Պատկերացրեք մի պահ, որ վարչապետ Փաշինյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում եւ պնդում է, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում ապրող հայերն իրենց վատ են պահել, դրսեւորել են ռուսամետություն, եւ օսմանյան կառավարությունը ստիպված էր նրանց տեղափոխել պետության այլ տարածքներ: (Գուցե «խաղաղության օրակարգի» շրջանակներում նման բաներ ասելու կարիք լինի):
Արդյո՞ք ՀՀ առաջին դեմքի նման հայտարարությունն այսօր համընդհանուր զայրույթ կառաջացնի Հայաստանում: Վստահ եմ, որ չի առաջացնի. այդպիսի արձագանք կլիներ 10, 20, 30 տարի առաջ, բայց ոչ այսօր: Հիմա էլ, իհարկե, հասարակության մի մասը կզայրանա, մյուս մասը բացարձակապես անտարբեր կլինի, իսկ երրորդ՝ ամենաագրեսիվ եւ աղմկոտ մասը կաջակցի Փաշինյանին հետեւյալ «փաստարկներով». «Բա ճիշտ է ասում, վերջապես ճշմարտությունը հնչեց, 100 տարի լացել ենք, ի՞նչ ենք շահել: Բա ռուսները, բա դաշնակները, բա նախկինները: Չե՞ք տեսնում, ինչ լավ են Երեւանում աշխատում նոր ավտոբուսները, եթե չեք տեսնում ուրեմն պիցցայակեր եք, ռսաստրուկ եւ հինգերորդ շարասյուն…»:
Եվ քանի որ այդ կարծիքն ամենաբարձրաձայնն է հնչելու, նրանք, ովքեր ծանոթ են պատմական փաստերին եւ զայրացած են դրանց խեղաթյուրմամբ, աստիճանաբար կլռեն: Կամ էլ կխոսեն, բայց կհայտնվեն հասարակության լուսանցքում: Գործելու է Է.Նոյել-Նորմանի հայտնաբերած «լռության պարույրի» օրինաչափությունը, երբ մարդիկ միանում են «ճղճղան» եղանակով արտահայտած կարծիքին՝ վախենալով «սպիտակ ագռավ» երեւալ:
Ինչի՞ համար եմ ես այս մտափորձն անում: Նպատակս է ցույց տալ, թե որքան ենք մենք դեգրադացվել: 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մեր հասարակության պահվածքն ինձ համար ցուցիչ է այդ խորը, անդառնալի այլասերման. մարդիկ պատրաստ են լուռումունջ կուլ տալ իշխանության ստերը թե՛ բանակցային գործընթացի, թե՛ պատերազմում պարտության պատճառների, եւ թե՛ պարտությանը հետեւած իրադարձությունների մասին: Այլասերումը, բնականաբար, չէր կարող տեղի ունենալ 6 տարում, դա տասնամյակների գործընթաց է, եւ դա, անշուշտ, պետական, քաղաքական եւ մտավոր վերնախավի մեղքն է:
Կարդացեք նաև
Փաշինյանը (եկեք այս հարցում նրան արժանին մատուցենք) շատ լավ ճանաչում է ՀՀ քաղաքացիների հիմնական զանգվածին: Եվ ես չեմ զարմանա, եթե նա (նույն օրակարգի շրջանակներում) մի օր ասի, որ Հայաստան երբեք չի եղել, եւ այն տարածքը, որտեղ մենք ապրում ենք, Ադրբեջանից զավթած հողերն են: Դարձյալ վստահ եմ, որ դա նորմալ կընդունվի այդ զանգվածի կողմից:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Փաշինյանը պատմությունն ու գրերն էլ է փոխելու։ Ոչ ոք չի կարող իրեն խանգարել դա անել, քանի որ այն մարդիկ, որոնք կհակադրվեին իրեն, կպայքարեին իր քաղաքականության դեմ, ամեն տարի պակասում են, արտագաղթում։ Փոխարենը Հայաստանում այլ ազգերի ներկայացուցիչներն են շատանում։
Իհարկե այս աղետից կարելի էր խուսափել։ Դրա համար պետք էր 2021թ-ին պատրաստ լինել մեժել ՔՊ-ին, առանց «բայց»-երի և «եթե»-ների։
Մենք այս 30+ տարիների ընթացքում սեփական դիրքորոշման պաշտպանություն չենք ունեցել,մենք մեզ միշտ պահել ենք երեխայի նման,որը հաստ հետույքով ծյոծյայի հետևից լեզու ա հանել իրեն նեղացնողներին։”հելնեմ սարի գագաթին թքեմ թուրքի ճակատին”: Շատ ծիծաղելի է,բայց լուրջ չէ,ճիշտն ասած ծիծաղելի էլ չէ։
Մինչև 2020 թվականը շատ էի տեսնում մեքենաների վրա պատկերված երեխա,որը միզում է Ալիևի գլխին։ Ինչպիսի հայրենասեր վարորդ ,տեսնես հիմա ուր է այդ վարորդը, երևի հիմա այդ վարորդը հայրենասիրական հոդվածներ է գրում,սրբազանի հետ է շրջում ,մի խոսքով,կարծում եմ,շարունակում է իր հայրենասիրական գործը։
Պետք չի Սրբազան շարժմանը «տեխնիչնի» քլնգել, թե իբր այդ շարժմանը միացել են հայրենասիրություն խաղացող փուչ վարորդներ և կարծել, որ այդպիսի մարդիկ են շրջում Բագրատ Սրբազանի հետ: Իշխանությունների ու նրա հատուկ ծառայությունների հիմնական զբաղմունքը Բագրատ Սրբազանի ու ամբողջ շարժման վրա աղբ թափելն է և կարիք չկա մենաբանություն գրողներն էլ իրենց հերթին փոքր աղբի չափաբաժիններ ավելացնեն այդ գործընթացի վրա:
Ո՛չ մի խոսք չունեմ ասելու։ Պ-ն Աբրահամյան , դուք այնքան բարձր մակարդակով եք Ձեր առաջնորդող հոդվածները գրում, որ արդեն ավելորդ կլինի որեվէ բան ավելացնել։ Շնորհակալություն Ձեզ։
՛Առավոտ”ի հավատարիմ , ա՛յն տարիներին հացի համար նախատեսված դրամով Ձեր լրագիրը գնող ընթերցող,
Գ․Բ ․
Նյու Յորք, ԱՄՆ