Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀ-ում բոլոր կառավարող ուժերի դեպքում նպատակահարմար է ունենալ ոչ այդքան մեդիագրագետ հանրություն»․ Սևակ Մամյան

Հուլիս 01,2024 15:40

«Ճիշտ է՝ տեսնում ենք, որ չափորոշիչների մակարդակում խոսվում է մեդիագրագիտության մասին, բայց ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀ-ում բոլոր կառավարող ուժերի դեպքում նպատակահարմար է ունենալ ոչ այդքան մեդիագրագետ հանրություն»,- Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ «Հայաստանում մեդիա միջավայրի վրա ազդող գործոնները» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց «Ինֆոքոմ» լրատվականի համահիմնադիր Սևակ Մամյանը։

Նրա հավաստմամբ՝ այլ պարագայում հնարավոր չէ, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից բացված կամ փոխկապակցված սունկ կայքերի, քարոզչական հարթակների գործունեությունը, նույն ձև հնարավոր չէ կառավարող ուժի հետ փոխկապակցված այլ լրատվամիջոցների գործունեությունը խայտառակ էթիկական չափանիշներին չհամապատասխանելու դեպքում, որոնցից մեկը նույնիսկ մայրաքաղաքային հեռարձակում ունի․ «Այսինքն՝ բացի չափորոշիչների մակարդակից մենք պետք է տեսնենք՝ գործնականում ինչ ունենք, ինչ փոփոխությունների ենք գնում ու արդյոք կառավարության հայտնած քաղաքականությունը համապատասխանո՞ւմ է կառավարության գործունեությանը։ Երբ խոսում ենք ատելության խոսքի բացառման մասին, կեղծ մանիպուլյացիոն բովանդակության նվազեցման մասին, պետք է հասկանալ՝ ինչպիսի գործունեություն է տարածում այդ օրակարգը առաջ բերող քաղաքական ուժը»։

Սևակ Մամյանը փաստեց՝ անկախ ԶԼՄ-ները խնդիր ունեն ավելի մեծ լսարանի հասնելու և ավելի մեծ անկախություն ապահովելու համար։

Նաև անդրադարձավ օբյեկտիվ մի գործոնի՝ շուկայի փոքրությանը․ «Հայալեզու բովանդակության առավելագույն քանակը սպառելու մարդկանց թիվը ևս գործոն է։ ԶԼՄ-ների դեպքում սա կարևոր է անկախության հասնելու համար։ Ինքնաֆինանսավորումը լրատվամիջոցների անկախության ապահովման ամենաառաջնային գործոնն է։ Այսինքն՝ օբյեկտիվ այսպիսի խնդիր ունենք՝ հաշվի առնելով մյուս գործոնները։

Կուզեի նշել նաև կառավարության կամ պետական մարմիների, իրավապահ մարմինների վերաբերմունքը ԶԼՄ-ների աշխատանքի հրապարակումներին։ Եթե մենք ժողովրդավարության համատեքստում ենք քննարկում մեդիամիջավայրը, ապա պիտի հասկանանք՝ ինչպե՞ս է իրագործվում լրատվամիջոցների վերահսկողական ֆունկցիան, ու տեսնում ենք, որ ոչ միշտ են ԶԼՄ-ների հրապարակումները, հետաքննությունները պատշաճ արձագանքի արժանանում իրավապահ պետական մարմինների կողմից։

Դեռ հինգ ամիս առաջ հրապարակում է եղել կառավարող ուժի նախընտրական քարոզչության ֆինանսավորման վերաբերյալ, երբ անհայտ ծագման գումարներ ուղղորդվել էին նախընտրական քարոզչության իրականացումը, մինչ այս պահը որևէ իրավապահի կողմից որևէ իրական գործընթաց այս հարցով տեղի չի ունեցել։

Կառավարող ուժը սահմանափակվել է իր ղեկավարի կողմից մեկ ներողությամբ կատարվածի համար։ Եթե մենք ունենայինք իրական հակակշիռների, զսպումների համակարգ, նման իրավիճակ չէինք ունենա, եթե ունենայինք մեդիագրագետ հանրություն, էլի կառավարող ուժը այստեղ լուրջ խնդիրների կբախվեր»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031