Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք, որպես հասարակություն, պետք է որոշենք՝ որն է մեզ համար կարելիների ու չիկարելիների սահմանը, արդյո՞ք մենք ուզում ենք, որ հայհոյանք հնչի եթերում»

Հուլիս 01,2024 17:56

Հայաստանում մեդիա միջավայրի վրա ազդող գործոնները

Այսօր՝ հուլիսի 1-ին տեղի ունեցող երրորդ ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ տեղի ունեցավ պանելային քննարկում՝ «Հայաստանում մեդիա միջավայրի վրա ազդող գործոնները» խորագրով:

Քննարկման բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, «Ինֆոքոմ» լրատվականի հիմնադիր Սևակ Մամյանը, Վարչապետի աշխատակազմի Ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման բարեփոխման ծրագրերի ղեկավար Անժելա Կժդրյանը, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ, իրավաբան Արա Ղազարյանը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» պրոդյուսեր Նելլի Ռաֆայելյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորեց հասարակության մեդիագրագիտության մակարդակի բարձրացման հարցը։ Նրա խոսքով, մեդիա միջավայրի ազդեցության հարցում հասարակության մեդիակրթության և մեդիագրագիտության աստիճանը բարձրացնելը դառնում է առանցքային գործոններից մեկը։

«Կրթական համակարգն ունի հատուկ հանձնառություն և առաքելություն՝ մեդիագրագիտության բարձրացման հարցում։ Ըստ էության, ժամանակակից դեմոկրատական հասարակությունները, առանց մեդիագրագիտության բավարար մակարդակի, չեն կարող ապահովել ժողովրդավարության այն անհրաժեշտ պայմանները, որոնք ապահովելու են այդ գործընթացների մասնակցայնությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը»,- ասաց նախարարը՝ նկատելով, որ այդ ուղղությամբ մեծածավալ, բայց դեռևս ոչ բավարար աշխատանք է իրականացվում։

Արա Ղազարյանն իր ելույթում անդրադարձավ ատելության խոսքի և վիրավորանքի տարածման հետ կապված խնդիրներին: Ըստ նրա՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ խնդիրը կարելի է լուծել իրավաբանորեն՝ համակարգավորման մոդելով։ Համակարգավորումը, իրավաբանի խոսքով, այն է, երբ պետությունը և մասնավորը բաշխում են իրենց դերերը և բացառում ինֆորմացիայի ազատ հոսքի խոչընդոտումը:

«Պետությունը չի մասնակցում ստանդարտի կիրառության գործընթացում, պետությունը չի որոշում կոնտենտը արգելափակել, հեռացնել և այլն, և այլն։ Պետությունը միայն ստանդարտ է մշակում»,- ասաց Ղազարյանը։

«Ինֆոքոմի» հիմնադիր Սևակ Մամյանը նկատեց՝ երբ հանրությունը մեդիագրագետ է, սուտ, վիրավորանք և ապատեղեկություն տարածելու հնարավորությունները նվազում են։ «Քանի դեռ կա մեդիագրագիտության խնդիր, մենք՝ անկախ լրատվամիջոցներս, խնդիր ունենք ավելի մեծ լսարանի հասնելու, ավելի մեծ եկամուտներ գեներացնելու ու ըստ այդմ՝ ավելի մեծ անկախություն ապահովելու»,- նշեց Մամյանը՝ որպես մեդիա միջավայրի վրա ազդող բացասական գործոն առանձնացնելով պետական մարմինների և կառավարության անտարբերությունը լրատվամիջոցների կատարած հետաքննությունների, հրապարակումների նկատմամբ, ինչի հետևանքով լրատվամիջոցների վերահսկողական ֆունկցիան չի կատարվում։

Ըստ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ Անժելա Կժդրյանի,  կառավարությունը հանձնառու է հաղորդակցության ոլորտում իրականացնել  բարեփոխումներ: «Այժմ զբաղված ենք կառավարման մարմինների հաղորդակցության ճարտարապետության փոփոխությամբ, ինչը ենթադրում է կարողությունների զարգացում, ստանդարտների մշակում, ընթացակարգերի ստեղծում և այլն։ Պետական համակարգի հաղորդակցության վրա ազդում են կառավարչական գործոնները, սոցիալ-մշակութային առանձնահատկությունները։ Մենք, որպես հասարակություն, պետք է որոշենք՝ որն է մեզ համար կարելիների ու չիկարելիների սահմանը, արդյո՞ք մենք ուզում ենք, որ հայհոյանք հնչի եթերում»,- նշեց Կժդրյանը։

Նելլի Ռաֆայելյանն ասաց, որ ժողովրդավարական հասարակությունում մեդիա փակելը սարսափելի խնդիր է, հետևաբար, միակ խնդիրը ինքնակարգավորումն է՝ ատելության խոսքի, վիրավորանքի ու ստի տարածումից զերծ մնալու համար։

«Ի՞նչ է նշանակում ինքնակարգավորում։ Դա լրատվամիջոցների կողմից կամավոր ստանձնած պարտավորություն է, երբ իրենք որոշում են, որ իրենք պետք է այլևս աշխատեն  հետևելով էթիկայի կանոնագրին, շարժվեն բացառապես դրանով, որոնք արդեն իսկ մշակված են»,- ասաց Ռաֆայելյանը՝ ընդգծելով, որ վերջին տվյալներով արդեն 82 լրատվամիջոց միացել է ինքնակարգավորման նախաձեռնությանը։ Նա նաև տեղեկացրեց, որ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը մի նախաձեռնությամբ է հանդես եկել․ այն լրատվամիջոցները, որոնք միացել են ինքնակարգավորման նախաձեռնությանը, կարող են իրենց կայքերում տեղադրել «սպիտակ նշան» կամ լոգո, արդյունքում մեդիա սպառողը կարող է մտնել տվյալ կայք և հավաստիանալ, որ տվյալ լրատվամիջոցը հետևում է էթիկայի նորմերին ու գնահատում է այդ նորմերը։

Քննարկումը մոդերացնում էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նանե Սահակյանը:

Ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումը» կազմակերպվում է Freedom House-ի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից:

Իրազեկ քաղաքացիների միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031