Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալություն ՀՀ կառավարությանը, որ մենք կարողացանք օդանավակայանում փոխել սահմանապահներին»․ Գյուլնարա Շահինյան

Հուլիս 01,2024 17:20

«Ուզում եմ շնորհավորել մեր կառավարությանը, որ մենք սկսեցինք սահմանազատումն ու սահմանագծումը»,- Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ «Ժողովրդավարությունն ընդդեմ անվտանգության. մարտահրավեր նետելով կեղծ երկատմանը» պանելային քննարկման ժամանակ իր խոսքն այսպես սկսեց «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախագահ Գյուլնարա Շահինյանը։

Նա իր աշխատանքային փորձից պատմեց՝ տարբեր երկրներում տեսել է տեղացի սահմանապահների, իսկ երբ եկել է ՀՀ, տեսել ռուս սահմանապահների, զարմացել է․ «Շատ ավելի զարմացա, երբ ես հարցրի սահմանապահին՝ ի՞նչ կլինի, եթե զգաս, որ սահմանին կարող է կրիմինալ լինել, մարդկանց սահմանով անցկացնեն, նա ինձ հարցրեց՝ իսկ ինձ պե՞տք է ինձ վտանգի տակ դնել..․ դա շատ բան ինձ համար բացահայտեց»։

Նա վտանգավոր համարեց հատկապես Մեղրիի սահմանով անցնող բեռնատարները․ «Մեղրիի սահմանը ևս օտարերկրացիներն են պահում։ Էլի նույն խնդիրը կա, երբ Մեղրիի սահմանով անցնում են բեռնատարներ, որոնք ճանաչված են, որ վարակիչ սեռական հիվանդություններ տարածողներ են․ տարիներ առաջ արել ենք ուսումնասիրություններ։ Ուրախ էի, որ Քովիդի ժամանակ բժիշկներ էին կանգնած սահմանին․ դա կարևոր է։ Մեղրիի սահմանի հետ կապված շատ վտանգավոր ֆենոմեն է»։

Գյուլնարա Շահինյանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, որ մենք կարողացանք օդանավակայանում փոխել սահմանապահներին․ «Սահմանները պետք է ղեկավարվեն պրոֆեսիոնալ տեղացի մարդկանցով, որոնք սրտացավ են և հասկանում են երկրի խնդիրները։ Ունենք մեծ հոսք մարդկանց՝ ՀՀ առանց վիզայի ռեժիմի։ Այդ երկրների թվում այն երկրներն են, որտեղ տարվել են զոհեր ՀՀ-ից։ Եթե զոհը եղել է այնտեղ, և ինչ-որ պայմանով կարողացել ենք վերադարձնել զոհին, իրենք տենց հեշտ դուրս չեն գա կազմակերպչի ազդեցությունից։ Սա վտանգավոր է։ Շատ փախստականներ անցել են սահմանը, նրանց պետք է բացատրել, թե ինչ է թրաֆիքինգը։ Նրանք նայում են էլի ՌԴ-ին, որպես հնարավոր աշխատանքի վայր։ Բայց իրենք մոռանում են, որ ՌԴ-ն այլևս էն ՌԴ-ն չէ․ տղամարդու ուժի պահանջարկ ունի, ազատվել է միջազգային օրենսդրությունից, որը կարող էր պաշտպանել մարդկանց։ Վտանգավոր քայլ է։ Պետք է բացատրել, որ չի կարելի ՌԴ-ում գնալ, աշխատանք գտնել, այնտեղ վտանգներ են ձեզ սպասվում»։

Ըստ Գյուլնարա Շահինյանի՝ փախստականների հետ աշխատանքը միայն գումար տրամադրելով չպետք է ավարտվի․ «Մեծ վտանգ կա։ Եվ նույնիսկ մտածում եմ՝ ինչքան էլ օգնենք արցախցիներին, եթե չենք բացատրում, թե ինչ է իրենց սպասվում, խնդիրները կմնան»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031