Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Պարոն վարչապետ, կառավարության նիստում կարո՞ղ ես կարդալ այն գույքի ցուցակը, որը դու հանձնել ես Ադրբեջանին Արցախում»

Հուլիս 01,2024 16:45

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձություններից առանձնացրեց մանկատան երեխաների հաշվին վարչապետի ընտանիքի ինքնագովազդը: Նրա գնահատմամբ. «Այդ ընտանիքը, որը դարձել է հազարավոր մարդկանց մահվան, տասնյակ հազարավորների հաշմանդամ դառնալու, տասնյակ հազարավոր երեխաների ծնողազուրկ լինելու պատճառ, մանկատնից վերցրել է ծնողական խնամք չունեցող երկու հիվանդ երեխա ու նրանց վրա կառուցում է իր քարոզչությունը, իբր թե իրենք բարեգործ են, բարեսիրտ ու մարդասիրություն են անում: Ընդ որում, դա անում են ցուցադրաբար»,-արձանագրեց նա:

Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց, թե բարեգործ ամուսինները, որ ակտիվ կյանքով են ապրել. ամուսինը եղել է ԱԺ պատգամավոր, ինքը եւ ամուսինը եղել են թերթի խմբագիր, մինչեւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը երբեւէ որեւէ բարեգործական ձեռնարկի մասնակցե՞լ են: «Ես կխնդրեմ փաշինյանների ընտանիքին հրապարակեն մի հատ անդորրագիր, որ մինչեւ 2018 թվականը որեւէ բարեգործական հիմնադրամի, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, մեկ դոլարի հատկացում են արել: Ես չեմ հիշում: Ու դա անում են այն ժամանակ, երբ հասարակության առաջ լուրջ մարտահրավերներ են կանգնած:

Մինչեւ հիմա Տավուշում կիլոմետր-կիլոմետր, մետր-մետր հողերը հանձնում են թշնամուն, մարդկանց դարձնում են տնազուրկ: Հայաստանի Հանրապետության անունից գերբով սեփականության վկայական ձեռքին մարդը իր հողը հանձնում է թշնամուն ու դուրս է գալիս, երբ այդ վկայականը ստանալուց հետո մեր երկրում ոչ օրենք է փոխվել, ոչ կարգ է փոխվել, ոչ գործարք է տեղի ունեցել, ոչ միջազգային պայմանագիր է կնքվել: Ոչ մի բան չի ընդունվել: Ընդամենը մի վարչապետ, որն ընդամենը իրեն ծառայություն մատուցող է, մի մարզպետ, մի փոխվարչապետ, մի ՆԳ նախարար, մի տարածքային կառավարման նախարար եկել, նստել են գյուղի մշակույթի տան դահլիճում ու ասում են՝ ձեր սեփականությունը պետք է տաք:

Դե, եթե այդպես է, կլինի՞ մենք էլ հավաքվենք Երեւանի մշակութային դահլիճներից մեկում ու ասենք՝ Վահե Ղազարյան, Մհեր Գրիգորյան, Գնել Սանոսյան, դուք էլ ձեր սեփականությունը պետք է տաք: Կտա՞ք ձեր ձեռք բերած սեփականությունը պետությանը: Գույքի սեփականության հայտարարագրով միլիոններ եք հայտարարագրում: Ստացվում է, որ դուք միլիոններ եք աշխատում:

Տեսեք, կառավարության նախորդ նիստում, երբ ընդամենը երեք զեկուցվող հարց էր, վարչապետը նստել ու ցուցակ է կարդում: 96 մանկապարտեզի գույքի ցուցակ, որ գյուղերի մանկապարտեզներին տվել են նստարան, վերանորոգել են, կաթսայատուն են սարքել, լվացքի մեքենա են գնել: Մանկապարտեզները համայնքային պատկանելիություն ունեն եւ համայնքային խնդիր են: Մանկապարտեզի խնդիրները համայնքի ղեկավարից բացի՝ մաքսիմում կարող է հետաքրքրել նաեւ ավագանու անդամներին: Իսկ Փաշինյանը կառավարության նիստում ցուցակ է կարդում, թե Համաշխարհային բանկից արտաքին պարտքի վրա լրացուցիչ վարկային բեռ վերցնելով ինչ գույք են առել հանրակրթական հաստատությունների համար:

Ասում են, թե մենք փողի խնդիր չունենք, կառավարությունը բյուջեն հավաքագրում է: Բայց Ֆրանսիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը վարկ է տրամադրում բյուջետային դեֆիցիտը ֆինանսավորելու համար: Բա որ փողի խնդիր չունեիք, բյուջետային դեֆիցիտի համար վարկ ինչի՞ եք վերցնում:

Պարոն վարչապետ, կառավարության նիստում կարո՞ղ ես կարդալ այն գույքի ցուցակը, որը դու հանձնել ես Ադրբեջանին Արցախում: Այդ ցուցակը՝ լվացքի մեքենաներով, նստարաններով, սեղաններով, դարակներով, բաքսիներով… Կարող ե՞ս մի օր կառավարության նիստում կարդալ, որը դու ես արել»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031