«Իրանի հայկական եկեղեցիներ» ստվարածավալ գրքի հեղինակն է ճարտարապետ Շերլի Ավետյանը։ Գրքի պարսկերեն-անգլերեն տարբերակի շնորհանդեսը տեղի ունեցավ անցյալ շաբաթ՝ Թեհրանի «Հայ ակումբ»-ում, իսկ հայերեն տարբերակը ընթերցողի դատին էր ներկայացվել հուլիս 2021 թվականին Էջմիածնում։
Դոկտոր Ավետյանը որպես իրանահայ և պարսկերեն լեզվի գիտակ հենց ինքն է թարգմանել գիրքը, որը խմբագրել է Աքբար Սաբեր Մոբասերը։ Անգլերեն տարբերակի թարգմանիչն է Կարինե Հարությունյանը։ Գիրքը հրատարակել է Իրանի «Նայիրի» հրատարակչականը։ Մեկենասն է իրանահայ հանգուցյալ գործիչ և բարերար Լևոն Ահարոնյանի որդին։
Գրքի հեղինակը 2000 թվականից «Իրանի պատմական եկեղեցիների կենտրոն»-ի տնօրենն է և Իրանի մի շարք հայկական եկեղեցիների ու վանքերի գրանցման համար համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։ Նա «ԻԻՀ-ի մշակութային ժառանգություն» կազմակերպության ավագ փորձագետ է և այժմ մեկ տարուց ավել է, որ գործուղվել է ԻԻՀ-ի Կապանի հյուպատոսություն։ Շ․ Ավետյանն իր բարձրագույն ուսումը ստացել է Հայաստանում։
Կարդացեք նաև
Շնորհանդեսում ելույթ են ունեցել «ԻԻՀ-ի մշակութային ժառանգություն» կազմակերպության փոխտնօրեն ճարտ․ Թալեբյանը, որը բարձր է գնահատել տիկին Ավետյանի մասնագիտական գործունեությունը և տեսագրությամբ ներկայացրել է Իրանի Ատրպատական նահանգում գտնվող հայկական երկու վանքերի նորոգման աշխատանքը, որը կատարվել է դոկտ․ Շերլիի գլխավորությամբ։
Ողջույնի խոսք են ասել Կապանում ԻԻՀ-ի հյուպատոս Աբեդինի Վարամինին, Իրանի Իսլամական խորհրդարանի հայ պատգամավոր Արա Շահվերդյանը և «Նայիրի» հրատարակչականի տնօրեն Արտույտ Զոհրաբյանը։ Տեր Սահակ քահանա Խոսրովյանը ևս փոխանցել է թեմի առաջնորդի ողջույնի խոսքը։ Պրն հյուպատոսը բարձր է գնահատել գրքի հեղինակի մասնագիտական կարողությունները և պատասխանատվության զգացումը։
Շուտով Հայաստանում ևս տեղի կունենա «Իրանի հայկական եկեղեցիներ» գրքի պարսկերեն-անգլերեն տարբերակի շնորհանդեսը։
Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ