Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հասարակությունը զոհ է ներքին տեղեկատվական պատերազմին»․ Աշոտ Մելիքյան

Հուլիս 01,2024 21:21

«Ցավոք, մեզանում դեռևս չի ձևավորվել այնպիսի միջավայր, որտեղ լրատվամիջոցը գործեր որպես բիզնես և կարողանար ինքն իր հարցերը լուծել»,-Ժողովրդավարության հայկական ֆորումի «Տեղական և միջազգային գործընկերների դերը հայկական մեդիայի զարգացման գործում» պանելային քննարկման ժամանակ ցավով նշեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը։

Նա ընդգծեց՝ ժողովրդավարության ամենագլոբալ մարտահրավերը ժողովրդավարության հենասյուներից մեկի՝ խոսքի ազատության արժեզրկման փորձերն են, որոնք շատ ակտիվ են տեղի ունենում․ «Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ դա նշում են։ Եթե խոսենք հայաստանյան իրականության մասին, հաճախ ասում են՝ այս ֆեյքնյուզերը, ապատեղեկատվությունը հայհոյախոսությունը սա՞ չէ ձեր խոսքի ազատությունը։ Մենք, իհարկե, պարտավոր ենք պատասխանել ու ասել՝ ոչ, խոսքի ազատությանը միգուցե ուղեկցող այդ երևույթները՝ որպես տեղեկատվական աղբ, ազատության հետ մի ուղղությամբ գնում են, բայց խոսքի ազատությունը պատասխանատու խոսքն է, պրոֆեսիոնալ խոսքն է»։

Աշոտ Մելիքյանն ասաց՝ դա է պատճառը, որ ժամանակակից մարտահրավերներին համարժեք արձագանքելու համար որոշեցին, որ պետք է ակտիվացնել աշխատանքը ԶԼՄ-ների ինքնակարգավորման ուղղությամբ և շատ ավելի ակտիվացնել հասարակության մեդիագրագիտության բարձրացումը․ «Ավելին հնարավոր չէ անել՝ չվնասելով խոսքի ազատությունը։ Այն օրենսդրական սահմանափակումները, վարչական ռեսուրսները, որոնք կարող են կիրառվել միգուցե ազնիվ մղումներով, չնայած հաճախ ոչ ազնիվ մղումներով էլ են նման սահմանափակումներ կիրառվում, դրանք չեն կարող խոսքի ազատությանը չվնասել, դա ավելի վտանգավոր է, քան մնացած երևույթների առկայությունը։ Եթե դրանց դեմ պայքարելու պատկերացում ունենք, այդպիսի կոշտ սահմանափակումների պարագայում դա հնարավոր չի լինի»։

Աշոտ Մելիքյանը նկատեց՝ նոր իշխանությունն արդեն նոր տեղեկատվական միջավայրում սկսեց իր դիրքերն ամրացնել․ «Արդյոք սա զուտ հայկակա՞ն երևույթ է, բայց կան բևեռացման տաբեր մակարդակներ։ Բևեռացումն առհասարակ կարող է խանգարել լրատվական դաշտին և կարող է ոչ այնքան ազդեցություն ունենալ։ ՀՀ-ի առանձնահատկությունն այն է, որ մեր հասարակությունը փաստորեն ականատես է, զոհ է ներքին տեղեկատվական պատերազմին։ Մեզանում անկախ լրատվամիջոց կամ չկա, կամ դրանք կարելի է հաշվել մեկ ձեռքի վրա»։

Քննարկման լրագրողներից մեկը նկատեց՝ որակյալ լրատվամիջոցներին գոնե երեք տարի պետք է աջակցություն ցուցաբերել, որպեսզի ոտքի կանգնեն։ Այս առիթով «Ինտերնյուս» միջազգային կազմակերպության հայաստանյան ծրագրի տնօրեն Կորինա Չեպոյն ասաց․ «Այս փորձն արվել է․ դժբախտաբար, ինքնաբավ չի դարձել լրատվամիջոցը, հենց ֆինանսավորումն ավարտվել է, ԶԼՄ-ի գործունեությունը ևս ավարտվել է։ Պետք է ցավոտ փոփոխությունների գնալ, ինչը դժվար է։

Պետք է նախ լրատվամիջոցները փորձեն հիմնական փոփոխություններն իրականացնել, ինչը դժվար ու ցավոտ է։ Մենք էլ այստեղ ենք դրան աջակցելու համար։ Մենք դեռ չորս տարի այստեղ ենք, մեր, ԵՄ-ի  աջակցությունը թույլ կտա, որ լրատվամիջոցները դառնան ֆինանսապես ավելի կայուն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031