Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ից տեղեկություններ են ստացվել՝ պահեստազորում հաշվառված մի շարք անձինք խուսափել են վարժանքների մասնակցելուց

Հուլիս 01,2024 15:25

Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Կառավարության 2023 թվականի որոշմամբ հայտարարված 25-օրյա վարժական հավաքների կազմակերպման ժամանակ Մարտունի համայնքի 2 բնակավայրերի վարչական ղեկավարների կողմից թույլ են տրվել ապօրինություններ, ինչի հետևանքով պահեստազորում հաշվառված մի շարք անձինք խուսափել են վարժանքների մասնակցելուց:

Մասնավորապես՝ իրականացված ստուգողական գործողություների արդյունքում պարզվել է, որ Ծովասար բնակավայրի ղեկավար Արտաշես Մխիթարյանը տեղեկանք է տրամադրել, որ Կ. Ա-ն բացակայում է ՀՀ-ից և գտնվում է ՌԴ-ում, սակայն տվյալ պահին վերջինս գտնվել է ՀՀ-ում: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարչական շրջանի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց՝ տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը, ապա խնդրեց իրեն մի քիչ ուշ զանգենք, որ հասկանա՝ ինչ է տեղի ունեցել:

Ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ նմանատիպ գործողություններ է կատարել նաեւ Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական ղեկավարը՝ Սիրական Սիրականյանը:

Նա տեղեկանք է տրամադրել, որ Դ. Դ-ն եւ Է. Ս-ն, Մ. Մ-ն, Ռ. Ե-ն, Ա. Գ-ն, Ռ. Ս-ն՝ Լիճք գյուղի բնակիչներ, բացակայում են ՀՀ-ից և գտնվում ՌԴ-ում, սակայն տվյալ պահին վերջիններս գտնվել են ՀՀ-ում: Այս դեպքով եւս նախաձեռնվել է քրեական վարույթ:

Սիրական Սիրականյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նշված քաղաքացիները, ում մասին տեղեկանք է տրամադրել, ամենեւին իր ծանոթ-բարեկամները չեն, համագյուղացիներն են. «Զանգերը զինկոմիսարիատի աշխատակիցներն են կատարել, կապվել են նրանց մերձավորների, հարազատների հետ, նրանց հայտնած տեղեկությունների հիման վրա պահանջել են տեղեկանք: Մենք էլ տեղեկանք ենք տրամադրել: Ուրիշ ոչ մի բանից տեղյակ չեմ: Ես հնարավորություն չունեմ պարզելու՝ իրենք ՀՀ-ում են, թե՞ ոչ: Մի անգամ ոստիկանությունից եկել են, հարց ու պատասխան են արել, գնացել, պատշաճ ձեւով չեն ներկայացրել՝ ինչումն է խնդիրը: Նշված քաղաքացիների հարազատները զինկոմիսարիատի աշխատակիցների հետ հեռախոսազրույցում ստել են, թե ինչ են արել, չեմ կարող ասել, բայց տեղեկանքը տրվել է նրանց հարազատների ասածների հիման վրա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031