Ավարտին է մոտենում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի երկրորդ փուլը, որն իրականացվում է Արմավիրի և Լոռու մարզերում: Ծրագրին երկու մարզերից մասնակցում է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերած 41 զինծառայող: 2023թ․ օգոստոսին Ջերմուկում կազմակերպված կողմնորոշման ճամբարի արդյունքում յուրաքանչյուն շահառուի համար կազմվել է անհատական զարգացման պլան, որն էլ հիմք ընդունելով՝ ծրագրի մասնակիցները հաճախել են մասնագիտական վերապատրաստման դասընթացների, այդ թվում՝ բիզնեսի պլանավորման և կառավարման:
Բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացին մասնակցության արդյունքում ծրագրի շահառուները ներկայացրել են բիզնես պլաններ, որոնցից 27-ը հաստատվել և ֆինանսավորվել է «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից:
Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը և վիրավորում ստացած զինծառայողների շրջանում այս ծրագրի մեծ պահանջարկը՝ «Իմ քայլը» հիմնադրամը որոշում է կայացրել շարունակել այն 3 նոր մարզում: «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հուլիսի 1-ից կմեկնարկի Կոտայքի, Արարատի և Վայոց ձորի մարզերում: Այն կիրականացվի նախորդ երկու փուլերի մոդելով՝ նպատակ ունենալով նպաստել 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող պատերազմի մասնակիցների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը հասարակությանը՝ աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով: