Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում հստակ ընկալում կա, որ իշխանության միակ գործիքն այլևս ընտրություններն են․ այլ գործիք ՀՀ-ում գոյություն չունի»․ Արմեն Գրիգորյան

Հուլիս 01,2024 16:35

«2021-ի ազատ, արդար ընտրությունները, որը ճանաչվել է հանրության և միջազգային հանրության կողմից, ներքին քաղաքական ճգնաժամերը հաղթահարելու համար կարևոր գործիք է։ Այս առումով ՀՀ-ում հստակ ընկալում կա, որ իշխանության միակ գործիքն այլևս ընտրություններն են․ այլ գործիք ՀՀ-ում գոյություն չունի, սա մեր հիմնական հաջողություններից մեկն է»,- Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ «Ժողովրդավարությունն ընդդեմ անվտանգության. մարտահրավեր նետելով կեղծ երկատմանը» պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա վստահեցրեց՝ միանշանակ է, որ ժողովրդավարական կառավարման համակարգն ավելի կայուն է, իհարկե՝ ոչ կայուն դասական իմաստով, որ ոչ մի բան չի փոխվում, այլ նախ ակնկալիքների առումով է կայուն․ «Օրինակ՝ փոփոխություններն ընտրությունների միջոցով են տեղի ունենում, և հաճախ հանրային ընկալումները և դրանց փոփոխությունները արտահայտվում են ընտրությունների միջոցով»։

ՀՀ ԱԽ քարտուղարն ասաց՝ 2018-ից սկսած՝ իրենց աշխատանքների ուղղություններից մեկը եղել է այն, որ փորձեն ընդլայնել նախ անվտանգության հայեցակարգի ընկալումը․ «Հաճախ անվտանգությունը երբեմն փորձ է կատարվում նեղ հասկացության մեջ դնել՝ դա ընկալել հիմնականում ԶՈՒ մասով կամ անվտանգային ինստիտուտների մասով, բայց իրականում դա մեծ հասկացություն է, բայց կոնկրետ ԶՈՒ աշխատանքը մեծ հաշվով կախված է համակարգում այլ ինստիտուտների աշխատանքից»։

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ ՀՀ-ն կարողացել է դիմակայել ճնշումներին և մարտահրավերներին ժողովրդավարության շնորհիվ․ «ՀՀ-ի դիմակայունությունն առնվազն վերջին չորս տարիներին՝ պատերազմից հետո, և այն ճնշումները, որոնք ՀՀ-ի վրա կային, նաև ինքնիշխանության տեսանկյունից ՀՀ-ն կարողացել է դիմակայել ժողովրդավարության միջոցով։ Եթե ՀՀ-ն ժողովրդավարական համակարգ չունենար, դժվար թե կարողանար դիմակայել»։

Անվտանգության կոնցեպտի ընդլայնման մասին էլ ՀՀ ԱԽ քարտուղարն ասաց․ «ԱԽ գրասենյակն այս պահին մոնիտորինգի է ենթարկում 24 միջազգային զեկույցներ, որը մենք համարում ենք կարևոր մեր ժողովրդավարական գործընթացները գնահատելու տեսանկյունից։ Մի կարևոր արձանագրում է կատարվել․ մենք անցել ենք ընտրական ժողովրդավարության, և ես համարում եմ՝ որոշակի տեսանկյունից նաև մենք լիգա ենք փոխել, եթե սպորտային լեզվով ասենք»։

Արմեն Գրիգորյանն ասաց՝ համոզմունք ունենք՝ որքան ուժեղ լինեն ժողովրդավարական ինստիտուտները ՀՀ-ում, ավելի շատ անվտանգություն կունենանք․ «Կառավարության ընկալումներում երբեք հակադրություն չի եղել անվտանգության և ժողովրդավարության։ Հաճախ Ժողովրդավարության քննարկման մեջ իդեալական ժողովրդավարությունը՝ այն, ինչ մենք նպատակ ենք սահմանել, փորձում են հակադարձել իրականության հետ և ասել, որ ժողովրդավարություն չկա կամ ժողովրդավարությունն արդյունավետ չէ։ Մենք շատ երկար ժողովրդավարության պատմություն չունենք, բայց ԱՄՆ Սահմանադրությունը երբ գրել են, Անկախության հռչակագրում եղել է ամրագրում, որ Արարիչը բոլոր մարդկանց հավասար է ստեղծել, և այդ ժամանակ դեռ ստրկական համակարգ է եղել, բայց շատ տարիներ հետո ԱՄՆ-ն նույնիսկ սևամորթ նախագահ է ունեցել։ Մենք ժողովրդավարության պատմություն չունենք, բայց մենք ունեցել ենք «Որոգայթ փառաց», որը երկար պատմություն է, նաև 2018-ի ժողովրդավարական հեղափոխությունը, դրանք նաև փոխկապակցված են «Որոգայթ փառաց»-ի հետ։

 

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031