Փաշինյանն, ուրեմն, խոսում է, այն մասին, թե «ընտրակեղծիք» և «ընտրությունների արդյունքների կեղծում» արտահայտությունները (երևույթները), իբր, պատմության գիրկն են անցել, այլևս նման բաներ «Նիկոլի թվի Հայաստանում» չկան: Ծիծաղո՞ւմ եք: Անկեղծ ասած՝ մենք ևս: Հայաստանում «ընտրակեղծիքներ» այլևս չկան այն աստիճանի, որ վերջերս, կհիշեք, մեծ աղմուկ բարձրացավ մամուլում՝ հենց ՔՊ-ի վարչության ընտրության արդյունքները կեղծելու մասին տեղեկությունների հետ կապված: Սակայն դա դեռ թողնենք իրենց ներկծիկային պարզաբանումներին:
Ավելի ցցուն փաստեր: Նախ՝ թե՛ 2018-ին, թե՛ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում (հատկապես՝ 2021-ի), թե՛ 2023-ի Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյանի գլխավորած իշխանությունը վերարտադրվելու նպատակով չարաշահել ու գերչարաշահել է «վարչական ռեսուրսը»: Սա տեղով մեկ ընտրախախտում է ու անհերքելի իրողություն:
Երկրորդ՝ 2021թ. արտահերթ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը միայն «թղթի վրա» է հրաժարական տվել (տեխնիկական հրաժարական), այնինչ, իրականում ու գործնականում շարունակել է կատարել վարչապետի պարտականությունները՝ ձևականորեն միջնորդավորված:
Երրորդ. գրեթե բոլոր խոշոր ու միջին համայնքներում, սկսած Երևանից, վերջացրած Վանաձորը, Ալավերդին, Սիսիանն ու մնացածն էլ ձեզ՝ փեշքեշ, Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն զբաղվել են հետընտրական իշխանազավթմամբ: Դա դրսևորվել է հետևյալ կերպ. այն խոշոր համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է, անմիջապես ոստիկանական հալածանքներ են սկսվել հաղթող թեկնածուների նկատմամբ: Վանաձորի քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանը բացառապես այդ պատճառով է մինչ օրս բանտարկված: Մյուսների դեպքում գործադրվել է շանտաժ, ահաբեկում: Որոշ համայնքներում, որտեղ բնականորեն պարտվել են, չնայած վարչական ռեսուրսի տոտալ չարաշահմանը, ի վերջո, հասել են նոր ընտրությունների:
Կարդացեք նաև
Ի՞նչ է այդ ամենը, եթե ոչ հենց ընտրությունների արդյունքների կեղծում: Էլ չենք խոսում Երևանի ավագանու ընտրությունների մասին, որոնց արդյունքում ՔՊ-ն միայն ինչ-ինչ ձեռնածությունների հաշվին կարողացավ «պահել» իշխանությունը:
… Փաշինյանը, պատկերացնո՞ւմ եք, խոսել է «հավաքների ազատության» մասին:
Չէ, բայց հիրավի պետք է ցինիզմի անսպառ պաշար ունենալ դրա համար: Հավաքների ազատության մասին է խոսում ղեկավարը մի կառավարության, որի ոստիկանությունը, հատկապես կարմրասև բերետակիրներով, հարձակվում է անգամ փոքր քանակով բողոքի խաղաղ, անզեն ակցիա իրականացնող քաղաքացիների վրա: Հավաքների ազատության մասին է խոսում ղեկավարը մի կառավարության, որ բառացիորեն 2 շաբաթ առաջ հրահրել ու իրականացրել է հունիսի 12-ի արյունահեղությունն ու խաղաղ, անզեն ցուցարարների վրա վայրագ հարձակումը:
Մի խոսքով, Փաշինյանի ելույթը «Ժողովրդավարության հայկական ֆորումում» դառը հեգնանք էր իրականության նկատմամբ:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում