Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինքնաբավ մեդիամիջավայր ունենալը շատ կարևոր է»․ Կորինա Չեպոյ

Հուլիս 01,2024 19:55

«Մենք գտնում ենք, որ ԶԼՄ-ները վերահսկող դերակատարություն ունեն։ Լրագրողները պետք է հետևեն, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում, քաղաքական գործիչները որտեղ են հաջողում, ձախողում։ Ձեր դերն է հանդես գալ, տեսնել, թե արդյոք պետական ինստիտուտներն իրենց գործառույթներն իրականացնո՞ւմ են, ուժի չարաշահում, պաշտոնական դիրքի չարաշահում լինո՞ւմ է, թե՝ոչ»,- Ժողովրդավարության հայկական ֆորումի «Տեղական և միջազգային գործընկերների դերը հայկական մեդիայի զարգացման գործում» պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։

Նա կարևորեց հետաքննական լրագրությանն աջակցությունը և նշեց․ «ՀՀ-ում այս ուղղությունը դեռ զարգացման կարիք ունի։ ԶԼՄ-ները նաև պետք է կրթեն հանրությանը ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների և այլ հարցերի շուրջ։ ԶԼՄ-ները նաև հանրային դիսկուրսի համար հարթակ են։ Հանրային խոսույթը տեղի է ունենում նաև ԶԼՄ-ների միջոցով։ Նպատակն է, որ լրատվամիջոցներն ապահովեն առողջ դիսկուրս, որը կբերի հանրային կարծիքի ձևավորմանը։ ԶԼՄ-ները պետք է ձայն տան այն անձանց, որոնք քիչ լսելի են հանրության շրջանում»։

Ֆրանկ Հեսսը նաև հայտնեց՝ իրենց աջակցության մյուս կարևոր ոլորտը կառավարության բարեփոխումներին աջակցելն է․ «Մենք կառավարությանն աջակցել ենք ռազմավարական հաղորդակցության արշավի շրջանակներում։ Դա դեռ չի նշանակում, որ կառավարության բոլոր գործողությունների հետ համաձայն ենք։ Փորձում ենք աջակցել, որ հնարավորինս արդյունավետ իրականացվեն բարեփոխումները և որ կառավարությունը հանրային հաղորդակցությունն իրականացնի բարձր մակարդակով»։

«Ինտերնյուս» միջազգային կազմակերպության հայաստանյան ծրագրի տնօրեն Կորինա Չեպոյն էլ նշեց՝ ոչ միայն աջակցություն են տրամադրում մեդիաոլորտում, այլև առնչվող ոլորտներում․ «Աջակցում ենք ԶԼՄ-ների, մեդիագրագիտության զարգացմանը»։ Միևնույն ժամանակ ասաց․ «Դոնորներն աջակցում են ԶԼՄ-ների տեսլականներին ու ծրագրերին։ Միգուցե մենք վաղն այստեղ չլինենք։ Քաղաքական իրավիճակը շատ անկայուն է հիմա ՀՀ-ում և ամենուր․ չգիտենք՝ դեռ որքան ժամանակ ԶԼՄ-ները դեռ կվայելեն դոնորների աջակցությունը։ Ուստի որքան լավ կառավարվեն ԶԼՄ-ները, որքան ավելի ամուր կապված լինեն իրենց լսարանի հետ, իրենց ֆինանսական կառավարումը որքան արդյունավետ լինի, այնքան ավելի հեշտ կլինի անցնել դժվար ժամանակների միջով։ Ինքնաբավ մեդիամիջավայր ունենալը շատ կարևոր է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031