործներ, որոնք զբաղվում են հենց խաչքարերով: Եթե լավ արված գործ է, ճաշակով է, ոչ մի բացասական բան չկա այդտեղ, մենք քրիստոնյա ազգ ենք:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: