Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտակարգ իրավիճակներն անհամաչափորեն են ազդում հաշմանդամություն ունեցող անձանց վրա և տեղահանումը նույնպես դրա օրինակներից էր». Մուշեղ Հովսեփյան

Հուլիս 01,2024 16:03

Այսօր՝ հուլիսի 1-ին, երրորդ անգամ անցկացվում է «Ժողովրդավարության հայկական ֆորումը»՝ կազմակերպված Freedom House իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից:

Ֆորումին բացման խոսքով են հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում ԱՄՆ լիազոր և արտակարգ դեսպան Քրիստինա Քվինը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Freedom House կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը:

Ֆորումի ընթացքում այսօր տեղի են ունենալու մի շարք պանելային քննարկումներ, որոնցից առաջինը նվիրված է մարդու իրավունքների երկխոսությանը՝ Նիկոլ Փաշինյանի, Մարկ Բեհրենդտի, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ համատնօրեն Լարա Ահարոնյանի և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի նախագահ Մուշեղ Հովսեփյանի մասնակցությամբ:

Մուշեղ Հովսեփյանն իր խոսքում հրավիրեց ներկաների ուշադրությունը ներառականության և մասնակցայնության խնդիրների վրա: «Հասկանալու համար, թե ինչպես են մարդիկ մասնակցում քաղաքական որոշումների կայացման գործընթացին, կարող ենք նայել՝ ինչպես են հաշմանդամություն ունեցող մարդիկ մասնակցում և ինչ դժվարությունների են հանդիպում այդ գործընթացում: Ցավոք, անմատչելիությունն ամենամեծ խնդիրներից մեկն է: Մենք տեսնում ենք, որ այս հարցում առաջընթաց չունենք, թեև այդ հարցերը պարբերաբար քննարկվել են: Այս խնդիրների համատեքստում կուզենայի նշել նաև հաշմանդամություն ունեցող և տեղահանված անձանց դժվարությունները․ բոլոր արտակարգ իրավիճակներն անհամաչափորեն են ազդում հաշմանդամություն ունեցող անձանց վրա և տեղահանումը նույնպես դրա օրինակներից էր»,- ասաց նա:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ համատնօրեն Լարա Ահարոնյանը խոսեց պատերազմից հետո ընտանեկան բռնության դեպքերի աճի մասին: «Կան հաշմանադամություն ունեցող կանայք, որոնք անկախ նրանից, թե որտեղ էին՝ պատերազմում, Արցախում, սահմանամերձ գյուղերում, իրենք իրենց վրա վերցրեցին շատ կարևոր պատասխանատվություն: Բացի մյուս դժվարություններից, պատերազմից հետո նրանք նաև պարտավորված են խնամել տղամարդկանց, որոնք հետ են գալիս պատերազմից, վիրավոր են: Պատերազմից հետո ընտանեկան բռնության դեպքերը շատացել են, որովհետև պատերազմը ազդում է նաև ընտանիքի վրա: Կան կանայք, որոնց համար ամենաապահով տեղը սահմանը չէ, այլ իրենց տան չորս պատերը, իրենց ընտանիքը, իրենց կյանքը իրենց հարազատների մեջ»,- ասաց Ահարոնյանը:

Freedom House կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը կարևորեց մարդու իրավունքների համապարփակ ընկալումը: Նրա խոսքով, վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում այս ոլորտում մեծ առաջընթաց է եղել, մեծ ձեռքբերումներ են եղել: «Նախկինում գուցե մարդիկ իրավունքները հավասարեցնում էին արդարության հետ, ու օրենքները, մարդու իրավունքները դեկլարատիվ բնույթ ունեին: Ես կարծում եմ, որ հիմա Հայաստանում ավելի մեծ պահանջարկ կա մարդու իրավունքների: Կա ավելի մեծ ըմբռնում դրա մասին: Սա արդեն չի դիտարկվում որպես դրսից ներմուծված մի բան: Ճգնաժամերի ժամանակ, սակայն, ճեղքերը, բացթողումները ավելի տեսանելի են դառնում»,- ասաց նա:

Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնացրեց ինստիտուցիոնալ ժողովրդավարության կարևորությունը: «Այն բոլոր փոփոխությունները, որ հնարավոր էր ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում իրականացնել միայն քաղաքական կամքի շնորհիվ, այդ ամենը արվել է: Այսօր էլ մենք ունենք քաղաքական կամք՝ շարունակելու այդ բարեփոխումները: 2018-2019 թվականների փոփոխության տեմպը սկսեց դանդաղել, ու հիմա մենք անբավարարվածության զգացում ունենք: Ժողովրդավարությունը, ի վերջո, մեծացնում է պետության ու հանրության դիմադրողականությունը: Մենք ասում ենք, որ Հայաստանը դժվար ժամանակների միջով է անցնում, սակայն չենք ասում, թե ինչպես է անցնում այդ դժվար ժամանակների միջով: Կարող եմ ասել, որ միայն ու միայն ժողովրդավարության շնորհիվ ենք անցնում: Եթե մենք չլինեինք ժողովրդավարական երկիր, այսօր մենք Հայաստանի Հանրապետություն՝ որպես անկախ պետություն, չէինք ունենա: Մեզ այլևս պետք են ինստիտուցիոնալ լուծումներ: Մենք հիմա ունենք փոխված մի շարք օրենքներ, սակայն իրականությունը փոխված չէ: Փոփոխության բերելու համար պետք է փոխել մտածողությունը: Բայց միաժամանակ չպետք է մոռանալ, որ ժամանակից առաջ չենք կարող ընկնել: Ամենամեծ ռեֆորմատորը, իմ կարծիքով, ժամանակն է: Բարեփոխումները երբեք չեն ավարտվում: Հետևաբար մենք բարեփոխումները պետք է շարունակենք»,- նկատեց Փաշինյանը:

Քննարկումը մոդերացնում էր Հայաստանում Freedom House-ի ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը:

Իրազեկ քաղաքացիների միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031