Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գոնե բարի եղեք փաստեր ստուգեք, մյուս կողմի կարծիքները ներկայացրեք, որ գոնե ձեր լսարանը կարողանա այլ կարծիքների հետ ծանոթանալ». Աշոտ Մելիքյան

Հուլիս 01,2024 18:14

Այսօր՝ հուլիսի 1-ին, երրորդ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» շրջանակում տեղի ունեցավ պանելային քննարկում «Տեղական և միջազգային գործընկերների դերը հայկական մեդիայի զարգացման գործում» խորագրով:

Պանելային քննարկման բանախոսներն էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, «Ինտերնյուս» միջազգային կազմակերպության հայաստանյան ծրագրի տնօրեն Կորինա Չեպոյը,  «Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի» ազգային խորհրդատու Նվարդ Հովհաննիսյանը և «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն ասաց, որ Հայաստանում լրատվական դաշտը թափանցիկության ու հաշվետվողականության խնդիր ունի։

«Լրատվամիջոցներում աշխատող մարդիկ վերահսկողների՝ watchdog-երի ֆունկցիան ունեն և պետք է հետևեն՝ քաղաքական գործիչները որտեղ են հաջողում, որտեղ են ձախողում։ Ձեր դերն է տեսնել՝ արդյո՞ք ինստիտուտներն իրենց գործառույթներն ըստ պատշաճի են իրականացնում»,- ասաց Հեսսը՝ նկատելով, որ ԵՄ-ն տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցում է հայաստանցի լրագրողներին։

ԵՄ պաշտոնյան տեղեկացրեց նաև, որ աջակցելու են Հայաստանում փաստերի ստուգման և ընտրական գործընթացների վերահսկման գործընթացներին։

Իր խոսքում Կորինա Չեպոյը կարևորեց հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը բարեխիղճ լրագրության տարածման առումով և նկատեց՝ դոնորներն աջակցում են միայն բարեխիղճ լրագրության զարգացմանը։ «Այդ պատճառով է, որ դոնորները աջակցում են ԶԼՄ-ների տեսլականներին ու ծրագրերին։ Որքան լավ կառավարվեն ԶԼՄ-ը, որքան լավ կազմակերպված լինեն ու որքան կապված լինեն լսարանի հետ, այնքան հեշտ կլինի լրատվամիջոցների համար անցնել բարդ ժամանակների ու ճգնաժամների միջով»,- ասաց Չեպոյը։


«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը Հայաստանում խոսքի ազատության արժեզրկման փորձերը համարեց գլոբալ մարտահրավեր:

«Շատ հաճախ ասվում է՝ այ էս ֆեյքնյուզը, հայհոյախոսությունը, սա չէ՞ ձեր խոսքի ազատությունը։ Մենք նման հարցերին ասում ենք՝ իհարկե ոչ, խոսքի ազատությունը պատասխանատու խոսքն է, խոսքի ազատությունը պրոֆեսիոնալ խոսքն է»,- հավելեց Աշոտ Մելիքյանը՝ ընդգծելով մեդիագրագիտության դերն ու լրատվամիջոցների ինքնակարգավորումը։

Ըստ Մելիքյանի, լրատվական դաշտը Հայաստանում բզկտված է, բաժանված ու լրատվամիջոցները հետապնդում են քաղաքական շահ և ոչ թե հանրային շահն են ներկայացնում, ինչը հեռու է լրագրությունից։ «Լավ, եթե նման պարտավորություն եք վերցրել, գոնե բարի եղեք փաստեր ստուգեք, մյուս կողմի կարծիքները ներկայացրեք, որ գոնե ձեր լսարանը կարողանա այլ կարծիքների հետ ծանոթանալ»,- հայտարարեց Մելիքյանը։

«Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի» ազգային խորհրդատու Նվարդ Հովհաննիսյանը, իր հերթին, նկատեց, որ Հայաստանում լրատվամիջոցները ֆինանսական կայունության խնդիր ունեն։ Այդ պատճառով «Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնը» փորձում է գույքագրել խնդիրները ու օգնել լրատվամիջոցներին։ «Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ դոնորների գումարները անվերջ չեն, հատկապես նկատի ունենալով Ուկրաինայում վերջին զարգացումները։ Այն մեդիաների հետ, որ մենք աշխատում ենք, խրախուսում ենք ստեղծել եկամտի սեփական աղբյուրները»,- ասաց Նվարդ Հովհաննիսյանը։

Քննարկումը մոդերացնում էր «ՍիվիլՆեթի» ավագ խմբագրող Ստելլա Մեհրաբեկյանը:

Ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումը» կազմակերպվում է Freedom House-ի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից:

Իրազեկ քաղաքացիների միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031