«Ազատություն». Ադրբեջանի նախագահն այսօր վերստին պնդել է՝ խաղաղության պայմանագրի կնքման կարևորագույն պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ դրանում, ըստ Իլհամ Ալիևի, տարածքային պահանջներ կան իր երկրի նկատմամբ:
«Քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի: Դա հասկանալի է», – APA գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը Կանադայի նորանշանակ դեսպան Քևին Համիլթոնի հավատարմագրերն ընդունելիս:
Ալիևը վստահեցրել է, թե այդ պայմանը կատարելու դեպքում խաղաղության պայմանագրի տեքստի կամ առնվազն դրա հիմնական սկզբունքների վրա աշխատանքը հնարավոր կլինի ավարտել մի քանի ամսվա ընթացքում: Հնարավոր տարբերակներից մեկը նա համարել է հիմնական սկզբունքների նախաստորագրումը:
Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ «ներկայումս տեսնում ենք լավագույն արդյունքները երկկողմ մակարդակով»: «Ոչ ոք չի միջամտում այս գործընթացին», – հավելել է Ալիևը:
Կարդացեք նաև
«Մենք կարող ենք համաձայնության գալ սահմանների սահմանազատման և նույնիսկ, ինչը հազվադեպ է լինում, դրանց սահմանագծման հարցում: Ճիշտ է, խաղաղության համաձայնագիրը ստորագրված չէ, սակայն արդեն հասել ենք սահմանների սահմանազատման», – ասել է Ադրբեջանի նախագահը:
Վերադարձի իրավունքի մասին դեսպանի մեկնաբանությանը Ալիևը պատասխանել է, թե «վերադարձի իրավունքը պետք է ապահովվի երկուստեք, այդ թվում պետք է վերաբերվի Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչներին», – փոխանցում է ադրբեջանական պարբերականը: